Լևոնների պարտությունը

«Տեր-Պետրոսյանը շատ լուրջ պետք է քննարկի բոլոր գործոնները, քաղաքական, բոլոր ռեսուրսները` մինչև կարողանա որոշում ընդունել այդ ուղղությամբ: Կարևոր են այլ քաղաքական ուժերի մոտեցումները: Եվ այդ ամենը պետք է ճշտել. և՛  ներքաղաքական առումով մեր հարաբերությունները, և՛ արտաքին քաղաքական առումով մեր հարաբերությունները: Պետք է հասկանալ, թե ինչ նախադրյալներ կան նման որոշման ընդունման համար»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում` անդրադառնալով 2013 թվականի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հնարավորությանը, ասել է  Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Թե մասնավորապես ի՞նչ գործոնների ու ռեսուրսների մասին է խոսքը, Լևոն Զուրաբյանն այնքան էլ չի մասնավորեցնում` բավարարվելով այսքանով. «Ցանկացած լուրջ թեկնածու, գնահատելով իր շանսերը որևէ ընտրություններում, նաև կատարում է իր դաշնակիցների ինվենտարիզացիա»: Դաշնակիցների ինվենտարիզացիայի հարցը Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում այնքան էլ հեշտ չէ, քանի որ մոտ մեկ տարի առաջ մեկնարկած «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում նա իր պոտենցիալ դաշնակիցներին դրեց մի բևեռում` ի դեմս  ԲՀԿ-ի ու քոչարյանամերձ ուժերի: Արդյունքում՝ նվազեցին Տեր-Պետրոսյանի դաշնակիցները ոչ միայն քաղաքական դաշտում, այլև սեփական թիմում. Հայ ազգային կոնգրեսը լքեցին բազմաթիվ կուսակցություններ ու քաղաքական գործիչներ:

Այս պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանի համար իսկապես հեշտ չէ որոշել` առաջադրվե՞լ նախագահական ընտրություններում, թե՞ ոչ, քանի որ այդ որոշումից է կախված լինելու ոչ միայն իր, այլ նաև Հայ ազգային կոնգրեսի քաղաքական ապագան: Չառաջադրվելու դեպքում՝ չափազանց մեծ է հավանականությունը, որ ՀԱԿ-ը վերջնականապես կկազմաքանդվի, առաջադրվելու դեպքում` նույնքան մեծ է ընտրություններում չհաղթելու հավանականությունը: Լ. Տեր-Պետրոսյանի ընտրության տարբերակներն առանձնապես մեծ չեն. եթե նա որոշել է չառաջադրվել, սակայն ցանկանում է, այնուամենայնիվ, պահպանել ՀԱԿ-ը, ապա լավագույն դեպքում ինքը կարող է կազմակերպել դեռևս Կոնգրեսում մնացած այն ուժերի ու գործիչների հեռացումը, որոնք հաստատ դուրս կգան իր չառաջադրվելու դեպքում:

Այդպիսով, իհարկե, ՀԱԿ-ի`«միակ ու անփոխարինելի ընդդիմության» կարգավիճակը վերջնականապես հօդս կցնդի, բայց ավելի «համեստ ձևաչափը» հնարավորություն կտա առաջադրել իրենից բացի մեկ այլ թեկնածուի, կամ սատարել մեկ ուրիշի, ասենք՝ ԲՀԿ-ի թեկնածուին:
Ինչ վերաբերում է ընտրություններում չառաջադրվելու դեպքում ՀԱԿ-ի կողմից մեկ այլ թեկնածուի առաջադրմանը, ապա այդ հարցում ևս, բնականաբար, Լ. Տեր-Պետրոսյանը սեփական հաշվարկներն ունի: Իհարկե, տարբերակներն այնքան մեծ չեն, և հնարավոր մի քանի անուններ արդեն իսկ շրջանառվում են մամուլում` Հրանտ Բագրատյան, Լևոն Զուրաբյան:

Նիկոլ Փաշինյանն  ինքը բացառել է, որ կարող է  լինել ՀԱԿ-ի թեկնածուն առաջիկա ընտրություններում: Կա, իհարկե, նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով ստեղծված պայմաններում գուցե ամենաընդունելի թեկնածուն կարող է դառնալ ՀԱԿ-ի համար, սակայն դրան, ամենայն հավանականությամբ, դեմ կլինի առաջին հերթին՝ Լ. Տեր-Պետրոսյանը:  Խնդիրն այն է, որ իր թեկնածությունը չառաջադրելու դեպքում՝ Լ. Տեր-Պետրոսյանին անձնապես անհրաժեշտ է լինելու ոչ թե ՀԱԿ-ի հնարավորինս շահեկան մասնակցությունն  ընտրություններին (հաղթանակի մասին մտածելն անմտություն է), այլ ճիշտ հակառակը` որպեսզի պարտությունը հնարավորինս ջախջախիչ լինի: Առաջին հայացքից անհեթեթ թվացող այս տարբերակը միանգամայն իրական է, եթե հաշվի առնենք Լ. Տեր-Պետրոսյանի անձնական որակները և սեփական թիմում միակ, անվերապահ ու անփոխարինելի առաջնորդ լինելու նրա «տաբուն»: Ի վերջո, 1998 թվականից հետո հեռանալով իշխանությունից ու քաղաքականությունից, Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց, որպեսզի իր թիմում որևէ մեկը քաղաքական լուրջ հավակնություններ չդրսևորի:

Այն դեպքում, երբ առնվազն մեկ տասնյակ գործիչներ, այդ «տաբուն» խախտելու դեպքում, այսօր կարող էին իշխանությանն իրական այլընտրանք հանդիսացող նախագահի թեկնածու լինել: Սակայն նրանց մեծ մասն այլևս Լ. Տեր-Պետրոսյանի թիմում չէ, մնացել են միայն նրանք, ովքեր շարունակում են անվերապահորեն ընդունել նրա առաջնորդությունը: Այս պայմաններում մտածել, որ Լ. Տեր-Պետրոսյանը ճանապարհ կբացի թեկուզ՝ չհաղթող, սակայն հեռանկար ունեցող որևէ թեկնածուի համար, միամտություն կլինի: Այնպես որ, Լ. Տեր-Պետրոսյանին պետք է, որ իր չառաջադրման դեպքում ՀԱԿ-ի թեկնածուի ֆիասկոն հնարավորինս մեծ լինի, ինչը հերթական անգամ կփաստի, որ ամեն ինչ պայմանավորված էր իր անձով, և առանց իր անձի՝ «փրկությունը բացառված է»:

Իհարկե, դա որևէ շոշափելի արդյունք չի տա, դա կլինի ընդամենը երկրորդ անգամ ու, թերևս, անվերադարձ քաղաքականությունից հեռանալու Տեր-Պետրոսյանի «մխիթարանքը»: Ահա թե ինչու է որպես ՀԱԿ-ի ամենահավանական թեկնածու՝  շրջանառվում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի անունը, ով առաջադրման դեպքում լինելու է ոչ թե ՀԱԿ-ի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածուն: Վերջինիս «անփոխարինելիությունը» որևէ մեկն ավելի լավ չի կարող արձանագրել, քան Լևոն Զուրաբյանը:

Իհարկե, պետք չէ բացառել նաև, որ, այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանն՝ ինքը, կառաջադրվի նախագահական ընտրություններում: Անկախ ամեն ինչից, Տեր-Պետրոսյանը պահպանել է իր խարիզմը: Սակայն, եթե 2008 թվականին կարողացավ դրանով լուրջ արդյունքի հասնել, ապա այս անգամ միայն խարիզմը չի օգնի: Լ. Տեր-Պետրոսյանը կարող է փոխել իրադարձությունների` արդեն կանխորոշված թվացող ընթացքը միայն այն դեպքում, եթե խոստովանի անցած չորս տարիների ընթացքում թույլ տրված սխալները, մասնավորապես՝ մեկ տարի առաջվա «քաղաքագիտական վերլուծության սխալը», և վարի ազնիվ ու մաքուր քաղաքականություն: Դա, իհարկե, գրեթե անհավանական է թվում: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ անգամ տասնամյա լռությունից հետո՝ 2007 թվականին Լ. Տեր-Պետրոսյանը չխոստովանեց իր սխալներից որևէ մեկը` ընդամենը սարկազմով ներողություն խնդրելով Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելու համար:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս