Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է որևէ երկրի դատարանում դատի տալ ՀՀ իշխանություններին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նամակ է գրել ԱԺ բոլոր 130 պատգամավորներին` նրանց առաջարկելով միանալ իր նախաձեռնությանը և համատեղ դիմել Սահմանադրական դատարան` Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Ըստ Փոստանջյանի՝ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածին:
Սահմանադրության 30-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության`18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև՝ անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք: Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող ՀՀ քաղաքացիները:
Իսկ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածում ասվում է. որ ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներից քվեարկությանը կարող են մասնակցել ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները`քվեարկելով էլեկտրոնային եղանակով: Նույն հոդվածն ընտրելու իրավունք է վերապահում նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների`ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցներին և նրանց արտերկրում բնակվող և ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամներին:
Ստացվում է, որ արտերկրում բնակվող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չեն աշխատում դեսպանատներում , հյուպատոսարաններում կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչություններում, կամ չեն հանդիսանում այդ հաստատություններում աշխատողների ընտանիքի անդամներ, զրկվում են ընտրելու իրենց սահմանադրական իրավունքից:
168.am-ը Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե ինչպես են պատասխանել իր նամակին պատգամավորները: Տիկին Փոստանջյանը նշեց, որ «Ժառանգություն» խմբակցության բոլոր անդամները կողմ են իր նախաձեռնությանը: Սա ուշագրավ է նրանով, որ «Ժառանգության» խմբակցությունում երկու պատգամավոր ունեցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` անդրադառնալով արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու իրավունք ընձեռող այս նախաձեռնությանը, ասել էր, որ դա ռիսկային է համարում:
«Հայկական ինքնության պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության ամբողջականության տեսանկյունից՝ այդ հարցը քննարկման է արժանի, բայց, միևնույն ժամանակ, ունենք Հայաստանից դուրս բնակվող շատ քաղաքացիներ, որոնք կարող են ենթարկվել ճնշումների՝ թե իրենց ապաստան տված պետությունների ներսում, թե նաև Հայաստանի որոշ ուժերի կողմից: Դրա համար ավելի լավ է պահպանել հետևյալ երկակի օրենքը, որ քվեարկում է նա, ով երկրի քաղաքացի է ու բնակվում է այդ երկրում»,- Aravot.am-ին ասել էր տիկին Սեդրակյանը: Ինչևէ, Զ. Փոստանջյանի նախաձեռնությանը կողմ են արտահայտվել նաև ՀՅԴ խմբակցության անդամները:
ՀԱԿ խմբակցությունից իրեն գրավոր պատասխանել է միայն Հրանտ Բագրատյանը, ով նույնպես համաձայնել է միանալ ՍԴ դիմելու նախաձեռնությանը: ՀԱԿ մյուս պատգամավորներից պատասխան առայժմ չկա: Փոստանջյանը, չսպասելով պատասխանին, ինքն է մոտեցել այլ խմբակցությունների պատգամավորների և հարցրել, թե ինչպես են վերաբերվում իր նախաձեռնությանը:
ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը և Հովհաննես Սահակյանն ասել են, որ այդ հարցը խմբակցությունում չի քննարկվել, և իրենց դիրքորոշումը համահունչ է լինելու խմբակցության դիրքորոշմանը: ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ասել է, որ հնարավոր է` ինքը ևս միանա նախաձեռնությանը: Չնայած, դժվար թե նման բան անի, քանի որ ԲՀԿ-ում որոշվել է չմիանալ որևէ նախաձեռնության, որին միանում է նաև «Ժառանգությունը»: Այնպես որ, ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն և, կարծես թե, այդքան ստորագրություն չի հավաքվի:
Զարուհի Փոստանջյանը նույն հարցով դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, ով ևս չի պատասխանել: «Պարզ է, որ պաշտպանը գիտի, որ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածը հակասահմանադրական է, սակայն չի կարող նման պատասխան գրել»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
Նա այս խնդրի նկատմամբ ՀՀ իշխանությունների ուշադրությունը գրավելու համար պատրաստվում է ևս մեկ ակցիա կազմակերպել. «Մտածում եմ՝ քվեարկության օրը գործուղման մեջ գտնվել արտասահմանում և դիմել տվյալ երկրի դատարան՝ պարտավորեցնելու ՀՀ իշխանություններին՝ ապահովելու իմ ընտրելու սահմանադրական իրավունքը»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
Փոստանջյանը երևի մտածում է, որ ՀՀ-ից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները դեմ կքվեարկեն իշխանությանը, և այդ դեպքում ընդդիմությունն ընտրությունների ժամանակ հաջողության ավելի մեծ հնարավորություն կունենա: Իհարկե, սա շատ միամիտ մոտեցում է, քանի որ դեսպանատներում կամ հյուպատոսարաններում էլեկտրոնային եղանակով կազմակերպվող քվեարկությունը շատ ավելի հեշտ է կեղծել: