Ափսոս են երեխաները

16-ամյա Հռիփսիմեն շաբաթներով դպրոց չի գնացել միայն նրա համար, որ դասագրքերի գումարը մայրը չի վճարել, և դպրոցից հրաժարվել են գրքեր տրամադրել: Աղջիկը փակվել է ննջարանում ու չի ցանկանում երևալ:

Մի տեսակ խռոված է մարդկությունից: Ուսումն իր համար գերխնդիր է, բայց մի քանի շաբաթ իրեն արհամարհված ու նվաստացած է զգացել: Խռովել է ծնողներից, ուսուցիչներից, Հայաստանի Հանրապետությունից ու, մասնավորապես, Կրթության նախարար Արմեն Աշոտյանից, որովհետև հեռուստատեսությամբ լսում է կրթության կարևորության մասին նրա հայտարարությունները, բայց ինքը՝ կրթություն ստանալու համար ամեն տարի գրքերի գումարը չվճարելու պատճառով, չի կարողանում դրանք ունենալ ու դպրոց հաճախել:

Հռիփսիմեն որոշել է ուսուցչուհի դառնալ, ու վստահ է, որ իր դասարանի սաներից որևէ մեկը գրքի գումարը չունենալու-չտալու պատճառով` իր պես չի տանջվի ու տառապանքների մեջ ընկնի: Մայրը՝ Արփենիկն, ասում է, որ երեք դպրոցական երեխաների միայն գրքերի գումարն արդեն մեծ հոգս է` 50.000 դրամ աշխատավարձով աշխատող իր ամուսնու ու իր համար: «Հռիփսիմեի գրքերի 8000 դրամը մի կերպ ճարեցինք-տվեցինք, որովհետև սեպտեմբերից չէինք վճարել, ու գիրք չէին տվել երեխուն: Շատ էր նեղվում, ինքն էլ սովորող երեխա ա:

Գնում էր դպրոց ու անտրամադիր գալիս էր: Մյուս երկու երեխաներիս՝ Նարեկի ու Քրիստինեի գրքերի գումարը միասին կազմում է 13.000 դրամ: Մինչև հիմա չենք վճարել, չգիտեմ` ի՞նչ ա լինելու»,- ասում է երեք երեխաների մայր Արփենիկ Վարդանյանը՝ նշելով, որ այսպես շարունակվելու դեպքում շուտով օդ շնչելն էլ վճարովի կդարձնեն: Հարցնում եմ՝ «Անապահով ընտանիքների երեխաների համար զեղչեր չկա՞ն»: «Չէ, դե եթե էդպես վերցնենք, դպրոցում լիքը անապահով ընտանիքներ կան, պիտի շատերին ընդառաջեն: Մի անգամ նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես հայտարարեց, որ ամեն գիրքը պետականորեն արժե 450 դրամ: Դա, իհարկե, նորը, բայցգ Ախր, պրն Աշոտյան, մենք երեք երեխա ենք մեծացնում ամուսնուս 50.000 դրամ աշխատավարձով: Դուք ո՞նց եք կարծում, մեր երեխաները պիտի հաց չուտեն, որ դպրո՞ց գնան, կամ պիտի դպրոց գնան, բայց հաց չուտե՞ն»,- ասում է Արփենիկը:

Հարցնում եմ՝ «Չե՞ք ուզում աշխատել»: «Ուզում եմ, բայց գործ չկա: Բոլոր տեղերից անգլերենի իմացություն, կրթություն են պահանջում, իսկ ես ութամյա կրթություն ունեմ»,- պատասխանում է 34-ամյա կինը` երեք երեխաների մայր Արփենիկը: «Իսկ ո՞ւմ եք դիմել, որ անգլերենի իմացություն են պահանջել»: «Դե, բոլոր տեղերից էդպես են ասում, մինչև անգամ հավաքարարի գործի համար»,- ասում է:

Հարցնում եմ՝ «Իսկ կոնկրետ որտե՞ղ եք դիմել, որ որպես հավաքարար ընդունելու համար անգլերենի իմացություն են պահանջել»: «Դե, բոլոր տեղերն էլ էդպես ա: Դե, հեռուստացույցով էլ են ասում, որ հյուրանոցներում, բան, հավաքարարը պիտի անգլերեն իմանա»,- պատասխանում է:

Ներքին Շենգավիթ 13 փողոցի 1-ին նրբանցքի 9 տանը մեծանում են երեք անչափահաս երեխաներ, ովքեր մի քանի տարի առաջ միևնույն փողոցի ամայի մի հողատարածքի հավաբնում էին ապրում: Արփենիկի մայրը՝ տիկին Գոհարը, վստահեցնում է, որ հարազատների օգնությամբ հավաբնից նրանք տեղափոխվել են ուրիշ տուն: «Շատ ծանր պայմաններում էին ապրում: Դե, պատկերացրեք, որ մարդ հավաբնում ամառ, ձմեռ անցկացնի: Ես, մյուս երեխեքս օգնեցինք, որ էս չորս պատը սարքեն ու ապրեն: Երեխեքը չէին դիմանա էնտեղ: Հիմա, փառք Աստծո, էլի ապրում են: Հատակը, պատերը բետոն են, բայց դե, չորս պատ կա գոնե»,- ասում է տիկին Գոհարն, ով անդադար զանգահարում էր խմբագրություն ու խնդրում աղջկա ընտանիքին ձեռք մեկնել:

Ասում եմ՝ «Տիկին Գոհար, մեր խմբագրություն դիմող հազարավոր ընտանիքներից ամենաբարվոքն Արփենիկի ընտանիքի վիճակն է, իսկ գրքերի համար մի նամակ գրեք նախարար Արմեն Աշոտյանին»: Մի քիչ շփոթված ու անակնկալի եկած` պատասխանում է՝ «Դե, տեսնում եք, էլի, հատակը` բետոն, պատերը` բետոն, ձմռանը` ցուրտ: Ձեզ դիմել եմ, որ մի բանով օգնեք՝ հագուստով, սնունդով»,- ասում է: «Իսկ Ձեզ ասել են, որ մենք բարեգործական կազմակերպությո՞ւն ենք: Մենք հագուստ ու սնունդ չենք «առաքում», ոչ էլ ինչ-որ մեկին նյութական աջակցություն ենք ցուցաբերում»,- ասում եմ: «Դե հա, ես գիտեմ, բայց ուրիշներին ո՞նց եք օգնումգ դե տեսնում եք, էլի, իրանց վիճակը»,- կրկին հիշատակում է աղջկա ընտանեկան վիճակը: «Տեսնում եմ, իմ տեսած մարդկանցից ամենաբարվոք վիճակն իրենցն է»,- պատասխանում եմ:

Տիկին Գոհարը հավանաբար նեղսրտում է իմ վերաբերմունքից, քանի որ «ուրիշները» «168 Ժամի» մասին այլ կերպ են արտահայտվել, ու պարզվում է՝ այնքան բարի չենք, որ տիկին Գոհարի աղջկա ընտանիքի կենցաղային պայմաններին «ռեալ» նայենք:

Այո, «168 Ժամն» անդրադառնում է սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին, նրանց կենսական ծանր պայմաններին, սակայն այդ ամենը չի արվում, ինչպես ասում են` փակ աչքերով: Տեղում ծանոթանում ենք պայմաններին, զրուցում ենք, փորձում ենք հասկանալ խնդիրները, մտահոգող հարցերը, հրապարակում ենք պատրաստում` հարցերի համար պարզաբանումներ ստանալով համապատասխան գերատեսչություններից: Բայց երբևէ իրական պատկերը ներկայացնելիս` գույները չենք թանձրացնում:

Տվյալ դեպքում, այո, խնդիրը չափազանց կարևոր է: Դասագրքերի համար նախատեսված գումարը վճարել չկարողանալու պատճառով անապահով ընտանիքների երեխաները տանջվում են` ամաչում են դպրոց հաճախել, քանի որ շատ հաճախ ուսուցիչներն այդ երեխաներին կշտամբում են դասագրքեր չունենալու համար:

Արփենիկ Վարդանյանի երեխաները դաստիարակված ու խելացի են: Ափսոս են երեխաները: ՀՀ կրթության նախարարը պետք է քայլեր ձեռնարկի նման ընտանիքների երեխաներին աջակցելու համար: Իսկ նման ընտանիքները շատ են մեզանում: Ընտանիքներ կան, որոնք ոչ միայն դասագիրք չեն կարողանում ձեռք բերել, այլև նույնիսկ կոշիկ չունեն դպրոց հաճախելու համար: Եվ այս խնդրով պետք է զբաղվի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Արփենիկի երեխաները նաև մի բանի համար են ափսոս: Հիմա փոքր են, բայց նման խոսակցությունների արդյունքում վաղը նրանք չեն ընկալելու` ի՞նչ բան է արժանապատվությունը, հպարտությունը: 16-ամյա Հռիփսիմեն, ննջարանում լաց լինելով` հրաժարվում է հյուրասենյակ գալ` լուսանկարվելու: «Հանգիստ թողեք աղջկան»,- ասում եմ տիկին Գոհարին ու Արփենիկին, ովքեր պատրաստ են աղջկան բռնի ուժով քարշ տալ լրագրողի մոտ, որպեսզի տիկին Գոհարի ակնկալիքներն իրականություն դառնան:

Հ.Գ. Վերջում, ի գիտություն մեր քաղաքացիների` տեղեկացնենք, որ «168 Ժամ» թերթը մշտապես եղել է ու կլինի այն մարդկանց կողքին, ովքեր ոչ իրենց մեղքով են հայտնվել կյանքի հատակում, բայց արժանապատիվ են նույնիսկ իրենց պահանջների, ցանկությունների և ակնկալիքների մեջ: Պետք չէ հեռախոսային սրտաճմլիկ նկարագրություններով լրագրողին հասցնել Ներքին Շենգավիթի «չոլերն» ու փորձել խորամանկել:

Տեսանյութեր

Լրահոս