
Բարձը մաշկային հիվանդության պատճառ չի կարող լինել

Անահիտը պատմում է, որ որոշ ժամանակ առաջ իր մոտ մաշկային հիվանդություն է առաջացել, և, երբ դիմել է մասնագետի, իրեն ասել են, որ հիվանդության զարգացմանը նպաստել է իր բարձը, որի մեջ տիզեր, ալերգեններ ու մանրէներ են եղել:
«Հետագայում, հիվանդություններից խուսափելու համար, ինձ խորհուրդ տվեցին բարձերս շուտ-շուտ արևի տակ դնել, որ ճառագայթները չորացնեն ու սատկացնեն տզերին»,- ասում է Անահիտը: Նա նաև լսել է, որ բարձերը վեց ամիսը մեկ անգամ պետք է լվանալ`խուսափելու համար անցանկալի մաշկային հիվանդություններից: Անահիտին խորհուրդ են տվել նաև իր փետուրներով բարձը փոխարինել սինտիպոնե բարձով:
Մաշկաբան-վեներոլոգ Հարութ Դանիելյանը նշում է, որ բարձը չի կարող մաշկային հիվանդության պատճառ դառնալ: Ըստ նրա` տիզը չի կարող ապրել բարձի վրա: «Դրա չանչերն այնպիսին չեն, որ կարողանա բմբուլից բռնվել, հետևաբար` այն բմբուլի վրա ապրել չի կարող: Թե որտեղի՞ց են վերցրել, որ փետուրի վրա կարող են տիզեր լինել, ես չեմ կարող ասել: Չեմ կարող ասել նաև`ինչո՞ւ են որոշել, որ փետուրե բարձերը պետք է փոխարինել սինտիպոնից բարձերով: Հավանաբար, այդ առաջարկողը սինտիպոնի գործ է արել ու առաջարկել է այս լուծումը»,- ասաց նա:
Ըստ Հարութ Դանիելյանի`նման մոտեցումների կարելի է հանդիպել միայն հայալեզու և ռուսալեզու գրականության մեջ: Իսկ լուրջ մասնագիտական գրքերում, ըստ մաշկաբան-վեներոլոգի, նման նման դիտարկումների հնարավոր չէ հանդիպել: