Բաժիններ՝

Հայաստանի վարչապետը Յալթայում մասնակցել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Յալթայում մասնակցել է  ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի  հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին ավելի քան երկու տասնյակ հարցեր:ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ կառավարությունների ղեկավարներն ընդունել են ԱՊՀ-ի երկրների շրջանակներում տեղեկատվական հասարակության ստեղծման եւ զարգացման համար մինչեւ 2015 թվականը գործողությունների ծրագիրը, 2012-2014 թվականների համար ԱՊՀ-ի անդամ երկրների ինովացիոն համագործակցության միջոցառումների համալիր ծրագիրը:

Նեղ շրջանակում հանդիպման ժամանակ կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել Ուզբեկստանի միացմանը Ազատ առեւտրի պայմանագրին, որի գործընթացը նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Ստորագրվել է համատեղ հայտարարություն այն մասին, որ հինգ երկրներ, այդ թվում` Հայաստանը, վավերացրել են Ազատ առեւտրի գոտու պայմանագիրը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը մասնակցել է նաեւ «Յալթայի գործարար հանդիպումներ» բիզնես ֆորումի շրջանակներում «Ներդրումային նոր հնարավորություններ եւ ԱՊՀ-ի շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով համաժողովին:

Կառավարական պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, այլ պաշտոնյաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս