Փորձագետները մեկնաբանում են ՀՀ նախագահին գրած «Թիվ մեկ հայկական հաքերի» նամակը
3 մլն համակարգիչ վարակած ու «Կասպերսկու» կայքը կոտրած հաքերը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին: Նամակը տարածվել է օգոստոսի 27-ին:
Հիշեցնենք, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամբաստանյալ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գեորգի Ավանեսովը 2012 թ. մայիսի 22-ին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման ՀՀ Քրեական օրենսգրքի 253 հոդվածի 3-րդ մասով (Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, համակարգչային սարքավորումները շարքից դուրս բերելը կամ համակարգիչը, համակարգչային համակարգը, ցանցը կամ մեքենայական կրիչները վնասելը (նենգադուլը), որոնք դիտավորությամբ առաջացրել են ծանր հետևանքներ)։
Նշենք, որ Ավանեսովը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում 2010թ.։ Նրա ստեղծած Bredolab բոթնեթային ցանցն աշխարհով մեկ վարակել էր 3 մլն համակարգիչ, որի միջոցով ստացել էր 59 մլն օգտատերի անձնական կայքերի բանալի, տարածել էր 341 վիրուսային ծրագիր ու կոտրել 194 կայք, այդ թվում՝ «Կասպերսկի» հակավիրուսի կայքն ու ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի կայքերը։
Նշենք, որ «Բոթ»-ը անգլերեն «Ռոբոթ» բառի կրճատ տարբերակն է: Ծրագիր կամ համակարգ, որն ավտոմատ կերպով հետևում է նախապես ծրագրավորված որոշակի հրամանների կամ կառավարվում հեղինակի կողմից: Եթե խոսքը մեկից ավելի «զոմբիացված» համակարգչի մասին է, ապա «Բոթ» բառին փոխարինում է «Բոթնեթ»-ը:
Հիմնականում «զոմբիացված» համակարգիչները/ցանցերն օգտագործվում են`
1. Սփամ հաղորդագրությունների փոխանցում:
2. Գովազդային նյութերի տարածում:
3. Վիրուսների տարածում:
4. Անձնական ինֆորմացիայի հավաքագրում (գաղտնաբառեր, բանկային հաշվեհամարների տվյալներ, և այլն):
5. DoS և DDoS հարձակումներ, և այլն:
«Թիվ մեկ հայկական հաքերի» նամակը՝ ՀՀ նախագահին
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Նախագահ։ Հուսահատվելով ՀՀ դատախազության գործողությունների վերաբերյալ Ձեզ նամակներ գրելուց, ես որոշեցի դիմել Ձեզ տեղեկատվության բաց աղբյուրների միջոցով։ 2010 թ. հոկտեմբերից ես գտնվում եմ անազատության մեջ ու մեղադրվում եմ 253 հոդվածի 3-րդ մասով քիբերհանցագործություններ կատարելու մեջ։ Սակայն հոդվածում նշված «ծանր հետևանքների դիտավորյալ առաջացումն», ինչպես նաև իմ կողմից սույն հանցանքի կատարման փաստը, ապացուցված չեն։ ՀՀ դատախազությունը դիտավորյալ ու բացառապես ուժային մեթոդներով փորձում է ինձ դատապարտել երկարատև ազատազրկման։
Իր մեղադրական ելույթում դատախազը ծայրահեղ աներկիմաստ է արտահայտվում, ու նրա խոսքերը դրան ուղիղ ապացույց են։ Մեջբերում եմ. «Մենք պետք է Ավանեսովի հանդեպ խիստ պատիժ կիրառենք կանխարգելիչ նպատակներով, որպեսզի այլ մարդիկ նման հանցանքներ չիրականացնեն»։ Այսպիսով, դատախազը չի հերքում,որ ես բանտարկված եմ ոչ թե կատարված արարքի, այլ ուրիշներին վախեցնելու համար։
Միայն այս բառերն արդեն ապացուցում են, որ ոչ մի ծանր հետևանքներ չկան ու լինել չէին կարող, իսկ ՀՀ դատախազությունն՝ ի դեմս մեղադրող Հովսեփ Սարգսյանի, փորձում են ինձնից «քավության նոխազ» սարքել ու որոշակի միավորներ վաստակել, հենվելով իմ գործի հետ կապված իբր գոյություն ունեցող միջազգային արձագանքին։
Ես ոչ մեկին ոչ մի նյութական վնաս չեմ հասցրել, և դա ապացուցվել է դատի ընթացքում։ Ուզում եմ նշել նաև, որ նման քրեական գործ Հայաստանում առաջին անգամ է քննվում, ու ՀՀ դատախազությունը, չգիտես ինչու, դրանում ավելի դաժան դատավճիռ կայացնելու առիթ է տեսնում։
Ձեր ելույթներում դուք անընդհատ նշում եք, որ դատարանը պիտի լինի ազնիվ, Դատախազությունն՝ անկողմնակալ, քննիչները՝ արդար։ Սակայն, չնայած Ձեր խոսքերին, անձամբ իմ քննության ընթացքում մի շարք խախտումներ են կատարվել։ Այսպես, նախնական կալանքի հաստատված 72 ժամվա փոխարեն ես կալանքի տակ եմ գտնվել 79 ժամ։ Այն էլ ձգտում էին ինձ Նուբարաշենի բանտում կալանավորել՝ առանց դատարանի որոշման։
Քննիչը նաև անօրինաբար իմ գործին ավելացրեց 254 հոդվածի 4-րդ մասն այն բանի համար, որ կալանքի տակ ինձ պահի 6 ամսից ավելի, չնայած ոչ մի հիմունքներ ինձ այդ հոդվածով մեղադրելու համար չկային։ Այդ ամենն արվում էր Դատախազության թողտվությամբ ու Հովսեփ Սարգսյանի անձնական թողտվության ներքո։ Արդյունքում առաջին ատյանի դատարանն ինձ դատապարտեց 4 տարի ազատազրկման, իսկ դատախազն իր ապօրինի գործողությունների համար շնորհակալություն ստացավ Նիդեռլանդների դատախազության կողմից։
Հարգելի պարոն Սարգսյան։ Դուք իմ վերջին հույսն եք, էլ բողոքելու ու ճշմարտություն փնտրելու համար ես տեղ չունեմ։ Ես չեմ գործել ոչ մի այնպիսի բան, ինչի համար մարդուն համարյա 2 տարի զրկում են ազատությունից։ Խնդրում եմ Ձեզ վերջ դնել այն ճնշումներին, որոնք համարյա 2 տարի կիրառվում են իմ հանդեպ Դատախազության ու քննչական մարմինների կողմից։ Խնդրում եմ Ձեզ սատար կանգնել ինձ, որպես Ռուսաստանում ապրող հիվանդ միայնակ մոր միակ խնակալի։
Հարգանքներով, Արթուր Ավանեսով»:
Ինչ են մտածում այս ամենի մասին ոլորտի փորձագետները
168.am-ն այս թեմայի վերաբերյալ զրուցեց ՏՏ ոլորտի փորձագետների հետ: Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ավանեսովին ճանաչում է ողջ աշխարհը, իսկ Bredolab բոթնեթն աշխարհի ամենամեծ բոթնեթներից է, և հայտնի է մի շարք հարձակումներով բանկային և այլ համակարգերի վրա։ Բացի դրանից, ակտիվ օգտագործվել է սպամ տարածելու համար:
«Այսօրվա վիրուսային ակտիվությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ավանեսովի գործընկերները շարունակում են գործունեությունը, չնայած` ոչ նման ակտիվությամբ»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նշելով, որ ինքը բացասական է վերաբերվում բոթնեթներին, ԴԴօՍ հարձակումներին և սփամին։ «Դրանք համացանցի ամենամեծ թշնամիներից են, սակայն, մյուս կողմից, ինձ թվում է, այս մարդուն արդեն այնքան են չարչարել, որ նա իր պատիժն արդեն վաղուց ստացել է»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Մեկ այլ փորձագետ՝ «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության հիմնադիր տնօրեն և ինֆորմացիոն անվտանգության փորձագետ Սամվել Գևորգյանն էլ ասաց, թե Հայաստանի Սահմանադրության մեջ համակարգչային հանցագործությունների այս «գլուխը» վերցված է Ռուսաստանից: «Միայն այն, որ Քրեական օրենսգրքի համապատասխան գլուխն անվանել են Համակարգչային սաբոտաժ, արդեն բավական է` հասկանալու, որ պարզապես ամբողջությամբ թարգմանվել է բառ առ բառ, առանց իմաստը փնտրելու, հետևաբար` ոչ ՀՀ դատախազությունը կկարողանա ճիշտ որոշում կայացնել, ոչ էլ Հայաստանում որևիցե պետական կառույց կկարողանա ապացուցել նրա միջամտությունն այս հանցագործությանը»,- ասաց Ս. Գևորգյանը: Նրա խոսքով՝ ամեն դեպքում, նման խելացի մասնագետները միշտ օգնել են տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը, և պետական այս կամ այն կառույցի հետ համագործակցության արդյունքում կանխել են շատ ու շատ հանցագործություններ. այդպես եղել է ու կլինի միշտ: