Բաժիններ՝

Գործադիրը հավանություն տվեց 2013թ. բյուջեի նախագծին

Այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծին։ Նախագծի համաձայն 2013 թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.059.1 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1.183.1 մլրդ դրամ, դեֆիցիտը` 124.0 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ Աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է բյուջեի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ 2013 թ. պետբյուջեում մի քանի միլիարդ դրամ է նախատեսվել, որպեսզի եկամտային հարկին անցնելու դեպքում աշխատակիցների վճարման որևէ խնդիր չառաջանա։ Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համակարգվող ծրագրի համաձայն բոլոր նախարարություններն իրենց ենթակա ՊՈԱԿ-ների համար, ինչպես նաև մարզերում կատարեն համապատասխան հաշվարկները։

Պատասխանելով վարչապետ Սարգսյանի հարցին` նախարարը նշել է, որ այս գործում ռիսկային կարող են լինել հիմնականում փոքր ՊՈԱԿ-ները և ՀՈԱԿ-ները, որոնց հաշվապահներն ուսուցում պետք է անցնեն ըստ հաստատված միջոցառումների ծրագրի։

«Մեզ համար ռիսկային կարող են լինել փոքր սուբյեկտները, – ասել է վարչապետը։ – Անհրաժեշտ է, որպեսզի դրանց հաշվապահները ճշգրիտ ձևակերպումներ տան։ Դա վերաբերում է նաև համայնքներին, մանավանդ փոքր համայնքներին, և այս ամիսների ընթացքում բոլորին պետք է վերապատրաստենք։

Կարդացեք նաև

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս խնդիրը, որպեսզի հունվարի 1-ից աշխատավարձերի ստացման հետ մենք որևիցե խնդիր չունենանք։ Բոլոր սուբյեկտների համար համապատասխան ֆինանսական միջոցները բյուջեում նախատեսված են, այսինքն` ֆինանսական միջոցների պրոբլեմ մենք չունենք, ուղղակի ճիշտ կազմակերպման խնդիր կա»։

ՀՀ կառավարությունը նաև հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք «ՀՀ 2013 թվականի պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ Մասնավորապես, հավանության են արժանացել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, երեխայի իրավունքների պաշտպանության 2013 թ. տարեկան ծրագրերի և միջոցառումների ցանկերի, 2013 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերի, 2013 թ. ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման և Գյումրի քաղաքի վերականգնման, Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան և պետական ծրագրերի նախագծերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս