ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ինԱզգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ընդգրկում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի ու բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության և կադաստրի ոլորտները, եկամուտների ձևավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը ներկայացրել են ծախսերի ուղղվածությունն ըստ ոլորտների:
Այնուհետև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել են եկամուտների ձևավորման, հարկային և մաքսային քաղաքականության 2011 թ. առանձնահատկությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը 2011 թվականին կազմել են 3,565 մլրդ դրամ` ներառյալ պետական պահուստային ֆոնդից հատկացված 53,8 մլն դրամը: Ընդհանուր կատարողականը կազմել է 95,2 %: Իրականացվել է 14 ծրագիր:
Վառելիքի և էներգետիկայի բնագավառի ծախսերը 2011 թվականին կազմել են 5.5 մլրդ դրամ` 63.2%-ով գերազանցելով ծրագրով նախատեսվածը:
Միջուկային վառելիքի ծախսերը կազմել են 190.7 մլն դրամ, վառելիքի այլ տեսակների ծախսերը` 3.6 մլրդ դրամ` մոտ 2.5 անգամ գերազանցելով նախատեսվածը: Կատարված հատկացումների հաշվին ֆինանսավորվել են արտաքին աջակցությամբ իրականացվող 3-ական վարկային և դրամաշնորհային ծրագրեր: Մասնավորապես Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված 123 մլն դրամի փոխարեն ծախսվել է 2.5 մլրդ դրամ, իսկ ԳԶՎԲ աջակցությամբ իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է 1.2 մլրդ դրամ` կազմելով ծրագրվածի 101.7%-ը:
Քաղաքաշինության նախարարության ծախսերը կազմել են 38,47 մլրդ դրամ, իսկ պետական պահուստային ֆոնդից տրամադրվել է 548 մլն դրամ: Իրականացվել է 23 ծրագիր:
Բնակարանային շինարարությանը տրամադրվել է շուրջ 25.8 մլրդ դրամ` ամբողջությամբ կատարելով ծրագիրը: 2010 թվականի համեմատ ծախսերն աճել են 2.2%-ով կամ 550.4 մլն դրամով: Ծրագրի շրջանակներում կատարվել են Գյումրիում 1200 բնակարանների կառուցման, Անի թաղամասում տարածքների (400 բնակարանների) կառուցապատման, Ախուրյան գյուղում 182 բնակարանների և Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 354 բնակարանների շինարարության աշխատանքները:
Տրանսպորտի բնագավառում ծախսերը կազմել են 30.4 մլրդ դրամ` ապահովելով 61.4% ծրագրի կատարում: Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով:
Ճանապարհային տրանսպորտի ծախսերը կազմել են 24.6 մլրդ դրամ` ապահովելով ծրագրվածի 64%-ը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել են 11 ծրագրեր:
Կապի ոլորտում ծախսերը ֆինանսավորվել են 400.9 մլն դրամի չափով, ինչը 2010 թվականի համեմատ գրեթե չի փոփոխվել:
Պետական պահուստային ֆոնդերից լրացուցիչ տրամադրվել է 1,156 մլրդ դրամ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 2011 թվականին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 416, 499 մլն դրամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` 216 մլն դրամ, որոնք հիմնականում ուղղվել են պահպանման ծախսերին: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրվել է 341,8 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 93,8%: Պահուստային ֆոնդից ոլորտին լրացուցիչ հատկացվել է 203,6 մլն դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն անդրադարձել են եկամուտների ձևավորմանը, հարկային և մաքսային քաղաքականության` 2011 թ. առանձնահատկություններին:
2011 թվականին գրանցվել է 4.6% տնտեսական աճ, արտահանման աճ` 27.7%, ներմուծման աճ` 10.7%, պետական բյուջեի եկամուտների անվանական աճ` 12.9%, ծախսերի գծով անվանական աճ` 3.4%:
2011 թվականին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3817.3 մլրդ դրամ, ընդ որում, իրական ՀՆԱ-ն աճել է 4.6%-ով: Աճը գրանցվել է տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ շինարարության, որը նվազել է 12.3%-ով:
Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով, ելնելով 4.6% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ ավելի քան 852.4 մլրդ դրամ եկամուտներ, որից 796.4 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 56 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 30.7 մլրդ դրամով (3.6%-ով) և կազմել շուրջ 883.2 մլրդ դրամ, որից 818.5 մլրդ դրամը` սեփական եկամուտներից, 64.6 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհներից: 2011 թվականի փաստացի եկամուտները կազմել են 880.9 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 100.4 մլրդ դրամով կամ 12.9% ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.7% ով` պայմանավորված պաշտոնական դրամաշնորհների կատարողականով, որը կազմել է 91.9%, կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 5.2 մլրդ դրամ: Առանց արտաբյուջետային եկամուտների, պետական բյուջեի ընդհանուր եկամուտների կատարողականը կազմում է 99.9%:
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի եկամուտների 74.2%-ն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են 654 մլրդ դրամ և 0.1% ով գերազանցել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից 631.6 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 22.4 մլրդ դրամը` պետական տուրքերը:
2010 թվականի համեմատ հարկային եկամուտները և պետական տուրքերն աճել են 10.1% ով կամ 59.9 մլրդ դրամով: Հարկերի աճը հիմնականում ապահովվել է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և մաքսատուրքի մուտքերի հաշվին:
2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել ավելացված արժեքի հարկից` 328.5 մլրդ դրամ, որը կազմում է ամբողջ հարկային եկամուտների 52%-ը, շահութահարկից` 97.8 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 15.5%-ը, եկամտահարկից` 81.2 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 12.9%-ը, մաքսատուրքից` 36.3 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 5.7%-ը, հաստատագրված վճարներից (առանց ծխախոտի արտադրանքի, ներմուծվող բենզինի ու դիզելային վառելիքի հաստատագրված վճարների)` 20.7 մլրդ` ապահովելով հարկային եկամուտների 3.3%-ը, բնօգտագործման և բնապահպանական վճարներից` 12.2 մլրդ դրամ, այլ հարկերից` 15.4 մլրդ դրամ, պետական տուրքերից` 22.4 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի եկամուտների 2.5%-ը:
2011 թվականին պարտադիր սոցիալական ապահովության վճարների բյուջետային եկամուտները կազմել են 123.4 մլրդ դրամ` ապահովելով 100% կատարողական:
2011 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 44 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5%-ը:
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,001.1 մլրդ դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում ծրագիրը ավելացվել է 40.9 մլրդ դրամով (4.1% ով) և կազմել շուրջ 1,042.0 մլրդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 986.5 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 94.7% կատարողական, ինչը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ և առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ, ինչպես նաև արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով:
Ավարտվել է «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներն ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում:
Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովները շաբաթվա ընթացքում հրավիրած նիստերում (յուրաքանչյուրն իրեն վերապահված ոլորտների մասով), հավանություն էին տվել «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը:
ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումներն ամփոփվելուց հետո` սեպտեմբերի 29-ին հրավիրած նիստում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես հավանություն է տվել բյուջեի տարեկան հաշվետվությանը` առաջարկելով այն ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: