Արձանագրվել է 2.5% գնաճ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. սեպտեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%։ Այդ թվում՝ սպառման ապրանքները թանկացել են 2.7 %-ով, պարենային ապրանքները՝ 1.5, ոչ պարենային ապրանքները՝ 5.7, ծառայությունները՝ 2.1 %-ով։
ԱՎԾ-ն առավել մանրամասն անդրադառնում է նաև ամսական կտրվածքով ցուցանիշին (տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա համեմատ) և տարվա սկզբի հետ համեմատականներին։ Ըստ ԱՎԾ զեկույցի, 2012թ. Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորված է կենդանական և բուսական յուղերի, հացամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 1.5-10.7% գնաճով: 2012թ. Սեպտեմբերին՝ 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.5%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ՝ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 94.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.9%, ծառայությունների սակագներինը՝ 101.6%: Ծառայությունների ոլորտում 2012թ. Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.1% հավելաճ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է իրավական ու բանկային ծառայությունների սակագների՝ 0.1%, հանրային սննդի՝ 0.3%, բուժսպասարկման ՝ 0.3%, մշակույթի ոլորտի՝ 0.3%, կենցաղային բնույթի՝ 0.4%, տրանսպորտի՝ 1.4%, կրթության համակարգի ծառայությունների՝ 4.8% հավելաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.7% հավելաճ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է նույնը: