«Կինոշոկ» միջազգային փառատոնն ավարտվել է ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմով
Ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» հայկական արտադրության ու Պետեր Սիմի «Մենավոր կղզին» (Բելառուսի, Էստոնիայի ու Լիտվայի համատեղ արտադրություն) ֆիլմերի ցուցադրությամբ սեպտեմբերի 22-ին ավարտվեց «Կինոշոկ» փառատոնի հիմնական մրցութային աշխատանքների ցուցադրությունը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Եթե բոլորը» լիրիկական կատակերգությունը պատմում է ռուս աղջկա՝ Սաշայի մասին, որը Սարատովից գալիս է Հայաստան՝ Արցախի պատերազմի ժամանակ զոհված հոր ծառայակցի՝ Գուրգենի մոտ:
Գուրգենն այն ջոկատի հրամանատարն էր, որտեղ ծառայել է Սաշայի հայրը, սակայն նա չգիտի, թե որտեղ է թաղված հայրը:
Գուրգենն ու Սաշան պարզում են, որ աղջկա հոր գերեզմանը սահմանի մյուս կողմում է:
«Երբ ես սկսում էի այս ֆիլնը, քիչ գիտեի Ղարաբաղյան պատերազմի մասին, և նախագիծը սկսեցի մարդկանց հետ հանդիպելուց: Ինձ համար բացահայտում էր, որ կոնֆլիկտը մինչ այժմ արդիական է, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը մինչ օրս լարված է: Ես արել են ամեն ինչ, որ ժապավենը կոնֆլիկտային չլինի: Ես ուզում էի անել ոչ թե հայկական ժապավեն, այլ ժապավեն մարդկանց, պատերազմի ողբերգության մասին»,- ասել է Բելյաուսկենեն:
Նշենք, որ գաղափարի հեղինակն ու Գուրգենի դերակատարը երգիչ, դերասան Միքայել Պողոսյանն է:
«Նա հիմնականում հայտնի է իր կատակերգական դերերով, սակայն ցանկանում էր կատարել լուրջ աշխատանք: Որպես պրոդյուսեր նա առաջին անգամ է հանդես գալիս, նրա համար դա մարտահրավեր էր. նա պրոֆեսիոնալ տենոր է՝ օպերային երգիչ»,- պատմել է Բելյաուսկենեն:
Գլխավոր հերոսուհուն՝ Սաշային, մարմնավորել է Եկատերինա Շիտովան: «Նրա հայրը դեմ էր, որ աղջիկը դերասանուհի դառնա: Երբ նա եկավ Հայաստան, հայրը դեմ էր այդ ուղևորությանը: Մենք երկար բանակցում էինք ու արդյունքում նա թողեց, սակայն մի պայմանով, որ նա չզբաղվի դերասանությամբ: Աղջիկը հեռացավ և հիմա սովորում է Լոնդոնում»,- ասել է կինոռեժիսորը:
«Եթե բոլորը» Բելյաուսկենեի լիամետրաժ դեբյուտն է, մինչ այդ նա աշխատել է միայն հեռուստաֆիլմերում ու սերիալներում:
«Կինոշոկ-2012»-ի հիմնական ծրագրում մասնակցել է 14 ֆիլմ: Բացի «Եթե բոլորը» և «Մենավոր կղզին» ֆիլմերից՝ մրցութային ծրագրում ներառվել է ռուսական երկու ֆիլմ՝ Ալեքսանդր Գորնովսկու «Բլինդաժը» և Ալեքսեյ Բալաբանովի «Ես նույնպես ուզում եմ» ֆիլմերը, ինչպես նաև «Քնած թիթեռնիկների ամրոցը» (Լիտվա), Այուբ Շախոբիդդինովի «Երկինքն իմ տունն է» (ՈՒզբեկստան) , Զազա Ուրուշաձեի «Խնամակալը» (Վրաստան) և այլ ֆիլմեր:
Շաբաթ ավարտվել է նաև կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը:
Երկու մրցութային ծրագրերում հաղթողների անունները հայտնի կդառնան «Կինոշոկ» միջազգային փառատոնի փակման արարողությանը: