
«Տասը նման «կոզր» կարող են տալ Հայաստանի ձեռքը, ու տասն էլ զրո արժեք կունենա»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօրվա ասուլիսում հայտարարել էր, թե ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու փաստը ՀՀ իշխանությունների «անհաջողություն» չի կարելի որակել:
Ըստ նրա` այն « ՀՀ իշխանությունների համար ևս մեկ արգումենտ է` ընդդեմ Ադրբեջանի»:
168.am-ի հարցին` արդյո՞ք Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերահանձնելը կարելի է համարել որպես լրացուցիչ փաստարկ` ընդդեմ Ադրբեջանի, սա, ի վերջո, Ադրբեջանի համար վնասարա՞ր փաստ է, Շանթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե Հայաստանը լուրջ պետություն լիներ, ապա Ադրբեջանին արդեն իսկ վնաս կլիներ այն, որ Սաֆարովը սպանել էր հայ սպային: Ըստ էության, ես սկզբունքորեն դեմ չեմ, որ Հայաստանը կարող է օգտագործել այս փաստը, որպեսզի ցույց տա Ադրբեջանի իրական դեմքը: Բայց Գուրգեն Մարգարյանին սպանելուց հետո, երբ Ադրբեջանը հերոսի կոչում տվեց մարդասպան Սաֆարովին, դա նույնպես կարող էր հաղթաթուղթ լինել Հայաստանի ձեռքում, ինչը, սակայն, չօգտագործվեց: Հիմա ևս մեկ անգամ, այսպես ասած` «կոզր» է տրվել, բայց երբ Հայաստանը` որպես պետություն, զրո է` իր իշխանություններով հանդերձ, ապա տասը նման «կոզր» կարող են տալ Հայաստանի ձեռքը, ու տասն էլ զրո արժեք կունենա: Որովհետև Հայաստանը՝ որպես պետություն, կայացած չէ, ինքը գոյություն չունի միջազգային հարաբերություններում, հարգանք չի ներշնչում: Ցանկացած պետություն գոյատևման երկու պայման ունի. կա՛մ հարգանք, կա՛մ վախ: Եթե այդ երկուսը բացակայում են, ապա այդտեղ պետություն գոյություն չունի: Այդ դեպքում` որևէ «կոզր» չի կարող գոյություն ունենալ, երբ այն չի օգտագործվում: Ո՞ւմ ձեռքին պետք է լինի «կոզր»` պետությա՞ն: Եթե պետություն չկա, ապա չկա ոչ մի «կոզր»: Ենթադրենք` բոլոր խաղաթղթերը թափված են, ու վերցնողը չկա` ինչպե՞ս կարող ես ասել, որ այն օգուտ է»:
Մեր դիտարկմանը, թե Սաֆարովին հերոսի կոչում Ադրբեջանը շնորհել է 2004թ., երբ Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, և գուցե այսօրվա իշխանությունները, ի տարբերություն նախորդի` օգտագործե՞ն ընձեռված հնարավորությունը, Շանթ Հարությունյանը պատասխանեց. «Պետությունը կա՛մ կա, կա՛մ չկա: Բացի այդ, այն ժամանակ էլ իշխանությունն ուրիշ չէր, նույնն էր: Սերժ Սարգսյանը կարող էր այս նույն հայտարարություններն անել որպես Պաշտպանության նախարար: Այնպես որ` իշխանությունը նույնն է եղել: Ուղղակի պետական գործչի նկարագրով իրենք կամակատարներ են եղել: Դրա համար չի կարող 8 տարի առաջ ունեցած «կոզրը» որպես «կոզր» գոյություն չունենալ, իսկ 8 տարի անց` գոյություն ունենալ: Պատկերավոր լինելու համար՝ այսպես ասեմ. 8 տարի առաջ էլ է «կոզրը» «սրտի տուզը» եղել, հիմա էլ: Պատճառը «սրտի տուզը» չէ, որ, ասենք` «քյափի տուզ» լիներ` լավ կլիներ: Դա պետության չգոյությունից է: Պետությունը միջազգային հանրության մեջ որպես գործոն գոյություն չունի: 2004թ. էլ գործոն չէր, այսօր էլ: Եթե Ալեքսանդր Իսկանդարյանն այդ վերլուծությունն արել է` հաշվի առնելով այն, որ պետությունը պետք է դառնա նորմալ պետություն, որպեսզի օգտագործի այդ «արգումենտը»` համաձայն եմ, բայց եթե ինքն ակնկալում է, որ այս պետության մեջ այդ փաստը կարող է օգտագործվել որպես «կոզր»` համաձայն չեմ»:
Շանթ Հարությունյանի գնահատմամբ` եթե Հայաստանը՝ որպես պետություն, հարգանք վայելեր միջազգային հանրության մոտ, ապա «մարդիկ կվախենային նման սպանություն թույլ տալ իրենց երկրում, կամ` ընդհանրապես Ադրբեջանը մի քիչ այլ կերպ կնայեր այդ հարցերին»:
«Իսրայելը տեռորիզմի դեմ պայքարող երկիր է: Մյունհենում արաբների կողմից իրենց սպորտսմեններին սպանելու դեպքից հետո 20 տարի է անցել, բայց որքան արաբ տեռորիստ է լինում (ոչ մանր-մունր)` իրենց հատուկ ծառայությունները որոշում են ընդունում՝ բոլոր մեթոդներով ոչնչացնել նրան: Միևնույն է` հետևողականորեն պայքարում են նրանց դեմ: Տեռորիզմի դեմ այս հետևողականությունը բերում է հենց տեռորիզմի թուլացմանը, անարդյունավետությանը և հանգեցնում է իրավիճակի որոշակի կայունության: Հիմա Հայաստանը ո՛չ որպես միջազգային հանրության բաղկացուցիչ է մասնակցում այդ քայլերին, ո՛չ էլ սեփական շահերի համար է նման քայլեր ընդունում: Եթե մեր Հատուկ ծառայությունները մի քիչ Իսրայելի նման որոշումներ ընդունող լինեին (թեկուզ փորձեին), հակառակորդին կստիպեին վախենալ: Բայց այսօր Հայաստանը դա էլ չի կարողանում անել»,- նկատեց Շանթ Հարությունյանը:
Հ.Գ. Շանթ Հարությունյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ավելի ուշ: