Բաժիններ՝

Բուժում է վուշը

Հին եգիպտացիները համարել են, թե վուշն Աստծո կողմից ստեղծված առաջին խոտաբույսն է։ Բնության մեջ գոյություն ունեն վուշի մոտ 100 տեսակներ։ Դրանք միամյա կամ բազմամյա բույսեր են։

Առաջին հիշատակությունն այս զարմանալի բույսի մասին արվել է Հին Հնդկաստանում։ Այս տարածքներում 9000 տարի առաջ սովորել են պատրաստել վուշի մանվածք։ Հայտնի է, որ վուշից պատրաստված սավանները, սեղանի ծածկոցները, ներքնազգեստը, շորեղենը շատ ամուր են։ Վուշի մանվածքն ամռանը պահպանում է մարմինն ուժեղ քրտնարտադրությունից, իսկ ձմռանը` տաքացնում, հրաշալի ջերմամեկուսիչ է։ Գրեթե բոլոր լեզուներում բույսի անվանումը հնչում է միանման` lin։ Հայերենում այն կոչվում է նաև կտավատ։

Վուշ սովորականը կամ ցանովին` միամյա խոտաբույս է, բարձրությունը հասնում է 0,6-1,5 մ, ցողունը բարակ է, ուղղաձիգ, վերին մասում` ճյուղավորվող, տերևները բազմաթիվ են, նեղ նշտարաձև կամ գծային, մոտ 4-5 սմ երկարությամբ, պարուրաձև տեղակայված։
Ծաղիկները բաց կապույտ են, հազվադեպ` սպիտակ, խոշոր, հավաքված կիսահովանոցավոր գագաթային ծաղկաբույլերի մեջ։ Ծաղկաթերթիկները և առէջքները հնգական են։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։

Եթե տեսել եք ծաղկած վուշի դաշտը, ապա նկատած կլինեք, որ այն հեռվից նման է հորիզոնի հետ հպվող ծովի, տեսարանը մոտիկից էլ շատ գեղարվեստական է։
Պտուղը գնդաձև, 10 սերմ պարունակող տուփիկ է։ Ունի կարևորագույն տնտեսական նշանակություն` ցողունից ստանում են արժեքավոր մանվածք, սերմից` չհագեցած ճարպային թթուներ պարունակող, հակասկլերոտիկ հատկություն ունեցող յուղ։

Կարդացեք նաև

Վուշի սերմի դեղաբանական ազդեցության ոլորտը շատ լայն է։ Պարունակում է կենսաբանորեն ակտիվ ճարպեր, սպիտակուց, ենթավիտամին A, օրգանական թթուներ, ֆերմենտներ, լորձ, գլիկոզիդ լինամարին, ոչ մեծ քանակությամբ ածխաջրեր։
Լորձի և լինամարինի բարձր պարունակության շնորհիվ սերմի պատրաստուկները պարուրում են աղեստամոքսային համակարգի նյարդային վերջույթները, ինչի շնորհիվ ունեն ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն` քրոնիկ հիվանդությունների սրացման շրջանում։
Պարուրող նյութերի առկայությունը նաև կանխարգելում է ինֆեկցիոն բնույթ ունեցող թունավոր նյութերի ներծծումն աղիների պատերի միջոցով։ Պատրաստեք հետևյալ դեղամիջոցը`

  •   1թ/գ սերմը 1 ժամ թրմեք ապակե տարայում` 200 մլ եռջրի մեջ, տաք տեղում։

Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ յուրաքանչյուր հատիկը պատված է թափանցիկ լորձաթաղանթով։ Այդ պատճառով թուրմը քամելուց առաջ հարկավոր է այն լավ խառնել և թափահարել։ Չէ՞ որ մեզ համար կարևոր է, որ լորձն անցնի աղեստամոքսային համակարգի մեջ։

  •   Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Ճարպերի բարձր պարունակության շնորհիվ սերմն ունի փափկեցնող, հակաբորբոքային ազդեցություն, արագացնում է հյուսվածքների վերականգնման գործընթացը` ինչի շնորհիվ անփոխարինելի հումք է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի բուժման ընթացքում, որպես օժանդակ միջոց։ Հատկապես ստամոքսի լորձաթաղանթի սուր ցավերով ուղեկցվող, քրոնիկ բնույթի բորբոքման ժամանակ։

Վուշի սերմը նպաստում է մարսողության կարգավորմանը։ Այդ նպատակով սերմը կոտրատեք և խմեք կեսական թ/գ, օրը 3 անգամ` սնվելու ընթացքում, 50 մլ ջրի հետ։
Կարևոր է, որ սերմն անցնի աղիների մեջ և ուռչի այնտեղ, այդ պատճառով տվյալ պարագայում դրանք պետք չէ նախապես թրջել։
Լորձն օգտակար է նաև, եթե կա բորբոքային ընթացք երիկամներում, միզապարկում, շնչուղիներում։

  • 1թ/գ լավ հասունացած սերմը 15-20 րոպե թրջեք 100 մլ եռջրում։ Լավ խառնեք, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ օրը, 3 անգամ` սնվելուց առաջ։

Վերոգրյալ թուրմով դրեք կարճատև թրջոցներ կամ մաքրեք կոնյուկտիվիդով վարակված աչքի հատվածները։
Լնդերի հիվանդության, բերանի և կոկորդի լորձաթաղանթների բորբոքումների բուժման նպատակով պատրաստեք ողողումների համար նախատեսված եփուկ։

  •   2 ճ/գ սերմին ավելացրեք 1 լ ջուր, եռացրեք 15 րոպե, փաթաթեք տարան վուշե լաթով, թրմեք 1 ժամ։ Թափահարեք և խառնեք եփուկը, քամեք։

Միզաքարային հիվանդության դեպքում, երիկամների մաքրման նպատակով ամիսը 1-2 անգամ պատրաստեք հետևյալ եփուկը.

  •   5 ճ/գ վուշի սերմին ավելացրեք 1 լ սառը զտված ջուր, թրմեք 30 րոպե, լավ խառնեք, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը։ Թրմեք մինչև հովանալը։ Քամեք։

Խմեք 100-ական մլ, 2 ժամը մեկ, շարունակեք 2 օր։

Վուշի սերմն օգտակար դիետիկ սննդամթերք է։ Այն նվազեցնում է ալերգիկ ռեակցիայի ընթացքը, խորհուրդ է տրվում ետվիրահատական շրջանում հյուծված մարդկանց, բարձրացնում է կենսուրախությունը, նպաստում ուժերի վերականգնմանը։
Պարունակում է նյութեր, որոնք ի զորու են կանխարգելել և նվազեցնել հորմոնալ բնույթ ունեցող որոշ օնկոլոգիական հիվանդությունների ընթացքը` հատկապես շագանակագեղձի ադենոմայի և կրծքագեղձի քաղցկեղի։

Եթե կանոնավոր կերպով ոչ մեծ քանակությամբ (1-3 գ) ընդգրկեք սննդակարգի մեջ, ապա սերմի մեջ պարունակվող օմեգա-3-ը կնպաստի ինսուլինի արտադրության և դրական ազդեցության գործընթացին, ինչի շնորհիվ օրգանիզմը կպաշտպանվի շաքարային դիաբետի առաջացումից և զարգացումից։ Բուժիչ հատկությունների լայն սպեկտրի շնորհիվ` վուշը շատ հարգի է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայում։

Սերմը կարգավորում է խոլեստերինի մակարդակը և բալանսը, ունի արտահայտված հակաօքսիդանտ ազդեցություն` պահպանում է մաշկը ծերացումից։
Կանխարգելում է աթերոսկլերոզի, ինֆարկտի, առիթմիայի, թրոմբների, այլ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։

Վուշի սերմի չհագեցած ճարպաթթուների հիմքի վրա ստացվում է «Լինետոլ» դեղամիջոցը, որն իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան ավիշի մեջ։ Տվյալ դեղամիջոցն անփոխարինելի է հատկապես տարեց մարդկանց համար, այն բավականին մատչելի գին ունի և իր արդյունավետությամբ չի զիջում թանկարժեք այլ դեղերին։

«Լինետոլն» օգտակար է ոչ միայն աթերոսկլերոզով հիվանդներին, այլև ունի ճառագայթային կամ ջերմային ազդեցությունից վնասված մաշկը վերականգնելու հատկություն։
Նաև բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում է վահանագեղձի, ստամոքսի, աղիների, լյարդի գործունեությունը։ Նախաճաշից կես ժամ առաջ խմեք 1 թ/գ վուշի յուղ։

Հակացուցում։ Պատրաստուկներն ունեն արտահայտված լեղամուղ հատկություն, չի կարելի օգտագործել հեպատիտով, խոլեցիստիտով (սրացման շրջանում) հիվանդներին, աղիների անանցանելիության դեպքում։

Ավելորդ քաշ. 2 ճ/գ սերմին ավելացրեք 1 լ եռջուր, 2 ժամ պահեք թույլ կրակի վրա։
Ստացված դոնդողը հարկավոր է խմել սերմերի հետ` 100-ական մլ, օը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 15 օր։ Կրկնեք 4-6 անգամ։
Օրգանիզմի մաքրում. Առաջին 7 օրը նախաճաշին կերեք 2-ական թ/գ վուշի սերմի ալյուր և 50 մլ մածուն։

Երկրորդ շաբաթվա ընթացքում` 4-ական թ/գ ալյուր, 75 մլ մածուն, երրորդ շաբաթը` 6-ական թ/գ վուշի սերմի ալյուր և 100-ական մլ մածուն։

Նման սննդակարգն ունի մի այլ շատ կարևոր նշանակություն` կարգավորելով մարսողությունը, նվազեցնում է սննդային ալերգիայի զարգացման հավանականությունը։
Հաճախ երեխային զրկում են կաթնամթերքից` պատճառաբանելով, թե այն պատճառ է հանդիսանում լուծի կամ մաշկային ցանի։ Կալցիումի պակասը հանգեցնում է երեխայի կմախքի ոչ լիարժեք զարգացմանը։ Խնդիրը բարդանում է նրանով, որ առաջանում է հոգեբանական ալերգիկ սինդրոմ կաթնամթերքի հանդեպ։ Հատկապես աղջիկների մոտ առաջանում են բարդ խնդիրներ հղիության շրջանում։

Նպաստելով մարսողությանը` վուշի պատրաստուկները լուծում են նաև մի այլ շատ կարևոր խնդիր` մաշկը դառնում է ավելի հարթ և առաձգական։
Հաճախ բորբոքվող չոր մաշկ. 2 ճ/գ սերմը եփեք 400 մլ ջրով, մինչև ստացվի շիլայանման զանգված, լցրեք թանզիֆի վրա, գոլ (40-50C) վիճակում տեղադրեք դեմքին և պարանոցին։ Պահեք 20 րոպե, լվացեք` տաք և ցայեք` սառը ջրով։

Ծակոտկեն մաշկ. Նույն կերպ պատրաստված զանգվածը տեղադրեք հով վիճակում (25 C), լվացեք սառը ջրով։
Չոր, թեփոտվող մաշկ. 10 ճգ սերմը 30 րոպե եփեք 2 լ ջրով։ Քամեք։ 5 ճ/գ երիցուկի ծաղիկը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում։ Եփուկը և թուրմն ավելացրեք լոգանքի ջրի մեջ։ Տևողությունը` 15-20 րոպե, ջերմաստիճանը` 37-38 C։

Հաճախակի ներկելու պատճառով թուլացած մազերի խնամք. Մազերը մի քանի րոպե պահեք գոլորշու վրա։ Վուշի յուղով ներմերսեք գլխամաշկը և մշակեք մազերը, 30 րոպեից լվացեք մազերը օճառով (հեղուկով)։

Շրթունքների խնամք. Թեփոտվելու դեպքում` մշակեք վուշի սերմի խիտ եփուկով։
Եղունգների խնամք. Ներմերսեք վուշի յուղը։ Ունի ամրացնող ազդեցություն։
Պառկելախոց. Օգտագործեք միայն վուշից պատրաստված անկողնային սպիտակեղեն։ Այդ դեպքում վերքերի առաջացման հավանականությունը գրեթե զրոյական է։
Մաշկային հիվանդություններ. Օգտագործեք վուշից պատրաստված սպիտակեղեն և շորեր։
Նևրալգիկ ցավեր. Տրորեք խորդենու (չպՐՈվՖ) 2-3 տերև, դրեք ցավոտ տեղին, ծածկեք վուշե անձեռոցիկով, ամրացրեք։ Կես ժամ մեկ դրեք թարմ տերևներ։ Շարւնակեք 2-3 ժամ։
Վերքեր, քոր. Բովեք, փոշիացրեք սերմը, մշակեք վնասված մասերը։
Թոքախտ. 500 գ բաց գույնի մեղրին ավելացրեք 200 մլ վուշի յուղ, տաքացրեք ջրային բաղնիքի վրա, անընդհատ խառնեք, մինչև ստանա կարմրավուն դոնդողի տեսք։ Հովանալուց հետո պահեք սառնարանի մեջ։ Նախաճաշից առաջ լեզվի տակ դրեք 1 սմ տրամագծով դոնդողից անջատված «հաբը», պահեք մինչև հալչի, կուլ տվեք։
Պանկրեատիտ. Հիմնական բուժումից հետո ենթաստամոքսային գեղձն ամրացնելու նպատակով.

Խառնեք վաղենակի ծաղիկը, վուշի սերմը, դաղձի տերևը, բեկտենու կեղևը, երիցուկի խոտը (2։2։2։2։1)։ Հումքի 2 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 100-150-ական մլ, օրը 3-5 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 1 շաբաթ, կրկնեք ևս 1 անգամ։
Տրոֆիկ խոց. Մանրացրեք, խառնեք 200 գ նիվենու տերև, 2 ատամիկ սխտոր (միջինը), ավելացրեք կես լիտր վուշի յուղ։ 21 օր թրմեք մութ տեղում։ Քամեք։ Օրը 2-3 անգամ դրեք թրջոցներ, պահեք մինչև 1 ժամ։

  • 100 գ ընկույզի միջուկը 21 օր թրմեք կես լիտր յուղի մեջ, դրեք մութ տեղում։ Քամեք։ Քսեք ազդրից մինչև ծունկը, մաքրեք 1-2 ժամից ֆուրացիլինով, ծիծեռնախոտի կամ քարխոտի թուրմով (1ճ/գ-ն 10 րոպե եփեք 400 մլ ջրով)։

Ստամոքսի խոց. Մանրացրեք, խառնեք երիցուկի ծաղիկը, սրոհունդի խոտը, վուշի և համեմի սերմը (հավասար)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 400 մլ եռջուր, 15 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 1 ժամ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ։
Այրվածք. Փոշիացրած սերմին ավելացրեք տաք ջուր այնքան, որ ստացվի շիլա, բարակ շերտով քսեք վնասված հատվածին։

Բրոնխիտ. Խառնեք 100 գ վուշի կտրատած սերմ, 20-ական գ անիսոնի սերմի և կոճապղպեղի արմատի փոշին, 200 գ մանր կտրատած սխտոր, 300 գ մեղր։ Թրմեք 1 շաբաթ մութ տեղում։ Կերեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք` մինչև վերջանալը։
Ցիստիտ. Խառնեք վուշի սերմը, անտառային փիփերթի և տուղտի ծաղիկները (1։1։4)։ Հումքի 10 գ-ն թրմեք 30 մլ եռջրում` մինչև հովանալը։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Գլխամաշկի քոր. 250 գ վուշի սերմին ավելացրեք 5 լ եռջրուր, եփեք կես ժամ։ Ավելացրեք անհրաժեշտ քանակի ջուր` լվացեք գլուխը։ Չի կարելի օգտագործել օճառ և նման միջոցներ։
Խորհրդակցեք բժշկի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս