Երեք հայ` Ռուսաստանի 200 խոշորագույն ոչ հրապարակային ընկերությունների վարկանշային աղյուսակում
«Forbes» ամսագրի ռուսական տարբերակը, ինչպես հայտնի է` հրապարակել է Ռուսաստանի 200 խոշորագույն ոչ հրապարակային ընկերությունների վարկանշային աղյուսակը: Աղյուսակում ընդգրկված են նաև հայ գործարարների ընկերություններ: Առաջինը աղյուսակի 28-րդ տեղը զբաղեցնում է «Գլավստրոյ» կորպորացիան, որի ղեկավարը հայազգի Արկադի Սարգսյանն է:
Կորպորացիայի այս տարվա հասույթը կազմել է 85,1 մլրդ ռուբլի: Հիշեցնենք, որ «Գլավստրոյը» զբաղվում է շինարարությամբ ու շինանյութերի արտադրությամբ:
«Forbes»-ի կազմած աղյուսակի 32-րդ տեղը զբաղեցրել է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունը: Վերջինիս հասույթն այս տարի կազմել է 77 մլրդ ռուբլի:
Ընկերությունը զբաղվում է շինանյութերի, ստվարաթղթի և սննդամթերքի արտադրությամբ: «Տաշիր» ընկերության կազմում են նաև լցակայանների ցանց, բանկ և էլեկտրացանցային ընկերություն: Աղյուսակի 105-րդ հորիզոնականում է գտնվում հայազգի Օնիկ Ազնաուրյանի ղեկավարած «Էներգոստրոյ ինվեստ» հոլդինգը: Այս տարի հոլդինգի հասույթը կազմել է 27,4 մլրդ ռուբլի:
Ընկերությունը զբաղվում է հոսանքագծերի արտադրությամբ: Նշենք, որ 200 մասնավոր ընկերությունների միագումար շրջանառությունը 1 տարվա ընթացքում աճել է 27,5%-ով` կազմելով 10.2 տրիլիոն ռուբլի: Հավելենք, որ այս աղյուսակը «Forbes»-ը կազմել է` հիմնվելով 2011թ. հասույթի ցուցանիշի վրա: