Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ չէ, ինչպես հաճախ ներկայացվում է
«Ծավալված պայքարը հիրավի անզիջում էր և վերջիվերջո Իվանիշվիլիին հաջողվեց փառավոր հաղթանակ տանել: Մենք այդ հաղթանակը պետք է գնահատենք ոչ թե զուտ տոկոսներով, այլ դերով և նշանակությամբ: Թերևս հետխորհրդային տարածքում առաջին անգամ է, որ ընդդիմությունը կարողացավ հաղթանակ տանել խաղաղ ճանապարհով, ընդ որում, նշեմ, որ վրացական օրենսդրությունն այս վերջին տասը տարվա ընթացքում այնպես էր մշակվել, որ ընդդիմադիր ուժերի հաղթանակը պարզապես բացառվում էր: Հետևաբար, մենք արժանին պետք է մատուցենք Իվանիշվիլիին»,- 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակին, ասաց ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, վրացագետ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը:
Ըստ նրա, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած քաղաքական ուժն ընտրություններում պարտվեց այն պարզ պատճառով, որ նրա թիմը պակաս համախմբված էր: «Կարծեք թե, բոլորը համոզված էին, որ մեծ ջանքեր չեն պահանջվելու իշխանությունը պահպանելու համար, բոլոր աշխատանքները նախապես ավարտված են: Ըստ էության, բարիկադի վրա մնաց ինքը՝ Սահակաշվիլին»:
Միաժամանակ Հայրապետ Մարգարյանը նշեց, որ թյուր է այն կարծիքը, թե քանի որ միլիարդատեր Իվանիշվիլին վիթխարի հարստությունը կուտակել է Ռուսաստանում, պետք է դառնա ռուսական քաղաքականության իրականացման գործիք, նա լինելու է ռուսական տրամադրությունների կրողը կամ կարող է Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ կատարել: «Այդ սպասումները հիմնազուրկ են: Իվանիշվիլին արդեն հայտարարեց, որ կատարելու է իր առաջին այցելությունը Վաշինգտոն:
Ամերիկացիները հրաշալի գիտակցում են, որ Սահակաշվիլին այս փուլում իրեն սպառել է բոլոր առումներով, և նրանք սկզբունքային տարբերություն չէին տեսնում երկու ուժերի միջև»: Վրացագետը սա, ի թիվս այլ հանգամանքների, բացատրում է նաև նրանով, որ Իվանիշվիլին իր կարողությունն անվտանգ է դարձրել դեռևս շատ տարիներ առաջ, և նրա ֆինանսներն ամբողջությամբ ներդրված չեն ռուսաստանյան ընկերություններում: Ըստ Մարգարյանի, այժմ նա ունի զուտ կապիտալ, որը տնօրինելու հարցում ռուսական իշխանությունների թույլտվությունը հայցելու կարիք ամենևին չունի: «Իվանիշվիլիի քաղաքականության մեջ հակառուսական գիծը, անշուշտ, բացառված է, և Ռուսաստանի հետ չափավոր համագործակցությունը Վրաստանում նրա հեղինակությունը կտրուկ կբարձրացնի»,- ասում է Մարգարյանը:
Հարցին, թե, փաստորեն, Ռուսաստանն Իվանիշվիլիի հաղթանակի մեջ որևէ դերակատարություն չի՞ ունեցել, Հ.Մարգարյանը պատասխանեց. «Ռուսաստանը սիստեմատիկաբար ձախողվում է բոլոր այն ընտրություններում, որոնք անցկացվել են թեկուզ այնպիսի շրջաններում, որտեղ ռուսական ազդեցությունը մեծ է եղել: Ռուսաստանը չի կարողանում կողմնորոշվել, թե ո՞վ է հաղթելու ծիծաղելի չափեր և բնակչության քանակ ունեցող Աբխազիայում և Հարավային Օսիայում: Այդպիսի մակարդակի քաղաքագետներ Ռուսաստանում այսօր չկան և մոտ ապագայում չեն լինելու այն պարզ պառճառով, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության շարքերում, փաստորեն, ո՛չ թարմ ուժեր են հայտնվում, ո՛չ նոր գաղափարներ: Ռուսաստանը հենվում է միայն ուժի վրա և հզոր ֆինանսների: Իսկ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ էր ֆինանսական օգնություն ցույց տալ Իվանիշվիլիին: Ռուսաստանը զուտ քաղաքական ազդեցությունն ամրապնդելու առումով միլիարդների ներդրումներ անելու ո՛չ ձգտում, ո՛չ նպատակ, ո՛չ էլ ցանկություն չի ցուցաբերել»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հնարավոր է` Ռուսաստանը Հայաստանո՞ւմ էլ չկողմնորոշվի, թե որ ուժն է հաղթելու: Այս հարցին Հ.Մարգարյանը պատասխանեց.
«Հայաստանյան իրականությունն այնպիսի կախվածության մեջ չէ ռուսական միջավայրից, ինչպես հաճախ ներկայացվում է: Կարող է խոսք գնալ միայն ռուսական աջակցության մասին, բայց որևէ երկրի գործերին անմիջականորեն միջամտելու ձգտում, բարեբախտաբար, չի ցուցաբերում»:
Հ.Մարգարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: