Օ՜, քամի, քամի
Վաղը տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության վարչության դարակազմիկ նիստը, որի ընթացքում որոշվելու է` վերցնելո՞ւ է արդյոք կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր պատգամավորական մանդատը, թե՞ ոչ: Ինչպես ասում են, այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան ողբերգական:
Իսկ ողբերգականն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն մտածում է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, այլև նրա կուսակիցներն աջ ու ձախ հայտարարում են, որ նա կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն այդ ընտրություններում:
Րաֆֆի Հովհաննիսյանի անձի նկատմամբ ունենալով ջերմագին զգացմունքներ, դժվար է նույնկերպ վերաբերվել նրա քաղաքական գործունեությանը: Որպես անհատ՝ Ր. Հովհաննիսյանն, իհարկե, շատ խորհրդանշական նշանակություն ունի. Հայաստանի անկախացման առաջին իսկ օրերից նա թողել է ամերիկյան բարեկեցիկ կյանքն ու իրեն նվիրաբերել նորաստեղծ պետության կերտման ազնվագույն գործին:
Աշխատել է արտգործնախարարի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում, հիմա էլ զբաղվում է ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ: Ի վերջո, մարդը կարող էր ԱՄՆ-ում հաջողակ կարիերա անել որևէ իրավաբանական գրասենյակում, հսկայական կարողությունների տեր դառնալ: Սակայն, ոչ միայն այդպես չի վարվել, այլև իր կարողությունները ներդրել է Հայաստանի զարգացման համար մղվող պայքարում: Այլ հարց է, որ այդ գործունեությունը Ր. Հովհաննիսյանը հատկապես վերջին շրջանում կատարում է այնպիսի մեթոդներով, որ նման կերպ աշխատելու դեպքում, ասենք, ԱՄՆ-ում կարող էր գործազուրկ դառնալ:
Շատ է խոսվել անցած խորհրդարանական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա «Ժառանգության» գործունեության մասին, որի արդյունքում, այդուհանդերձ, նա իր երկու կուսակիցների հետ կարողացավ հայտնվել Ազգային ժողովում:
Սակայն ընտրություններից հետո Ր. Հովհաննիսյանը` սովորության համաձայն, իր նեղացկոտությունն արտահայտող ինչ-որ անորոշ հայտարարություն արեց, որի միակ որոշակի միտքն այն էր, որ պատգամավորի մանդատը վերցնել-չվերցնելու հարցը որոշվելու է կուսակցության՝ սեպտեմբերին կայանալիք վարչության նիստում:
Հենց այստեղից էլ սկսվեց ու շարունակվում է այն զավեշտալի գործընթացը, որը Ր. Հովհաննիսյանն ու իր թիմակիցներն անվանում են քաղաքականություն: Իրականում նրա գործունեությունը ոչ թե զավեշտալի է, այլ՝ քաղաքականապես անհեթեթ: Մարդը կուսակցություն է ղեկավարում, այդ կուսակցությունն ինչ-որ նիստեր է գումարում, որոշում է անհասկանալի կերպով մասնակցել ընտրություններին, քարոզարշավի ընթացքում Ր. Հովհաննիսյանը խոստանում է սարեր շարժել, մի կերպ հաղթահարում է 5 տոկոսի արգելքը ու հեռանում:
Ընտրողների ինչ-որ մաս «Ժառանգության» համամասնական ցուցակին ձայն է տվել, քանի որ այն գլխավորում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, սակայն, ընտրվելուց հետո «քաղաքական գործադուլ է» հայտարարել, ու 4 ամիս է պահանջվում` որոշելու համար, արդյո՞ք վերցնի ընտրողների ձայների շնորհիվ ստացած մանդատը, թե՞ ոչ:
Խնդիրը, սակայն, Ր. Հովհաննիսյանի մանդատը չէ, այլ այն, որ այդքանից հետո նրա կուսակիցները նրան ներկայացնում են որպես նախագահական ընտրություններում «ամենախարիզմատիկ» թեկնածու, այն դեպքում, երբ այդ մարդու մոտ ամենախարիզմատիկ արարքը խռովելն է: Հասկանալի է, իհարկե, որ Ր. Հովհաննիսյանի այս քայլը պայմանավորված է ոչ միայն նրա փխրուն հոգով ու խոցելի բնավորությամբ, այլ ինչ-ինչ արտաքին ու ներքին գործոններով, որոնց արդյունքում նա կորոշի` առաջադրե՞լ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե՞ ոչ:
Նա, ամենայն հավանականությամբ, ցանկանում է երաշխիքներ ստանալ կա՛մ դրսից, կա՛մ ներսից, կամ երկուսը` միասին վերցրած: Խոսքն, իհարկե, նախագահական ընտրություններում անպայմանորեն հաղթելու երաշխիքների մասին չէ. նրա այդ հնարավորությունը «սարերի քամին» քշեց` տարավ: Անվերադարձ: Ակնհայտ է, որ Ր. Հովհաննիսյանն առաջիկա ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն չունի: Հետևաբար, այս կամ այն կերպ նրա մասնակցությունը կարող է նշանակել ապագայում ամենատարբեր ձևաչափերով, ընդհուպ` որևէ կոալիցիայի մասնակցության ճանապարհով իշխանությունից մասնաբաժին ստանալու հնարավորություն:
Սակայն, անկախ այդ բոլոր հանգամանքներից, հետաքրքիր է` ի՞նչ է լինելու, եթե Ր. Հովհաննիսյանը, ասենք, առաջադրվի նախագահական ընտրություններում, սարերի փոխարեն՝ շարժի իշխանությանն ու հաղթի….բայց ինչ-որ բանից նեղանա ու հայտարարի, որ 2013 թվականի հունիսին է որոշելու` ստանձնե՞լ նախագահի լիազորությունները, թե՞ ոչ:Անհեթեթ թվացող այս իրավիճակը միանգամայն սպասելի է Ր. Հովհաննիսյանից:
Փաստորեն, իրական վտանգ կա, որ Հայաստանը նրա ընտրվելու դեպքում՝ կարող է առնվազն մի քանի ամիս մնալ առանց նախագահի:
Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատ վերցնել-չվերցնելու հարցը, բացի նախագահական ընտրություններում նրա մասնակցությունից, ունի ևս մեկ ինտրիգ: Մանդատից հրաժարվելու դեպքում պատգամավոր պետք է դառնա «Ժառանգության» համամասնական ցուցակի հաջորդ` 6-րդ համարը զբաղեցող, «հանրային սեկտորի» ներկայացուցիչ Թևան Պողոսյանը: Իսկ նրա հրաժարվելու դեպքում` «Ժառանգության» ցուցակի 7-րդ համարը զբաղեցնող, «Ազատ դեմոկրատների» անդամ Մասիս Այվազյանը: Ինտրիգն այն է, որ, ինչպես գրվել է մամուլում, Րաֆֆի Հովհաննիսյանը որպես մանդատից հրաժարվելու և նախագահական ընտրություններում առաջադրվելու պայման՝ պահանջում է, որպեսզի Թ. Պողոսյանը և Մ. Այվազյանը ևս ինքնաբացարկի դիմում ներկայացնեն, և ԱԺ գնա «Ժառանգության» անդամ Ս. Սաֆարյանը: Մյուս կողմից, Մ. Այվազյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել: