Բաժիններ՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Վիեննայում կմասնակցի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական համաժողովին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի, այնուհետեւ Իտալիայի Հանրապետություն:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-26-ը նախարարը կմասնակցի Վիեննայում կայանալիք Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական համաժողովին, որի ընթացքում կքննարկվեն առեւտրի, ներդրումների, ֆինանսների, զբոսաշրջության եւ էներգետիկայի ոլորտներին առնչվող հարցերը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները:

Այցի շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախարարը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրենի տեղակալ Փիթեր Բալասի, Ավստրիայի էկոնոմիկայի դաշնային նախարար Ռեյնոլդ Միթերլեհների եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բուշերի հետ:

Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կմեկնի Հռոմ` մասնակցելու հայ-իտալական գործարար համաժողովին:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 27-ին Տիգրան Դավթյանը կհանդիպի Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կորադո Պասերայի, Իտալիայի տուրիզմի ու սպորտի նախարար Պիերո Գնուդիի եւ Իտալիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Սանտո Սանտորոյի հետ:

Իսկ սեպտեմբերի 28-ին  Հռոմում կկայանա գործարար համաժողով մոտ 200 իտալացի գործարարների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ գործարար միջավայրը:

Համաժողովը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայկական զարգացման գործակալության, Իտալիայի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության եւ Իտալիայի առեւտրաարդյունաբերական պալատի համատեղ ջանքերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս