
Էռնեկյանը երբևէ «Արմավիան» գնելու մտադրություն չի ունեցել. «Արմենիա միջազգային օդանավակայաններ»

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը երբևէ «Արմավիա» ընկերությունը գնելու մտադրություն չի ունեցել և չունի. Tert.am-ին հայտնել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկ ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան թեականորեն հաստատեց ընկերության վաճառքի մասին լուրերը։
Այսօր էլ «Հայկական ժամանակ» օրաթերթը հիշեցրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ Էդուարդո Էռնեկյանը 2008-ին գնել է իտալական «Վոլարե» ավիաընկերությունը և օրերս «Արմավիա» այցելած և աշխատակազմի հետ ծանոթացած իտալական ընկերության ներկայացուցիչները, հնարավոր է, որ հենց այդ ընկերությունից էլ լինեն։ Հետևաբար պոտենցիալ գնորդն էլ հե՛նց Էռնեկյանն է։
Իսկ «Արմենիա միջազգային ընկերության» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն ի պատասխան ասել է. ««Վոլարե» ավիաընկերությունը Է. Էռնեկյանին չի պատկանում. ժամանակին եղել է գնման գործընթաց, որը կասեցվել է»: