Էդվարդ Նալբանդյանը հո ոտով չի՞ գնալու Հարավ-Արևելյան Ասիա

Այսօր ԱԺ-ում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց  արտգործնախարարության 2011թ. բյուջեի  կատարողականի մասին հաշվետվությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության  անդամ Նիկոլ Փաշինյանը դիմելով Շ. Քոչարյանին՝ ասաց, որ բյուջեի կատարողականը քննարկելիս պետք է հասկանալ, թե այն ծախսելով՝ ՀՀ ժողովուրդն ինչպիսի՞ ձեռքբերումներ է ունեցել:

«Կարո՞ղ եք նշել 2011թ. բյուջեի միջոցների ծախսման արդյունքում 1-2, եթե հնարավոր է՝ 3, այն արտաքին քաղաքական ձեռքբերումները, որոնք մինչև այդ բյուջեի ծախսումը Հայաստանի Հանրապետությունը չուներ, դրանից հետո արդեն ունի: Երկրորդ հարցը` շատ է խոսվում  գումարների սղության մասին, բայց ես ներկաների ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ գործող Արտաքին գործերի նախարարը վարում է Երրորդ Հանրապետության պատմության արտգործնախարարին սպասարկող ամենաթանկարժեք ավտոմեքենան, և, ինչքան կարելի է կռահել մամուլի հրապարակումներից` ճոխություններ է թույլ տալիս իրեն, մասնավորապես, վերջերս հրապարակումներ եղան Հարավ-Արևելյան Ասիա կատարած շրջագայության մասին: Չե՞ք կարծում, որ այս առումով պետք է ավելի զուսպ լինի Արտաքին գործերի նախարարը»,- Շ. Քոչարյանին հարցրեց Ն. Փաշինյանը:

«Ես Ձեզ պետք է ասեմ, որ արտգործնախարարի մեքենան նվիրատվություն է, այլ ոչ թե բյուջեի հաշվին գնված մեքենա է: Նվիրատվությունը եղել է Գերմանիայի Դաշնությունից, ճի՞շտ եմ հիշում: Ասիայում շրջայց, ներողություն, մի կողմից՝ մենք անընդհատ մի բան ենք ասում` մեծացնենք մեր աշխարհագրությունը մեր ներկայության, մեր կոնտակտների, որովհետև, երբ մենք անընդհատ հայտնվում ենք մի վիճակում, որ իսլամական կոնֆերանսում բազմաթիվ երկրներ, որտեղ մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնց հետ շփումները շատ թույլ են, մեր նպատակը, հենց այո՛, դրանում է կայանում` Լատինական Ամերիկա, Ասիա, Աֆրիկա, և դա դրված է` որպես խնդիր, և անվանել շրջագայություն, երբ նախարարը գնում է գործուղում, ընդ որում` ո՜նց գործուղում` մի օր ստեղ է, մյուսը օրը` ընդեղ է, էդ ամեն տեղը պահանջում է ելույթներ, պահանջում է հանդիպումներ: Ես Ձեզ անկեղծ ասեմ` չէի ցանկանա այդ վիճակում լինել, որ սենց մարդը հարյուրավոր կիլոմետր, ինքնաթիռում չի էլ հասցնում քնի` անցնում է մյուս հանդիպմանը, ո՞նց կարելի է դա անվանել շրջագայություն` ես ուղղակի դա չեմ հասկանում: Այլ բան, որ Դուք կարող եք ասել` իսկ տոմսն ի՞նչ արժե, բա էլ ո՞նց: Ոտով հո չի՞ գնալու, պիտի ինքնաթիռով գնա»,- պատասխանեց Շ. Քոչարյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս