«Ես նույն Քրիստինե Պեպելյանն եմ: Ես չեմ փոխվել»
Ասում է երգչուհի Քրիստինե Պեպելյանը
– Արտաքինդ փոքր ինչ-փոխվել է, էությունդ փոփոխություն կրե՞լ է, թե՞ ոչ:
– Ես կարծում եմ, որ իմ բնույթն այնքան էլ չի փոխվել: Բայց տարիների ընթացքում դու սկսում ես այլ կերպ մտածել, ինչ-որ կերպ փոխվում է մտածելակերպդ:
– Հաճախ ես խոսել քո մանկության երազանքների մասին, դեռ աշխատում ես դրանք իրականացնել:
– Մանկությանս տարիների երազանքների մեծ մասն արդեն կատարվել է, բայց կան նաև այնպիսիները, որոնցով չես ապրում պարզապես: Հիմա իմ երազանքները կապված են ավելի ոգեղեն արժեքների հետ: Ես ցանկանում եմ ինքս ինձ հետ առավել ներդաշնակ ապրել, ցանկանում եմ խաղաղ տեսնել իմ հայրենիքը: Ուզում եմ, որ առողջ միջավայրում մեծանան մեր երեխաները: Ես այսօր ավելի մարդկային արժեքների մասին եմ երազում, քան նյութական արժեքների, որոնք այնքան էլ կարևոր չեն:
– Ինչո՞վ է պայմանավորված քո ցանկությունների և երազանքների փոփոխությունը:
– Միանշանակ, տարիքն ազդում է մարդու վրա: Տարիների ընթացքում մարդն իրեն առավել լավ է հասկանում, ավելի ներդաշնակ է սկսում ապրել ինքն իր հետ: Սկսում է կարևորել այլ արժեքներ: Մարդու կայացման հետ մեկտեղ, փոխվում են նրա ցանկությունները, երազանքները, փոխվում է մարդն` ինքը: Տարիներն իրենցն անում են:
– Դու քեզ համարո՞ւմ ես կայացած մարդ:
– Անպայման, համարում եմ ինձ կայացած մարդ: Ես ինձ այդպիսին ուզում եմ տեսնել: Այն աշխատանքը, այն միջավայրը, որում ես ապրում եմ, ինձ թվում է, որ այս ամենն ունենալով հանդերձ` ես չպետք է անշնորհակալ լինեմ: Մարդ միշտ պետք է գոհանա նրանով, ինչ ունի, պետք է ամեն վայրկյան շնորհակալ լինել կյանքի, ապրած ամեն պահի համար: Ես ինձ տեսնում եմ` որպես կայացած մարդ:
– Վերջին շրջանում բոլորովին նոր ու քո նախկին կատարումներից տարբերվող տեսահոլովակներ ներկայացրեցիր հանրությանը, ինչո՞վ է պայմանավորված երգերիդ ընտրության հարցում ոճային փոփոխությունը:
– Ես շատ դժվար եմ երգեր ընտրում: Բազմաթիվ երգեր լսելուց հետո, հնարավոր է, որ դրանցից և ոչ մեկն էլ չընտրեմ: Բայց կարող է լինի նաև այնպիսի դեպք, երբ մի երգ լսելով` այն ընտրեմ, տեսնեմ նրա մեջ այն ասելիքը, որը ցանկանում եմ փոխանցել ունկնդրին: Դա կախված է իմ տրամադրությունից, կախված է այն հանգամանքից, թե ես ինչպես եմ ցանկանում այդ անգամ երգը հանդիսատեսին մատուցել: Կարծում եմ, որ մեր աշխատանքի մեջ կատարողը պետք է մշտապես ներկայանա նոր ոճերով, նոր կերպարներով:
– Դու փոխվե՞լ ես, փոխվե՞լ է հանրությանն ուղղված քո ասելիքը:
– Եթե անկեղծ ասեմ, ես չեմ մտածում, որ շատ եմ փոխվել: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ ես մի քանի 6/8-ային կատարումներ երգեցի, ապա կասեմ, որ դա բնավ էլ չփոխեց իմ` հանրությանն ուղղված ասելիքը: Այն մարդիկ, ովքեր սիրում են իմ աշխատանքը, գիտեն, որ ես նույն Քրիստինե Պեպելյանն եմ, ես չեմ փոխվել: Նրանք, ովքեր իմ աշխատանքը սիրում են` հաստատ չեն գնում մեկ կամ երկու աշխատանքի հետևից: Պետք է նայել ընդհանուր աշխատանքը, ես մնացել եմ իմ ձեռագրի մեջ:
– Ինչպե՞ս են ընթանում քո մենահամերգի նախապատրաստական աշխատանքները:
– Ես շատ ինտենսիվ եմ պատրաստվել այս համերգին: Ներդրել եմ շատ հույսեր, եռանդ, հավատ, դրական լիցքեր, որ ամեն բան լավ անցնի: Երկար ժամանակ պատրաստվում էինք մեր ամբողջ խմբով: Մի հսկայական թիմ է աշխատել, որի ամբողջ աշխատանքը ես վաղը ներկայացնելու եմ բեմում: Մենք ունենք 22 երգ: Ինչպես գիտեք` համերգը կոչվում է իմ համանուն երգի անվանումով` «Շնորհակալ եմ»: Ես լավ երեկո եմ ակնկալում: Հույս ունեմ, որ բոլորս մեկ մարդ ենք դառնալու դահլիճում և կարողանալու ենք միմյանց լրացնել: Պարային կատարումներ են լինելու համերգային ծրագրի ընթացքում, սակայն ես, ինչպես միշտ, պարային կատարումներով հանդես չեմ գալու: Բոլորը գիտեն, որ ես այնքան էլ պարող երգչուհի չեմ: