«ԴիջիԹեք» ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ
Երեւանում հոկտեմբերի 5-7-ը կայանալիք «ԴիջիԹեք» ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին եւ ներկայացնել իրենց տվյալները:
«Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամենաարագ զարգացող ճյուղերից է, ապահովում է կայուն աճ, ամենաբարձր վարձատրվող ոլորտներից է: Ոլորտում առկա է որակյալ աշխատուժի պակաս, եւ այս բացը լրացնելու նպատակով ցուցահանդեսի շրջանակում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Միջոցառման տարածքում տեղադրված կլինեն հանրային համակարգիչներ, պատճենահանման սարքեր CV-ներ եւ այլ փաստաթղթեր տեղում բազմացման համար, կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն աշխատանքի որոնման, գործատուին ճիշտ ներկայանալու եւ համապատասխան փաստաթղթեր պատրաստելու հարցում:
Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, Երեւանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: