«Վրացական երազանքի» հաղթանակն ու հայկական իրականության պարտությունը

Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները ու դրան հաջորդած քաղաքական իրադարձությունները հերթական անուղղակի հարվածն էին Հայաստանին: Խոսքը տվյալ դեպքում ընդգծված ռուսամետ կողմնորոշում ունեցող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի ու այդպիսով` Վրաստանում ռուսական ներկայության հնարավոր ավելացման մասին չէ:

Դա այլ քննարկման նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում: Տվյալ դեպքում խոսքը Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարության մասին է: «Խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկի արդյունքներով՝ ակնհայտ է, որ այս ընտրություններում առավելության է հասել «Վրացական երազանք» դաշինքը: Դա նշանակում է, որ խորհրդարանական նոր մեծամասնությունը պետք է ձևավորի նոր կառավարություն, իսկ նախագահը Սահմանադրության շրջանակներում պետք է նպաստի խորհրդարանի աշխատանքների սկսման գործընթացին, խորհրդարանի նախագահի ընտրմանն ու նոր կառավարության ձևավորմանը:

Այդ դաշինքի հայացքներն օտար են մեզ համար և այդպես էլ կմնան: Դրա հետ մեկտեղ, մենք հավատարիմ ենք մնում ժողովրդավարությանն ու հարգում ենք ժողովրդի կարծիքը: Որպես «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ՝ ես հայտարարում եմ, որ կուսակցությունը վերածվում է ընդդիմության, որպեսզի պահպանենք այն ամենը, ինչին կարողացել ենք հասնել վերջին 8 տարիներին` «Վարդերի հեղափոխությունից» ի վեր: Մեր իրականացրած բարեփոխումները Վրաստանին ճանաչելի դարձրին աշխարհում և նպաստեցին երկրի առաջընթացին»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ` իսկ ի՞նչ կապ ունի նրա այս հայտարարությունը Հայաստանի հետ, և ինչո՞վ է դա հարվածում Հայաստանին: Ուղղակի կապ, իհարկե, չկա: Սակայն Սահակաշվիլիի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա կարողանում է պահպանել ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իր սկզբունքը և լինելով գործող նախագահ` ընդունում է իր կուսակցության պարտությունը: Սա աննախադեպ քայլ է Հարավային Կովկասի երկրների քաղաքականության մեջ, և սրանով հերթական անգամ Սահակաշվիլին ամրագրում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիր լինելու՝ Վրաստանի կարգավիճակը:

Իհարկե, կարելի է ասվածին տասնյակ հակափաստարկներ բերել` սկսած նրանից, որ Սահակաշվիլին  «Ամերիկայի մարդն է», այս ամենը «դերասանություն է», և այլն, և այլն: Հայկական քաղաքական վերնախավի մեծամասնության համար ականջահաճո այս հակափաստարկների շարքը կարելի է շարունակել: Դրա համար բավական է կարդալ ռուսական քարոզչամիջոցների նյութերը, որոնք առաջիկա օրերին վստահաբար ողողված են լինելու նմանատիպ որակումներով: Սակայն ոչ մեկը չի կարող պատասխանել այն հարցին, թե ի՞նչն էր խանգարում Սահակաշվիլիին ու նրա կուսակցությանը՝ մի քանի տասնյակ հազար ձայնով կեղծել ընտրությունների արդյունքները, փողոց դուրս բերել զինված ուժերին, մի քանի ընդդիմադիրների «գլխին գործ սարքել»:

Այն դեպքում, որ այս ընտրությունները նրա համար կարող են ճակատագրական նշանակություն ունենալ հաջորդ տարի նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Սահակաշվիլին երրորդ անգամ չի կարող առաջադրվել նախագահի ընտրություններում: Բացի այդ, Վրաստանի Սահմանադրության փոփոխություններով նոր խորհրդարանի լիազորությունները բավական ընդլայնվել են, և երկրի փաստացի ղեկավար է դառնալու խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված վարչապետը: Սահակաշվիլիի քաղաքական հաշվարկը հենց դա էր. խորհրդարանական ընտրություններում կրկին մեծամասնություն ստանալ և նախագահի լիազորությունների ավարտից հետո դառնալ խորհրդարանական մեծամասնության վարչապետը` դե ֆակտո պահպանելով իշխանությունը: Սակայն Սահակաշվիլին այսօր հայտարարել է, որ Սահմանադրությանը հավատարիմ մնալով՝ պետք է նպաստի նոր կառավարության ձևավորմանը:

Այսինքն` այսօր Սահակաշվիլին ընդունել է ոչ միայն իր կուսակցության, այլև անձամբ իր` որպես քաղաքական գործիչ, պարտությունը: Դա ընդունել է` զբաղեցնելով երկրի նախագահի պաշտոնը: Սահակաշվիլին հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին` դրանով ստեղծելով եզակի նախադեպ. երկրի գործող նախագահի պաշտոնը մի քանի ամիս զբաղեցնելու է ընդդիմության ներկայացուցիչը:

Սրան զուգահեռ` Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ` վերարտադրվելու նպատակով, իշխանությունը քաղաքական հաշվեհարդար է տեսնում պոտենցիալ մրցակից համարվող թեկնածուի հետ: Այն նույն իշխանությունը, որը նաև այսօր քաղաքական հետապնդման ենթարկվող Վարդան Օսկանյանի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ 2008 թվականին հաստատվել է  մարտիմեկյան 10 սպանությունների գնով:
Իր էքսցենտրիկ վարքագծով, հակասականությամբ և բազմաթիվ այլ` թեկուզ բացասական հատկանիշներով, Սահակաշվիլին կարողացավ Վրաստանը դարձնել տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը:

Ընդ որում, շոշափելի արդյունքներ արձանագրած ներքին բարեփոխումներից բացի արձանագրելով, թերևս, ավելի կարևոր` քաղաքական մշակույթի այնպիսի առաջընթաց, որից Հայաստանը հետ է մնում ոչ թե մի քանի, այլ մի քանի տասնյակ անգամներով: Սահակաշվիլին այսօր կարողացավ պարտվել, ինչը Վրաստան պետության համար կարող է լուրջ հաղթանակների գրավական դառնալ տարածաշրջանում ու աշխարհում:

 

Տեսանյութեր

Լրահոս