Բաժիններ՝

«Հայաստանում չեմ տեսնում գիտնականների հանդեպ պատշաճ վերաբերմունք և նորարարությունը զարգացնելու իրական ցանկություն»

Ասում է մեր հայրենակից Տիգրան Շահվերդյանը, ով  «Սելենոխոդ» լուսնագնացի նախագծի ծրագրերի ղեկավարն է:

«Ես կցանկանայի, որ իմ ծրագրերն այսօր կապված լինեին Հայաստանի հետ: Ես չեմ ասում, թե վիրավորված եմ Հայաստանից, բայց իսկապես կուզեի իմ սիրած գործով և իմ մասնագիտությամբ աշխատել Հայաստանում, որը հնարավոր չէ: Ցավոք, այսօր Հայաստանում չեմ տեսնում գիտնականների հանդեպ պատշաճ վերաբերմունք և նորարարությունը զարգացնելու իրական ցանկություն: Իհարկե, մենք բոլորս էլ բազմիցս լսել ենք գիտելիքահեն տնտեսություն ունենալու և Հայաստանում գիտնականներին անհրաժեշտ ուշադրություն դարձելու մասին տարբեր հայտարարություններ, սակայն այդ ամենը բավարար չէ: Մեկ բան է` դրա մասին անընդհատ լսելը, և մեկ այլ բան, երբ քո աչքերով տեսնում ես իրական պատկերը, ինչը ցույց է տալիս իրական վերաբերմունքը»,- այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Շահվերդյանը, ով 2002 թվականից աշխատում և բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Տիգրան Շահվերդյանը «Սելենոխոդ» ընկերության ծրագրերի ղեկավարը և գիտական տնօրենն է, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ինժեներ, ինչպես նաև՝ Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի հայ ուսանողական ասոցիացիայի համահիմնադիրը:

«Եթե մի պահ կարողանանք վերանալ առօրյա խնդիրներից ու կողքից նայենք մեր հասարակությանը, ապա կարելի է հասկանալ, որ մարդկության հաջորդ մեծ քայլը Տիեզերք դուրս գալն է և այնտեղ մշտական բնակություն հաստատելը: Սա շատ կարևոր պահ է կյանքի էվոլյուցիայում՝ համեմատելի այն պահի հետ, երբ կյանքը ջրից դուրս եկավ ցամաք: Ներկայումս անընդհատ վեճեր են ընթանում այն հարցի շուրջ, թե արդյոք ո՞րն է ճիշտ` դեպի Լուսին և այլուր մա՞րդ, թե՞ ռոբոտ ուղարկելը:

Կարդացեք նաև

Իրականում որոշ խնդիրների համար ավելի նպատակահարմար է ռոբոտներ ուղարկելը, և որոշ խնդիրների համար՝ մարդ ուղարկելը: Իսկ ապագայում լինելու է նրանց՝ մարդու և ռոբոտների համատեղ գործունեությունը: Եթե համեմատելու լինենք, ապա այսօր այդ ուղղության մեջ, իհարկե, առաջատարը ԱՄՆ-ն է, և չնայած այն բանին, որ Ռուսաստանը տիեզերագիտության մեջ բավական պատմություն և ավանդույթներ ունի, սակայն այսօր վիճակը ԱՄՆ-ի հետ համեմատած այդքան էլ լավ չէ, թեև զարգացումները նկատելի են: Տիեզերագնացությունը լուրջ գիտատեխնիկական ուղղություն է, որով զբաղվող երկրները ապագայում լուրջ ձեռքբերումներ են ունենալու, մինչդեռ Հայաստանում ես, ցավոք, որևէ ուշադրություն չեմ տեսնում այս ուղղության նկատմամբ:

Հայաստանում, իհարկե, կարելի է շատ վատ պայմաններում զբաղվել գիտությամբ, սակայն խոսքն ավելի շատ տեսական գիտությանն է վերաբերում, քան կիրառականին: Եթե համեմատենք, օրինակ, Բյուրականի աստղադիտարանի վիճակը դրսի առաջատար աստղադիտարանների և կենտրոնների հետ, ապա ուղղակի ակնհայտ է դառնում կառավարության վերաբերմունքն ընդհանրապես գիտությանը: Օրինակ՝ ինձ համար առավել հետաքրքիր է սարքաշինությունը, ինչը, առավել ևս, Հայաստանում չկա: Ես հետևում եմ հայաստանյան զարգացումներին և այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, սակայն…»:

Տիգրան Շահվերդյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ նրա Միջազգային տիեզերական համալսարանի ՆԱՍԱ-ի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված ամառային ծրագրի մասնակցության, «Սելենոխոդ» լուսնագնացի նախագծի և Հայաստանում գիտության ոլորտում առկա խնդիրների մասին, կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում:

Լուսանկարում՝ Տիգրան Շահվերդյանը՝  ՆԱՍԱ-ի ղեկավարի հետ: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս