Դիլիջանի միջազգային դպրոցը հավանաբար կգործի 2014-ից
Ենթադրվում է, որ Դիլիջանի միջազգային դպրոցում առաջին աշակերտները կսովորեն 2014-ի սեպտեմբերի 1-ից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «RVVZ» հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյանը:
«Միջազգային դպրոցի հիմնական որակն այն է, որ այնտեղ սովորելու են ուսանողներ կամ աշակերտներ աշխարհի տարբեր երկրներից: Ենթադրում ենք, որ հայ երեխաներն այնտեղ լինելու են 15-20%»,- նշեց Ա. Մելքոնյանը:
Վերջինիս խոսքով՝ միջազգային դպրոցը լինելու է վճարովի, և վարձավճարը լինելու է բավական բարձր: Դպրոցը հետագայում կտրամադրի նաև կրթաթոշակ. «Եթե երեխան օժտված է, ապա միջոց կլինի նրանց ուսման ֆինանսավորումը կազմակերպելու համար»:
Դպրոցում կդասավանդեն հիմնականում արտասահմանից հրավիրված մասնագետներ: Ըստ «RVVZ» հիմնադրամի տնօրենի՝ հիմնադրամի հիմնական նպատակն է՝ մոտակա տասը տարիների ընթացքում դպրոցը հասցնել այն մակարդակին, որ այն լինի աշխարհում լավագույն դպրոցներից մեկը:
Արտակ Մելքոնյանը նաև նշեց, որ այսօր «ՏաԹևեր» ճոպանուղուց ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվում են Տաթևի վանական համալիրի ռեստավրացիային, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2017-ին:
Ի դեպ, Ա. Մելքոնյանի խոսքով` դպրոցը նախատեսված է13-19 տարեկան երեխաների համար: Դպրոցը կարող է ընդունել 650 աշակերտ և 60 ակադեմիական աշխատակից: