Հացի քրեական թանկացում
Հացի թանկացումը լինում է կամ նոմինալ, կամ քրեական: Ըստ news.am-ի, նման հայտարարություն է արել Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` մեկնաբանելով երկրում հացի գնի թանկացումը:
«Հացի գինը ձևավորվում է միջազգային բորսաներում, գազինը` Կրեմլում: Թանկացման դեմ բողոքելը նույնն է, ինչ բազմոցին նստած կռվել Բրիտանիայի դեմ: Անիմաստ գործ է: Սակայն, եթե մենք տեսնում ենք չպատճառաբանված, քրեական թանկացումներ, ապա դա ստուգելը հեշտ է` պետք է կշռել հացը: Ես ուրախ կլինեի դա անել հերթական անգամ, սակայն պետական մարմինները մշտապես ձգձգում են նման ստուգումները»,- ավելացրել է Պողոսյանը:
Ըստ նրա` անհրաժեշտ են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստուգումներ` հարկային մարմինների աջակցությամբ: «Եթե գնել են 300 գ ալյուր, բայց թխում են կես կգ-անոց հաց, ապա այստեղ հասկանալի է դառնում, թե որտեղից է մնացած 200 գ-ը»,- հավելել է Պողոսյանը:
Հիշեցնենք, հացի թանկացման խնդրին օրեր առաջ անդրադարձել էր նաև ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը մի կողմից՝ նշել էր, որ վերջին երկու շաբաթներին հացի գինը 10-20 դրամով թանկացնելու համար բավարար հիմքեր կան: Մյուս կողմից՝ նշել էր, որ ինքը չի կարող ասել, թե արդյո՞ք այդ հիմքերը բավարար չափով հիմնավորված են: Ամեն դեպքում, հանձնաժողովի նախագահը կարծիք էր հայտնել, որ հացի թանկացման պատճառը միջազգային շուկայում ցորենի ու ալյուրի գների թանկացումն է, և հավելել, որ գնագոյացումն ու գնային քաղաքականությունը Հայաստանում ազատ է ոչ միայն՝ հացի, այլ նաև մյուս շուկաներում, և ապրանքների գները ձևավորվում են շուկայում՝ առաջարկի ու պահանջարկի ներքո։