
Էկոնոմիկայի նախարարը վերլուծություններ ունի՞

Այսօր ԱԺ-ում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց իր ղեկավարած ոլորտի 2011թ. բյուջեի տարեկան կատարողականի մասին հաշվետվությունը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հարցրեց Տ. Դավթյանին, թե` որպես Էկոնոմիկայի նախարար, ուսումնասիրություններ ունի՞, թե ՀՀ տնտեսության որ ոլորտներն են ավելի շատ եկամուտներ գեներացրել պետական բյուջեից ի՞նչ է նախատեսվում այդ ոլորտների պոտենցիալը բարձրացնելու և ավելի շատ եկամուտ ապահովելու համար:
«Բնականաբար, պետական եկամուտների մասնակցությունը պետական եկամուտների ձևավորման մեջ պայմանավորված է այդ ոլորտների ՀՆԱ-ով՝ որպես մեկ չափանիշ, և այստեղ ասացի, որ մենք փորձում ենք, որ հարաբերակցությունը մեծանա իրական հատվածի և արդյունաբերության՝ մասնավորապես, ընդ որում՝ արտահանել արդյունաբերության մասով: Փաստորեն, այս 2-3 տարվա ընթացքում արդյունաբերության մասնաբաժինները կազմում են 12-13%, մենք ընդհուպ մոտենում ենք մինչև 20%-ի՝ էականորեն փոխվում է այդ հարաբերակցությունը ՝ ի հաշիվ բարձր տեմպերի, և, փաստորեն, մենք փորձում ենք այնպես անել, որ պետական բյուջեի եկամուտների մեջ լինի ոչ այնքան անուղղակի հարկերի մասնաբաժինը, որ հիմա էական է և ներմուծման ծավալներից ստացվող, այլ ուղղակի հարկերի մասնաբաժինը, մասնավորապես՝ շահութահարկի, որովհետև մենք արդյունաբերության մասնակցությունն ավելի կարևորում ենք:
Այնպես որ, այստեղ ոչ թե ծավալների մասին կխոսենք, որովհետև դա ուղղակի փաստ է, այլ դինամիկայի, տենդենցների, և ես կկարևորեի բյուջեի ձևավորման առումով և ուղղակի հարկերի մասնակցությունը և, մասնավորապես, արդյունաբերությունը»,- ասաց Տ. Դավթյանը: Ի պատասխան՝ Ա. Մինասյանն արձագանքեց. «Ես հասկացա, որ չունեք Ձեր ձեռքի տակ այդպիսի վերլուծություն, և լավ կլինի Ձեր ուշադրության կենտրոնում պահել, եթե պետք է մեր մասնակցությունն էլ՝ պատրաստ ենք մասնակցել այդ վերլուծություններին, որպեսզի հասկանանք՝ ի վերջո, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հատկացումների հաշվին մենք ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք այդ ոլորտներից»:
Իսկ Տ. Դավթյանն էլ ավելացրեց, թե վերլուծությունն իրենք ունեն և պատրաստ են դա կիսել և քննարկել: