Լուսինե Բադալյան. «Հեռուստատեսությունն ամենազոր ուժ է, որը կարող է ամբոխից հասարակություն ձևավորել»
168.am-ը հեռուստատեսության ոլորտում առկա խնդիրների մասին զրուցել է հեռուստառադիո հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հետ, ով 1997-1998թթ. սկսած այս ոլորտում է: Ոլորտում իր աշխատանքը սկսել է ռադիոյից: Միևնույն ժամանակ աշխատել է նաև հեռուստատեսությունում: «Եկան համալսարան, ընտրեցին լավ խոսացող, ակտիվ, իրենց համապատասխան դեմքերի և ամբողջ համալսարանից ընտրելով ինձ` վստահեցին «Նոր սերունդ» հաղորդաշարը: Այն շատ կարճ տևեց, ընդամենը մի քանի նկարահանում, ամիսը մեկ էր եթեր գնում: Միանգամից նաև մուտք գործեցի ռադիո, որն իմ պատանեկության մեծ երազանքն էր, որը ես կարողացա իրականացնել»,- հանդիպման սկզբում պատմեց նա:
– Որտե՞ղ է ավելի հեշտ աշխատելը, ռադիոյո՞ւմ, թե՞ հեռուստատեսությունում:
– Շատ տարբեր են: Առաջին հայացքից թվում է` հաղորդավար ես, նույն գործն ես կատարում, բայց շատ տարբեր ոլորտներ են: Այնքան տարբեր, որ բոլոր ռադիոհաղորդավարների մոտ չի ստացվում հեռուստահաղորդավար լինել նույն մակարդակի վրա, և, հակառակը: Շատ քչերի մոտ է, որ երկուսն էլ ստացվում է: Դրանք տարբեր աշխատանքներ են, առանձին երկու մասնագիտություններ:
– Ո՛ր ոլորտում ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար:
– Ավտոպիլոտ հասկացությունը կա ինքնաթիռներում. ինձ մոտ դա վաղուց արդեն դրված է ավտոպիլոտ ռեժիմի վրա: Ես ոչ մի ջանք վաղուց արդեն չեմ գործադրում: Տարիների ընթացքում մեխանիզմն ինքնուրույն մշակվել է, և քեզանից միայն պահանջվում է գնալ-հասնել աշխատանքի, մնացածն արդեն ինքնաբերաբար է ստացվում: Ռադիոն, ի սկզբանե, փոքր-ինչ ավելի բարդ է: Բազմիցս խոսել եմ այն մասին, որ, եթե դու հեռուստատեսությամբ կարող ես քո հայացքով, արտաքին տեսքով, ժեստերով, միմիկաներով, և այլն, աշխատել, ապա ռադիոն զուրկ է այդ ամենից: Ռադիոն քեզանից պահանջում է միայն ձայն և տրամադրություն: Այսինքն` դրանք պետք է լինեն այնքան բարձր մակարդակի վրա, որ առանց քեզ, հայացքդ ու ժպիտդ, հագուստդ տեսնելու` մարդիկ լսեն քեզ: Եթե դու ռադիոյում կարողանում ես քո ձայնով և տրամադրությամբ իրենց «վերցնել», պահել, ապա այդ սերն ավելի ամուր և երկարատև կլինի, քան հեռուստատեսությունը: Հեռուստատեսությունում շեշտը դրվում է քո արտաքին տեսքի վրա: Մարդիկ այնքան են ֆիքսվում քո արտաքին տեսքի վրա, որ նույնիսկ չեն էլ լսում, թե ինչ ես խոսում:
Ես շատ լավ հիշում եմ, երբ Հանրային հեռուստատեսությունից եկան համալսարան և ինձ ընտրեցին, մի ռեժիսոր կին կար, երբեք չեմ մոռանում նրա խոսքերը, իմ մասին ասում էր` «Նա չափազանց նուրբ դեմք ունի՝ հեռուստատեսությունում աշխատելու համար: Ամեն ինչ համապատասխանում է՝ միտքը, ճարտար խոսքը, ձայնը, բայց արտաքին տեսքն ինձ դուր չի գալիս: Հեռուստատեսությունը չի սիրում գեղեցիկ մարդկանց»: Այն ժամանակ շատ էի վիրավորվել այդ խոսքերից, բայց ժամանակի ընթացքում հասկանում եմ, որ ասվածի մեջ կար ճշմարտություն:
– Ո՞ր երաժշտությունն է քեզ հոգեհարազատ, քո հաղորդումների ընթացքում ի՞նչ երաժշտություն ես ընտրում:
– Նայած տրամադրության, նայած` տարիքի: Հաճախ մարդիկ սկզբում սիրում են թեթև երաժշտություն ու տարիների ընթացքում նախընտրում են ավելի ծանրը: Ինձ մոտ, չգիտես՝ ինչու, ամեն ինչ սկսվել է ծանր երաժշտությունից և գնալով սկսում է թեթևանալ: Երբեք մարդուն չես կարող մեղադրել, որ սիրում է լավ կամ վատ երաժշտություն: Մենք ինքներս պայքարում ենք անընդհատ դրա դեմ, բայց իրականում յուրաքանչյուր մարդ ընտրում է իր ներաշխարհից բխող, իր ցանկությունից բխող երաժշտություն: Օրինակ, ես միշտ մարդկանց ընտրել եմ երաժշտությամբ: Ընկերներիս կամ այն մարդկանց, ում ինձ մոտ եմ թողել, առաջին բանը, որ ինձ հետաքրքրել է, թե նրանք ինչ երաժշտություն են լսում: Ինձ համար դա ավելի շատ բան է ասում մարդու մասին, քան այն, թե ինչ է ինքն իր մասին պատմում: Քանի որ ես մեծացել եմ երաժշտության մեջ, արդեն շատ լավ գիտեմ` ինչպիսի տրամադրության, ինչպիսի բնավորության գծեր ունեցող մարդը սովորաբար ինչ երաժշտություն է լսում: Դրա համար, իմ շրջապատում բոլորը սիրում են այն, ինչ սիրում եմ ես: Միշտ փորձում ես քեզ նմանին պահել քեզ մոտ:
– Ի՞նչ ես լսում:
– Ամեն ինչ էլ լսում եմ: Ցանկացած ժանրում ընտրում եմ ինձ համար լավագույնը: Ես երբեք ինձ չեմ տանջում որևէ վատ երգ մինչև վերջ լսելու համար: Նույնիսկ եթերում, ես և Ժակը վիճում ենք. եթե եթերում հնչած երգը դուր չի գալիս ինձ, տեսնում եմ, որ անիմաստ երաժշտություն է, ես ինձ չեմ զսպում, ասում եմ, որ, օրինակ, իմ կյանքից գնաց ավելորդ 3 րոպե 52 վայրկյան… Ի՞նչ իմաստ ուներ կյանքից այդ րոպեները կորցնել և լսել այդ անիմաստ երաժշտությունը:
– Ի՞նչ է քեզ սովորեցրել հեռուստառադիո աշխարհը:
– Ինձ համար առաջին տպավորությունը վերջնական է: Հիմա արդեն չեմ էլ սպասում` կփոխվի՞ տպավորությունս, կարծիքս, թե՞ ոչ: Միևնույն է, վերջում գալու եմ էլի նույն կարծիքիս: Որ ասեմ՝ հեռուստատեսությունն ու ռադիոն աշխարհընկալմանս մեջ ինչ-որ բան փոխել են, այդպես չէ, որովհետև, եթե մարդու մեջ կա պոտենցիալ, ինքն ամեն ոլորտում էլ կբացվի: Ավելի ճիշտ է ասել, որ հեռուստատեսությունն է կախված իր մեջ աշխատող մարդկանցից, քան՝ մարդիկ են կախված հեռուստատեսությունից: Հեռուստատեսությունը կարող է աճել, փոխվել, առավել որակով դառնալ կամ միանգամից փչանալ, ու այդ ամենն այնտեղ աշխատող մարդկանց ազդեցությունն է: Հեռուստատեսության ազդեցությունը մարդկանց վրա առանձնապես մեծ չէ: Դա մի անբացատրելի սեր է, որ իրենց մեջ կա: Նրանք այդ սիրով ծնվում են, իրենց ամբողջությամբ նվիրում են հեռուստատեսությանը կամ ռադիոյին: Ես ինձ համարում եմ այդպիսին:
– Ասում են` հեռուստատեսությունը հավերժական սիրո պես բան է: Քեզ համար այն ի՞նչ է:
– Այդ խոսքն ինձ համար անժխտելի ճշմարտություն է: Հեռուտատեսությունն ինձ համար ոչ մի բանով չի կարող փոխարինվել: Այսինքն` այդ սերը, որը դու ստանում ես, ինձ մոտ այդպիսի սեր, բացի գլոբալ հեռուստատեսություն ասվածից, նման սեր կա նաև Հանրային հեռուստատեսության նկատմամբ, որին քննադատում եմ սուր, որի հետ անընդհատ պայքարների մեջ եմ: Բայց իրականում Հանրային հեռուստատեսությունն ինձ համար հավերժական սեր է, որը չի մարելու, վստահ եմ: Նույնիսկ մտերիմներս զարմանում են, ասում են, որ եթե նույնիսկ աշխարհի ամենալավ հեռուստաընկերությունն էլ բացվի, քեզ, միևնույն է, ձգում է այդ ալիքը: Գուցե՝ որովհետև սկիզբն այդտեղի՞ց է սկսվել, գուցե՝ որ մեր մանկությունն անցել է միայն այդ հեռուստաալիքը նայելով, և բոլոր երազանքները կապել ենք այդ հեռուստաալիքի հետ:
– Ի՞նչ բացթողումներ ունենք այսօր այդ ոլորտում:
– Մեզ մոտ, հատկապես հեռուստատեսության ոլորտում, ամեն ինչ բացթողում է: Ես առաջիններից եմ ընդվզել այն խոսքի դեմ, որ` ինչ առաջարկում են, այն էլ վերցնում ենք: Ինձ համար կարևոր է հեռուստատեսությունը: Միշտ նյարդայնացնում է ինձ այն հանգամանքը, որ մարդիկ թերագնահատում են այդ ուժը: Այսինքն` երբեք հեռուստադիտողը կարիք չունի պահանջելու, հեռուստադիտողը կարիք ունի դաստիարակվելու: Երբ մենք կհասկանանք դա, և կհասկանանք, որ մեր երկրի բոլոր խնդիրներն իրականում գալիս են հեռուստատեսությունից, այդ ժամանակ շատ բան կփոխվի մեր կյանքում: Թող փոքրիկ խմբավորումներն ինձ ներեն, բայց դուրս եկեք փողոց և հայացք նետեք: Առաջին հայացքից դժվար է նկատել մի քիչ ճաշակով մարդկանց: Թե՛ համատարած անճաշակությունը, թե՛ կրթահամակարգը, թե՛ հետաքրքրությունների փոփոխությունները, ամեն ինչ գալիս է հեռուստատեսությունից: Պետք է թույլ տաս, որ հեռուստադիտողը պահանջի: Ուսանողական տարիներից մի խոսք եմ հիշում, որն այսօր էլ ակտուալ է` «ամբոխը արվեստից հասկանում է այնքան, որքան հարբեցողը՝ գինուց, ուշադրություն չդարձնելով որակին՝ նախընտրում է էժանագինը»: Ամբոխից պետք է ձևավորես հասարակություն: Հեռուստատեսությունն ամենազորեղ ուժն է, այն պետք է դաստիարակի, պետք է պահանջի, պետք է թելադրի:
– Որո՞նք են այսօրվա հեռուստաեթերի լավ և վատ հաղորդումները:
– Միանշանակ ասել, որ ամեն ինչ վատ է` սուտ կլինի: Մենք ունենք լավ ծրագրեր, որոնք կարելի է դիտել, կան հեռուստաընկերություններ, որոնք անում են բավական հաջող ծրագրեր: Այդ ծրագրերը չունեն ռեյտինգ և պարբերաբար փակվում են՝ վարկանիշ չունենալու պատճառով: Մեր հեռուստատեսությունը կործանվեց այն օրից, երբ վարկանիշ չափող այդ սարքավորումները մուտք գործեցին մեր երկիր:
Կան գիտահանրամատչելի ծրագրեր, պատանիների համար նախատեսված ինտելեկտուալ լավ ծրագրեր: Երաժշտական ծրագրերից, ցավում եմ, բայց լավ ծրագրեր այնքան էլ չկան: Տարիներ առաջ կային, բայց այսօր չկան: Այդ լավը շատ քիչ է:
– Այսօրվա սերիալներն ի՞նչ են սովորեցնում, ո՞րն է նրանց խորհուրդը:
– Այսօրվա սերիալները շատ վատ բան են տալիս մարդկանց: Այսօրվա սերիալներից դու սովորում ես դավաճանություն, բռնություն: Երեկ հեռուստատեսությամբ հարց էին քննարկում, թե արտաամուսնական կապերն ինչո՞ւ են այսքան շատ: Բա հայի կերպարն ո՞ւր մնաց: Ինչո՞ւ են այսքան շատ, որովհետև բոլոր սերիալները դրա մասին են, շատ զգայացունց մոտիվներով դրվագներ են նկարահանում, որն, իհարկե, մարդուն հետաքրքրում է: Մարդկային էությունն այնպիսին է, որ նա պետք է փորձի, պետք է տեսնի: Սերիալով դաստիարակում ես վաղվա մարդուն: Շատ կիրթ մարդուն դժվար է իշխելը, բայց շատ կիրթ մարդիկ քիչ են: Դու այդպիսով մարդուն մեսիջ ես հաղորդում, և հնարավոր է` առաջին վայրկյանին մարդն ասի, թե՝ այդ ի՞նչ են ցույց տալիս, բայց նա արդեն դրա մեջ է հայտնվում: Այդ իմաստով, կարծում եմ` բավական ազգադավաճան գործունեություն ենք ծավալել:
– Ո՞վ կարող է այդ ամենն արգելել: Հանրությունը կարո՞ղ է կանխել:
– Ո՛չ: Այդ ամենի դեմը կարող է առնել պրոֆեսիոնալ, խելացի, միահամուռ կերպով աշխատող անձնակազմը, որը կգա, կնստի, կաշխատի: Պետք է լինեն պրոֆեսիոնալ հոգեբաններ, սոցիոլոգներ, ոչ այնպիսին, ինչպիսին այսօր կան: Արվեստագետներ, հեռուստատեսության մարդիկ՝ մի լուրջ և պրոֆեսիոնալ թիմ պետք է հավաքվի և որոշի, որ այսօրվանից ամեն բան փոխվելու է:
– Կա՞ն այսօր այդպիսի մարդիկ:
– Երիտասարդության մեջ կան: Երիտասարդ և ավագ սերունդը կարող է դա անել: Միջին սերունդը, դժվարանում եմ ասել, որ կկարողանա, բայց երիտասարդ սերնդի մեջ կան շատ խելացի մարդիկ, և ավագ սերունդն ունի փորձառու շատ մասնագետներ, որոնց համատեղ աշխատանքի դեպքում լավ բան կստացվի: Միասին գուցե կարողանան ինչ-որ բան փոխել: