«Փուչիկներ»-ի գործով դատական նիստը նորից հետաձգվեց
«Փուչիկներ»-ի գործով 6 տուժողներ դատարանին գրությամբ հայտնել են, որ դեմ չեն, որ գործի քննությունն ընթանա արագացված դատաքննության կարգով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի այօրվա նիստին ներկայացած ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը, սակայն, առայժմ արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդություն չի ներյկայացրել: Հանրային պաշտպանի գրասենյակից հրավիրված պաշտպանը միջնորդել է 10 աշխատանքային օր ժամանակ տրամադրել իրեն ծավալուն գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարել է և դատական նիստը հետաձգել է մինչև հոկտեմբերի 11-ը:
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների բոցավառման հետևանքով վնասվածքներ էր ստացել ու հիվանդանոցներ տեղափոխվել 154 մարդ: