Գործուն զղջում

«Քննարկումները գտնվում են մեր օրակարգում, և մշտապես, երբ հանդիպում ենք մեր գործընկերների հետ, հարցը քննարկում ենք: Պաշտոնապես միությանը մասնակցելու հրավեր մենք չենք ստացել, քանի որ այդ քննարկումները դեռևս ավարտված չեն: ՀՀ-ն շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով՝ ինչպես ԵվրԱզԵՍ-ի, այնպես էլ՝ ԱՊՀ-ի, այնպես էլ՝ Եվրամիության շրջանակներում»:

Այսօր նորընտիր խորհրդարանի անդրանիկ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցերին` Հայաստանին՝ Եվրասիական միության հետ կապված պաշտոնական հրավեր եղե՞լ է, և ինչպիսի՞ն է ՀՀ կառավարության վերաբերմունքը միության նկատմամբ, որոշակի գործընթացներ նախատեսվա՞ծ են, թե՞ ոչ:

«Մենք նույնպես համաձայն ենք, որ համագործակցության այդ գործիքները պետք է կատարելագործվեն և համապատասխան լինեն ժամանակակից աշխարհի մարտահրավերներին և պահանջներին: Մենք կարծում ենք, որ սխալ է ինտեգրացիոն գործընթացները հակադրել մեկը մյուսին, և այդ առումով ՌԴ քաղաքական հայտարարությունները համընկնում են մեր դիրքորոշման հետ, այսինքն` Եվրամիության ինտեգրացիայի գործընթացները երբեք չի կարելի հակադրել ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող գործընթացներին»,- ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը Եվրասիական միության վերաբերյալ՝ ասել է Տ. Սարգսյանը: Այս հայտարարություններն ուշագրավ են նրանով, որ ՀՀ վարչապետի կողմից հնչող առաջին հրապարակային գնահատականներն են` Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջ բարձրացված աղմուկից հետո:

Վերջին անգամ Տ. Սարգսյանը Եվրասիական միության, մասնավորապես՝ այդ կառույցի «հենքը» համարվող Մաքսային միության վերաբերյալ հրապարակային կարծիք էր հայտնել այս տարվա մայիսին` ռուսական «Վեդոմոստի» պարբերականում հրապարակված հոդվածում: «Մենք միշտ էլ եղել ենք ԱՊՀ-ի և ԵվրԱզԵՍ-ի շրջանակներում տնտեսական կապերի խորացման ջատագովը: Միևնույն ժամանակ, Մաքսային միությանն անդամակցելը մեզ համար անբովանդակ է աշխարհաքաղաքական պատճառներից ելնելով՝ չկան Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ընդհանուր սահմաններ»,- գրել էր Տ. Սարգսյանը, ով Հայաստանի միակ բարձրաստիճան պաշտոնյան էր, ով այդպիսով հրապարակայնորեն դեմ էր արտահայտվել Մաքսային միությանը, ուստի նաև` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը:

Տ. Սարգսյանի այս գնահատականների վրա հիմնվելով անգամ՝ շատերը հետևություններ էին անում, որ նա իր վրա է վերցրել Հայաստանին «ռուսական ճնշումից պաշտպանելու բեռը»: Մայիսից հետո,  սակայն, շատ ջրեր հոսեցին. օգոստոսին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա, որտեղ նրա հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը, կարծես ի պատասխան հենց Տ. Սարգսյանի վերը նշված «ըմբոստացմանը»՝ հայտարարեց, որ Հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովն ուղիներ կգտնի՝ ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտները վերացնելու համար: Դրանից մի քանի օր անց Տ. Սարգսյանի հանդեպ առանձնապես ջերմ վերաբերմունք չտածող ԲՀԿ-ի երիտասարդները Ծաղկաձորում Եվրասիական միությանը նվիրված կոնֆերանս կազմակերպեցին, ի վերջո, Հայաստանի քաղաքական վերնախավում չգտնվեց մեկը, ով կհամարձակվեր դեմ արտահայտվել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը:

Այս պայմաններում Տ. Սարգսյանի այսօրվա հայտարարությունները, «Վեդոմոստիի» նրա գնահատականների տոնից ակնհայտորեն մեղմ տոնայնությամբ, հիշեցնում են «գործուն զղջման խոսքեր»: Բացառված չէ, որ հետևելով այդ հարցի շուրջ հայաստանյան զարգացումներին, Տ. Սարգսյանը հասկացել է, որ ինքը կարող է դառնալ «սպիտակ ագռավ»` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում: Իսկ հիմա՝ նախագահական ընտրություններից առաջ ու ՀՀԿ-ի կողմից ակնհայտորեն հանդուրժվող ԲՀԿ-ի հակավարչապետական հայտարարությունների ֆոնին, այդ կարգավիճակը, մեղմ ասած, ձեռնտու չէ և կարող է հղի լինել անկանխատեսելի հետևանքներով: Բացի այդ, այս օրերին Հայաստանի պաշտոնական ու քաղաքական վերնախավը շունչը պահած սպասում է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան կայցելի՞, թե՞ ոչ: Տ. Սարգսյանն այդ վերնախավի ներկայացուցիչներից մեկն է և գուցե այսօրվա հայտարարություններն արել է` մտավախություն ունենալով, որ հակառակ պարագայում՝ ինքը կարող է չլինել Պուտինի հետ ձեռք սեղմողների շարքում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս