Բաժիններ՝

Հակամրցակցային գերշահույթնե՞ր, թե՞ անհաշտ մրցակցություն

Էլեկտրոնային՝ պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալը Հայաստանում մեծ չէ, սակայն արագ աճում է։ Օրինակ, նախորդ տարվա ընթացքում անկանխիկ առևտրի ծավալները կազմել են 740 միլիարդ դրամ։ Սակայն, որքան տարածում է ստանում բանկային քարտերով առևտուր անելու մշակույթը, այնքան սրվում է այն հարցը, թե որքանո՞վ են արդարացի էլեկտրոնային գնման միջնորդավճարները, որոնք սահմանում են բանկերը։

Խնդիրն այն է, որ միջազգային և ՀՀ օրենսդրությամբ առևտրի կետերն իրավունք չունեն հավելյալ գումար գանձել անկանխիկ առևտրի համար՝ խտրականություն դնել կանխիկ և անկանխիկ գործարքներ կատարող հաճախորդների մեջև։ Սակայն խանութը միջնորդավճարը տալիս է ոչ թե իր գրպանից, այլ թանկացնում է ապրանքները բոլորի համար։

Քննարկման առարկա է դառնում նաև միջնորդավճարի չափը։ Օրինակ, վերջերս ԱՄՆ-ում ավարտվեց Visa, MasterCard համակարգերի և ամերիկյան բանկերի՝ մի կողմից, և մի շարք մանրածախ ցանցերի, խանութների, ասոցիացիաների, բանկոմատների օպերատորների՝ մյուս կողմից, դատական սկանդալային գործը: Գործը վերաբերում էր պլաստիկ օպերատորների և բանկերի պլաստիկ քարտերով գործարքների սակագներ ֆիքսելու հակամենաշնորհային համաձայնությանը, որով, ըստ էության, մանրածախ կետերը զրկվում էին սակարկելու հնարավորությունից և միջինը 2% ամեն անկանխիկ գործարքի գումարից վճարում էին էլեկտրոնային վճարման մասնակիցներին: Գործն ավարտվեց ֆինանսիստների պարտությամբ, և նրանք համաձայնեցին մոտ 7.25մլրդ ԱՄՆ դոլար վճարել «վաճառականներին»՝ որպես փոխհատուցում հակամենաշնորհային համաձայնությամբ ստացված գերշահույթների։

Այս մասին իր բլոգում գրել էր «Սթար» սուպերմարկետների ցանցի նախկին տնօրեն Վահան Քերոբյանը՝ զուգահեռներ անցկացնելով հայկական իրականության հետ։ «Երբ 2000թ. ստեղծվեց ARCA համակարգը, որն, ըստ էության, Visa-ի և MasterCard-ի հայաստանյան միկրոտարբերակն է, և որի տերերը, օ՜ զարմանք, հայկական բանկերն են և ՀՀ Կենտրոնական բանկը, այստեղ ևս ֆիքսեցին նվազագույն սակագներն ԱՐՔԱ համակարգի խորհրդի որոշմամբ, և դրանից մի 7-8 տարի հետո ընդամենը փոքր-ինչ իջեցրին դրանք, որոնք Հայաստանում այժմ էլ միջինում 2%-ից էլ ավելի են»,- գրել էր Քերոբյանը «Պլաստիկ կողոպուտ» կոչվող իր հոդվածում՝ ավելացնելով, որ Հայաստանում էլ ճշգրիտ նույն իրավիճակն է, ինչ ԱՄՆ-ում`հակամենաշնորհային համաձայնություն, որում վերջնական վճարողները սպառողներն են, և, որ ամենակարևոր մասն է այս հարցի, տուժողները նվազ ապահովված բնակիչներն են, նրանք, ովքեր վճարային քարտեր չունեն։ «Սթարի» նախկին տնօրենը նշել էր, որԱՐՔԱ-ի ժամանակ ինքը մի բանկի կողմից մասնակցել է քննարկումներին, և նման համաձայնության անհրաժեշտությունը բացատրվում էր նրանով, որ «բանկերը պետք է փող աշխատեն այս գործից, որպեսզի շահագրգռված լինեն համակարգի զարգացման մեջ»: Ըստ Քերոբյանի, անցել է տասներկու տարի, և խոսել այն մասին, որ Հայաստանում էլեկտրոնային վճարման համակարգը զարգացած է, առնվազն միամտություն է: Ավելին, նա հաշվարկել է, որ հայկական բանկերը միայն անկանխիկ առևտրի միջնորդավճարներից տարեկան վաստակում են շուրջ 20 մլրդ դրամ։

168.am-ն այս խնդրի կապակցությամբ մեկնաբանություն էր խնդրել ՀՀ Կենտրոնական բանկից՝ հարցնելով, թե ARCA քարտերի դեպքում նո՞ւյնպես գործ չունենք հակամրցակցային համաձայնության հետ, հաշվի առնելով, որ ARCA-ի սեփականատերերը հանդիսանում են առևտրային բանկերը, որոնք միասին են որոշում սակագները։  ՀՀ ԿԲ-ն պատասխանել է, որ «հակամրցակցային համաձայնություն» հասկացությունը կիրառել ՀՀ-ի դեպքում՝ տեղին չէ:

Ինչպես ասվում է նամակում. «Պլաստիկ քարտերով կատարված գործարքների դիմաց գանձվող միջնորդավճարները սահմանվել են դրանց շրջանառության առաջին իսկ օրվանից… Էքվայրինգի (քարտերով վաճառակետերում վճարումների ընդունման) բիզնեսը բանկային (ֆինանսական) գործունեության այն ճյուղերից է, որտեղ խիստ արտահայտված է մասշտաբի էֆեկտը: Որքան լայն է սպասարկման ցանցը` այնքան նվազում է բանկի կողմից մեկ գործարքին բաժին հասնող պարբերական և միանվագ ծախսերի տեսակարար կշիռը, ինչպես նաև՝ առանձին գործարքի հետ կապված միջնորդավճարները: Սպասարկող բանկի ծախսերի նվազման արդյունքում հնարավոր է դառնում նվազեցնել նաև վաճառակետերին առաջադրվող միջնորդավճարները: Շուկայում տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ` միջնորդավճարները պարբերաբար վերանայվում են համակարգի անդամ բանկերի կողմից: Արձանագրելով վերջին`3-4 տարիների անկանխիկի շրջանառության տենդենցը` բանկերը պարբերաբար վերահաշվարկում և նվազեցնում են միջնորդավճարները: Բանկերը մշտապես հետևում են անկանխիկ վճարումների շուկայի դինամիկային և դիտարկում վերանայման հնարավոր տարբերակները։ Ուստի, անհաշտ մրցակցության այս պայմաններում, չենք կարծում, որ «հակամրցակցային համաձայնություն» արտահայտությունը տեղին է»:
Ավելին, ըստ ԿԲ-ի, հայաստանյան բանկերն ինչ-որ տեղ նաև ընդառաջ են գնացել՝ ինքնուրույն հոգալով ՊՈՍ տերմինալների տեղադրման ու սպասարկման ծախսերը։  «Ավելորդ չէ նշել նաև, որ հայաստանյան շուկայում ձևավորված գործարար սովորույթի համաձայն, բոլոր ծախսերը, կապված ՊՈՍ տերմինալների ձեռքբերման, տեղադրման և սպասարկման հետ, կրում են բանկերը, ընդ որում, որևէ պահանջ նվազագույն շրջանառության մասով վաճառակետերի դիմաց չի դրվում: Այնինչ այս բիզնեսում ընդունված համընդհանուր մեխանիզմը հետևյալն է. տեղադրված ՊՈՍ տերմինալի դիմաց վաճառակետն ամսական վարձավճար է մուծում բանկին, եթե չի ապահովում վաճառքների փոխհամաձայնեցված ծավալը: Ծավալների ապահովման դեպքում անցում է կատարվում միջնորդավճարի սխեմային»,- մեկնաբանել է ԿԲ-ն՝ հավելելով, որ ՀՀ-ում բանկերի միջև մշտական «պայքար» է ընթանում խոշոր շրջանառություն ապահովող կետերի համար, որի ընթացքում, ի թիվս այլ առաջարկվող ծառայությունների, նվազում է նաև վերջիններիս առաջարկվող միջնորդավճարների չափը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս