Սպիտակում ժամանակը կանգնած է` մարդիկ հանգչում են
Երկու տարի առաջ Սպիտակ քաղաքի իմ տեսած տնակը նույն տեղում է: Իմ տեսած տնակում ապրող յոթ երեխաները նույն երեխաներն են: Իմ տեսած տնակում ապրող յոթ երեխաների մայրն իմ իմացած Նարինե Եղիազարյանն է: Ինձ արդեն ծանոթ` Սպիտակ քաղաքի բազմազավակ մայր Նարինե Եղիազարյանն այսօր էլ խնդիրներից խոսելիս` աչքերը լցնում է:
Երկու տարի առաջ տեսած արցունքոտ այդ աչքերը նույնն են: Երկու տարի առաջ երեխաների հայրը սարերում ուրիշների ոչխարներին էր պահում, որ յոթ երեխաների հացը հասցներ: Երեխաների ամսական 20.000 դրամ վաստակող հայրը դեռ սարերում է: Մշտապես սարերում գտնվող այդ մարդը երկու տարի անց էլ ինձ համար մնաց անծանոթ: Սպիտակում ժամանակը կանգ է առել:
Երկու տարի անց Սպիտակ քաղաքում իմ իմացած տնակում, նույն ծայրահեղ վատ կենցաղային պայմաններում ապրում են յոթ երեխաները, որոնց կյանքում ոչինչ չի կատարվել: Նարինեի տնակը քարացել է Սպիտակի ժամանակի մեջ, որն, ասես, ոչ առաջ է գնացել, ոչ էլ` հետ: Տնակը շատ է «ծերացել», մեկ էլ` Նարինեն է առողջությունը կորցրել:
Երկու տարի առաջ ինձ խնդրում էր «տան հարցով» օգնել, իր ձայնը հասցնել իշխանություններին: Ասում էր` «Էլ չեմ դիմանում, էս խոնավությունը վրես շատ ա ազդում: Ամռանն արևը խփում ա էս ժեշտին` մեզ խաշում ա, ձմռանն էլ` ցուրտը մտնում ա մարմիններիս մեջ: Դոմիկը չի տաքանում, ստեղ` վառում, ընդեղ` սառում ա, տեղաշորը թաց ա: Երեխեքս մեղք են` կհիվանդանան, կկորցնեմ»: Երկու տարի առաջվա ժիր, աշխատասեր Նարինեից մնացել է մի հոգնած կին, ով այրող արևից ալերգիկ հիվանդություն է ստացել, իսկ խոնավությունից երիկամները շարքից դուրս են եկել: Մեկ էլ երկու տարի առաջվա Նարինեի մարմինն է ձևախեղվել` որովայնը ջուր է լցվել:
Յոթ երեխաներից ավագը` Նորայրը, մեկնել է Ռուսաստան աշխատելու: Նարեկը հիմա 10 տարեկան է, բայց չափահաս դառնալուն պես նա էլ կգնա արտագնա աշխատանքի, որովհետև չի ցանկանա Նորայրի նման ապրել «դոմիկում», լինել գործազուրկ ու տեսնել, թե ինչպես է մայրը հիվանդություններից տառապում: «Երեխես չէր դիմանում էս նեղությանը: Էստեղ էլ, գիտես, էլի համատարած գործազրկություն ա: Գնաց Ռուսաստան, ասեց` կաշխատեմ` ամիսը 15.000 դրամ կուղարկեմ, որ մի հատ տուն վարձեք ու էս դոմիկից դուրս գաք: Ինքն էլ արդեն մեծ էր, ուզում էր ամուսնանալ, բայց հասկանում էր, որ անհնար ա էս դոմիկ աղջիկ բերել, տեղ չունենք: Սենց ա Սպիտակում` դառնում են չափահաս ու չդիմանալով` հեռանում են»,- ասում է Նարինեն, ում մյուս անչափահաս երեխաները հողատարածք են մշակում, ծնողներին են օգնում, ծանր աշխատանք են կատարում և ոչ մի կերպ չեն համակերպվում գիշերօթիկ դպրոցում մնալու հետ:
Նարինեի «դոմիկի երկու մահճակալներին ու մի «ջարդուխուրդ» եղած բազմոցին գիշերում են ութ հոգով: Առավոտյան երեխաներն արթնանում են հոգնած ու մարած: «Ախր արդեն մեծացել են: Էն ժամանակ փոքր էին, շատ բան չէին հասկանում, համ էլ երեք-չորս հոգով տեղավորվում էին մի կռավաթի մեջ, բայց հիմա մեծացել են երեխեքս: Գիշերը մեկ էլ ձեններն եմ լսում` ազիզ, ոտքդ քաշի, ազիզ, ձեռքս մնաց տակս, ազիզ, մի հատ պտտվի` հագնվեմգ: Շատ մեղք են երեխեքս: Սաղ գիշեր պահակություն եմ անում, որ մեկը չքաշի մյուսին` բացի, կամ էն մեկի վրայից վերմակը մյուսի վրա շատ չձգվի: Էնքան վախեցա, որ երեխեքս կհիվանդանան, գիշերները պահակություն արեցի, որ ես հիվանդացա, կորցրեցի առողջությունս»,- ասում է յոթ երեխաների մայրը, ով միայն ժպտում է այն ժամանակ, երբ սկսում է խոսել իր ձեռքերով մշակած հողամասից ստացած բերքի մասին:
Ասում է` իր «բոստանին» իր հարազատ երեխաների պես սիրում է, որովհետև երեխաներն այդ հողակտորի բերքով են գոյատևում: Չնայած հիվանդանալուց հետո «բոստանից» մի քիչ հիասթափվել է. «Ախր ամեն մի թուփն ու ծառը աչքիս լույսի պես եմ պահել: Ամեն մի աճող բերքին գուրգուրել եմ, լավ խոսքեր եմ ասել: Հես ա` նայի ինչ լոբի եմ ստացել, նայի ինչ գեղեցիկ ա, մեռնեմ սրա ջանին: Հիվանդությունից հետո մի քիչ փոխվել եմ, գիտե՞ս, հողամասս աչքիս չի գալիս, հիասթափվել եմ»: Նարինեն ջերմությամբ համբուրում է հողակտորից քաղած կանաչ լոբին, ու երեխաների հետ թաքուն քրքջում են:
Ապրում են այն հողատարածքի վրա, որտեղ թաղված է երկրաշարժի հիշողությունը
Մի քանի ոտնաչափ տարածությամբ տնակի պայմաններն աննկարագրելի են, որտեղ յոթ երեխաների մասին հոգ տանելն առնվազն անիրական է թվում: Նարինեի երեխաները չափազանց դաստիարակված ու ազնիվ մարդիկ են: Նարեկը հողամասից հավաքած բերքը խնամքով լցնում է տոպրակի մեջ, ծանր-ծանր քարշ է տալիս դեպի տնակ, գեղեցիկ դասավորում է ու, գիրքը վերցնելով, քաշվում է մի անկյուն: Անդադար կարդում է: Երեխաները դժվարությամբ են գիշերօթիկ դպրոցում մնում, մորը շատ են կարոտում:
Նարինեն նույնպես հոգեբանորեն չի կարողանում հաղթահարել երեխաներից հեռու լինելու բարդույթը. «Չեմ դիմանում առանց երեխեքիս: Էնքան լավ երեխեք ունեմ: Զարմանում եմ, էս պետությունը ո՞նց չի գիտակցում իմ երեխեքի արժեքը: Իրանք շատ լավ մարդիկ են, ու մեր երկրին սենց ազնիվ մարդիկ շատ պետք կգան: Նարեկս գերազանցիկ ա: Ախր կարային շատ բաների հասնեին, բայց գիշերօթիկ ստիպված եմ տվել: Մեղք են, դոմիկում տանջվում են, չեն կարում քնեն: Մտածում եմ` գոնե գիշերը հանգիստ կքնեն, էլի: Մեծացել են, չգիտեմ` ո՞նց անեմ, որ քուր ու ախպեր իրար հետ չքնեն: Ինչքան էլ բացատրես, խոսաս հետները, մեկ ա, ախր էս տարիքում երեխան պիտի առանձին քնի»:
Երկրաշարժի փլատակներից Նարինեն փրկվել է իր առաջնեկի` նորածին երեխայի հետ: Անմիջապես տեղահանել են Ռուսաստան, որտեղ, սակայն, փոքրիկը չի դիմացել, ցրտահարվել, մահացել է: Ամուսինները վերադարձել են Հայաստան` երեխային հուղարկավորելու, և այլևս չեն վերադարձել Ռուսաստան: Նարինեն չի ցանկանում հիշել երկրաշարժի տարիները, քանի որ այդ էջն ամեն անգամ բացելիս` վերքերը թարմանում են, բայց չի էլ կարող փակած պահել, քանի որ երկրաշարժն իրենից մի ամբողջ կյանք է խլել:
Երեխաների հետ ապրում է այն հողատարածքի վրա, որտեղ իրենց սեփական տունն անցել է գետնի տակ: Նարինեի կյանքի դառնությունը «դոմիկի» տակ է, այն խոռոչում, որտեղով 1988-ն է անցել: Ասում է` ինքն էլ, ամուսինն ու երեխաներն էլ մինչև երկու տարի առաջ ապրում էին պետության տված օդից կախված խոստումներով: Այսօր էլ` խոստանում են բնակարանով ապահովել, բայց Նարինեն էլ, ամուսինն ու երեխաներն էլ հոգնել են: Էլ չեն հավատում պետությանը, որովհետև պետությունը 20 տարի իրենց խաբել է: Որովհետև պետությունը 20 տարի խաբելով` Նարինեին ստիպել է ապրել այն հողատարածքի վրա տեղադրված «դոմիկում», որի գետնի տակ թաղված է Նարինեի հիշողությունը։ Ու որի տակ թաղված են նաև Նարինեի առաջնեկի ծննդյան ուրախության ու մահվան մասին հիշողությունները: Նարինեն հիմա յոթ երեխաների մայր է. չափազանց լավ մայր է ու չափազանց լավ երեխաներ ունի:
Նարինեի` ցրտահարությունից մահացած առաջնեկին յոթ երեխաներից որևէ մեկը չի կարող փոխարինել: Յոթ երեխաների սերն ու ջերմությունը չեն կարող Նարինեին մոռացնել տալ ցրտահարված առաջնեկի մասին հիշողությունը:
«Ում ասես դիմել եմ տան համար, ասում եմ` երեխեքս մեղք են, մեզ տուն տվեք: Եղել ա, որ ինձ ասել են` քեզ ո՞վ էր ասում էդքան բերեիր: Վիրավորվել, թողել դուրս եմ եկել: Իմ կյանքի իմաստն ու իմ երջանկությունն իմ երեխեքն են: Երկրին էլ պետք կգան իմ երեխեքը, հավատա: Ու տենց ասողներին պատասխանում եմ` լավ եմ արել, ճիշտ եմ արել ու էլի կբերեի, եթե հիվանդ չլինեի: Ազնիվ խոսք, ես շատ առողջ կին եմ եղել, ու, եթե օրգանիզմս առողջ լիներ` ինչքան կարայի` կբերեի: Էդ ասողներն ամբողջ օրը հայտարարում են, թե սերունդը չբեր ա, աղջիկ երեխեքը սկի մի երեխա չեն կարում բերեն, վիժում են: Ուրեմն` երևի իրանց սերունդ պետք չի, թող անդարդ ապրեն: Թալանեն, մենակ ուտեն: Իմ երեխեքն իմ բոստանով էլ կկշտանան: Մենք անկուշտ չենք»: