«Դա ձեր դարդը չի, սիրելի՛ պետություն ջան»
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ նշեց, որ տվյալ հանձնաժողովի խնդիրը ոչ թե բիզնես պաշտպանելն է, այլ մրցակցության պաշտպանությունը: «Մրցակցությունը պաշտպանելը Ձեր սուրբ պարտականությունն է,- նշեց Հ. Նաղդալյանը՝ ապա հետաքրքրվեց,- Իսկ կարո՞ղ է՝ խախտումներն են շատացել»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանն, ի պատասխան, ասաց. «Տիկին Նաղդալյան, ես բիզնես պաշտպանելու անուն չտվեցի, ես ասացի՝ մեր նպատակը չի, որպեսզի մենք պատժենք, որ սուբյեկտները սնանկանան: Մեր օրենքը կոչվում ա, թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ, մրցակցության պաշտպանություն, եթե մենք մրցակիցներին վերացնենք, մրցակցող չի լինի, այսինքն՝ էստեղ մրցակցության պաշտպանության խնդիր եմ տեսնում»: Իսկ պատգամավորն էլ, իր հերթին, հակադարձեց` ասելով. «Երբ էս դաշտում սուբյեկտ չի մնա՝ իրա խախտումների, չգիտեմ, էն մեկը մեկի պատճառով կվերանան, թեկուզ իրանց մարկետինգային կամ մենեջերային թուլության պատճառով կվերանան՝ դա ձեր դարդը չի, սիրելի՛ պետություն ջան, դրա փոխարեն շուկան նոր սուբյետներ կստեղծի»: