Մտածել, որ Ռուսաստանը խառնված է այս «գործարքին»` մանկամտություն է
«Կոպիտ սխալ եմ համարում, որ ադրբեջանա-հունգարական գործարքի իրականացման մեջ փնտրում են դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի մակարդակով»:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն՝ անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը, որում, ըստ որոշ քաղաքական գործիչների՝ իր միջամտությունն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը:
«Մտածել, որ Ռուսաստանը կամ մեկ այլ պետություն խառնված են Ադրբեջանի ու Հունգարիայի գործարքին, պարզապես մանկամտություն է: Նման տեսակետների կրողները չեն տիրապետում աշխարհի քաղաքական նոր վերաբերմունքներին: Հայ հասարակության մեջ այս հարցում թյուրըմբռնում կա: Որոշակի պետություններ նման գործարքներում շահ չեն ունենում: Այս ամենը համաշխարհային կլանների բախման արդյունքում ծնված երևույթ է»,- նշեց նա:
Այնուամենայնիվ, Ա. Կարապետյանը չհերքեց, որ միջամտությունը տարբեր անհատների մակարդակով հնարավոր է. «Սա ժողովուրդների կամ իշխանությունների միջամտություն չէ, այլ որոշակի հատվածների համագործակցություն: Ռուսաստանից կարող է մեկ մարդ մասնակցել, ԱՄՆ-ից, օրինակ, երեք, և այլն: Մի խոսքով, սրանք անհատներ են, որոնք ընդգրկված են համաշխարհային տարբեր կլաններում»:
Իսկ ի՞նչն է ստիպել նրանց համագործակցել ու մտնել գործարքի մեջ. Ա. Կարապետյանը հորդորեց հետևել իր ֆեյսբուքյան գրառումներին:
Իսկ ո՞րն էր կատարված միջադեպի վերաբերյալ Ռուսաստանի գնահատականի ուշացման պատճառը, երբ Միացյալ Նահանգներն արդեն երկու հայտարարությամբ հանդես էր եկել: Ըստ Արամ Կարապետյանի՝ «Պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը կատարվածում ավելի շոշափելի էր, անմիջական ու արագ պատասխանեցին, որ իրենց վրա մեղավորությունը հանկարծ չընկնի: Երկրորդ պատճառը, կարծում եմ, այն է, որ Ռուսաստանը տարածաշրջանի հարցում զգայուն քաղաքականություն է դրսևորում: Նրանք աշխատել են չափել, ձևել, նոր մեկնաբանել: ԱՊՀ երկրների հետ կապված բոլոր երկրներում նրանք զգույշ են ու աշխատում են չվիրավորել»: