Բաժիններ՝

Վիճակագրական փնթիություն

Ազգային վիճակագրական ծառայության նույն օրը հրապարակված երկու զեկույցներում նույն ոլորտի նույն ցուցանիշը տարբեր մեծություններ ունի։ Խոսքը վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին. աճի ցուցանիշը հունվար-օգոստոսին մի տեղում 11.6% է, մյուսում՝ 15.8%։

Այսպես՝ երեկ ԱՎԾ-ն հրապարակել է «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության երկնիշ դասակարգման, 2012 թվականի հունվար-օգոստոսին» զեկույցը։ Այնտեղ նշված է, որ ընթացիկ գներով հանքարդյունագործության ծավալը կազմել է 127.4 միլիարդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 11.6%-ով։

Նույն օրը ԱՎԾ-ն հրապարակել է նաև «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-օգոստոսին» զեկույցը, որի «Արդյունաբերություն» բաժնում ընթացիկ գներով հանքարդյունաբերության ծավալը նույնն է՝ 127.4 միլիարդ դրամ, սակայն աճի ցուցանիշը ոչ թե 11.6% է, այլ 15.8%։

Ուշադիր համեմատելով այս զեկույցները՝ պարզեցինք, որ առաջին ցուցանիշն ամեն դեպքում ճիշտ է. հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքն ընթացիկ գներով իրոք աճել է 11.6%-ով՝ 114.2 միլիարդից հասնելով 127.4 միլիարդի։ Իսկ երկրորդ դեպքում շփոթվել և նշել են ոչ թե ընթացիկ, այլ համադրելի գներով աճը։

Կարդացեք նաև

Թվում է՝ սա մանրուք է, և ոմանք կարող են մեզ մեղադրել տառակերության մեջ։

Սակայն՝ նախ այս վրիպակն ի հայտ է եկել խիստ պատահական, քանի որ մեր գործընկեր ԶԼՄ-ների բերած թվերը չէին համընկնում մեր տեսած տվյալների հետ, և ստիպված էինք ավելի մանրամասն ստուգել թվերը։

Երկրորդ՝ նշվածն ամենևին էլ մանրուք չէ. 15.8%-ի և 11.6%-ի տարբերությունն իրականում հսկայական նշանակություն ունի։

Եվ վերջապես, անմեղ թվացող այս անփութությունը կասկածելու տեղիք է տալիս ԱՎԾ ցանկացած ցուցանիշի դեպքում։ Ոչ բոլորը ժամանակ և ռեսուրսներ ունեն բոլոր ցուցանիշները հատ-հատ  համեմատելու համար, որպեսզի ստուգեն միտումնավոր կամ պատահական վրիպակների առկայությունը։ Ո՞վ իմանա՝ քանի-քանի այդպիսի վրիպակներ են սահուն անցել ճշմարտության տեղ և դարձել որոշ պաշտոնյաների ասուլիսների մեխը։

Ավելացնենք նաև, որ ընթացիկ գներով ամբողջ արդյունաբերությունն աճել է 13.2%-ով և կազմել 702.1 միլիարդ դրամ։ Այդ թվում, հանքարդյունաբերության ոլորտի տեսակարար կշիռը կազմել է 18.1%։ Առավել հետաքրքրասերների համար նշենք, որ 2008թ. հանքարդյունաբերության ոլորտի տեսակարար կշիռն արդյունաբերության մեջ 15.8% էր, իսկ 2009թ. իջել էր մինչև 12%-ի։ Ինչպես տեսնում եք, արդյունաբերության ոլորտը ճգնաժամից հետո խիստ «դիվերսիֆիկացվել» է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս