Միջազգային աստղագիտական միությունը նոր ղեկավարություն ունի

Պեկինում շարունակվող Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեայում օգոստոսի 30-ին տեղի ունեցան ղեկավար մարմինների ընտրություններ: Ըստ ավանդույթի, ՄԱՄ-ում իր ժամկետից 3 տարի առաջ ընտրվում է այսպես կոչված “ընտրված նախագահ” (President-Elect), իսկ հաջորդ ժամկետի համար ընտրված գլխավոր քարտուղարը մինչ այդ 3 տարի ծառայում է որպես գլխավոր քարտուղարի օգնական: Համաձայն այդ կարգի, այսօրվանից իրենց պարտականությունները ստանձնեցին դեռևս 2009թ. Ռիո դե Ժանեյրոյում ընտրված նախագահը` Նորիո Կայֆուն (Ճապոնիա), և գլխավոր քարտուղարը` Թիերի Մոնմերլը (Ֆրանսիա): Համապատասխանաբար, 2015-2018թթ. ժամկետի համար նախագահ ընտրվեց Սիլվիա Տորես-Պեյմբերտը (Մեքսիկա), իսկ գլխավոր քարտուղար (առաջիկա երեք տարիներին` գլխավոր քարտուղարի օգնական)` Պիերո Բենվենուտին (Իտալիա): Մասնակի վերընտրվեց նաև ՄԱՄ փոխնախագահների կազմը. նորընտիր փոխնախագահներն են Դինա Պրիալնիկը (Իսրայել), Ռենե Կրան-Կորտեվեգը (Հարավային Աֆրիկա) և Ժաովեյ Լյուն (Չինաստան): Հիշեցնենք, որ մեր մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանը եղել է ՄԱՄ նախագահ (1961-1964, Խորհրդային Միությունից միակը) և փոխնախագահ (1948-1955):

 

ՄԱՄ-ն իրականացրեց նաև կազմակերպչական վերակառուցում. նրա բաժանմունքները վերակազմակերպվեցին և այժմ գործելու է 9 բաժանմունք` A «Տարածական և ժամանակային միավորների համակարգեր» (նախագահ` Ս. Կլիոներ, Դանիա), B «Սարքավորումներ, տեխնիկա և տվյալների գիտություն» (Դ. Սիլվա, ԱՄՆ), C «Կրթություն, հասարակական կապեր և ժառանգություն» (Մ.Կ. Հեմենուեյ, ԱՄՆ), D «Բարձր էներգիաներ և հիմնարար ֆիզիկա» (Դ. Ուորել, Մեծ Բրիտանիա), E «Արեգակ և արևոլորտ» (Լ. վան Դրիլ, Մեծ Բրիտանիա), F «Մոլորակային համակարգեր և կենսաստղագիտություն» (Ջ. Վալսեկի, Իտալիա), G «Աստղեր և աստղային համակարգեր» (Ի. Ռիբաս, Իսպանիա), H «Միջաստղային միջավայր և տեղական տիեզերք» (Է. վան Դիշուկ, Նիդերլանդներ) և J «Գալակտիկաներ և տիեզերաբանություն» (Ֆ. Կոմբ, Ֆրանսիա): Ուրախալի է, որ D «Բարձր էներգիաներ և հիմնարար ֆիզիկա» բաժանմունքի փոխնախագահ ընտրվեց հայազգի ֆիզիկոս, միաժամանակ  Իռլանդիան և Գերմանիան ներկայացնող Ֆելիքս Ահարոնյանը:

 

Կարդացեք նաև

Վերընտրվեցին նաև ՄԱՄ առաջադրող, անդամության, որոշումների և ֆինանսական հանձնաժողովները: Առաջինի մեջ ընգրկվեցին ներկայիս և անցյալ նախագահներ Նորիո Կայֆուն (Ճապոնիա) և Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), ինչպես նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Չինաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Անդամության հանձնաժողովի նախագահ ընտրվեց Քրիստիան Հենկելը (Գերմանիա), իսկ հանձնաժողովի անդամներ` ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կորեայի, Հարավային Աֆրիկայի, Նիդերլանդների, Չիլիի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Որոշումների հանձնաժողովի կազմում ընտրվեցին աստղագետներ ԱՄՆ-ից, Հարավային Աֆրիկայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Չինաստանից: Վերջապես, ֆինանսական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Բեատրիս Բարբույը (Բրազիլիա), իսկ դրա կազմում ընդգրկվեցին ԱՄՆ-ի, Ավստրայի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հունաստանի և Չինաստանի ներկայացուցիչները:

 

Քննարկվեց և հաստատվեց նաև 2013-2015թթ. ՄԱՄ բյուջեն` երեք տարվա համար ընդհանուր առմամբ 2 միլիոն 915 հազար եվրո: Հատկանշական է, որ դրանում ամենաէական փոփոխության է ենթարկվել կրթական ծրագրերին հատկացվող մասը, որը նախկին 17%-ից հասցվել է 25%-ի: ՄԱՄ-ի անդամավճարները մուծում են երկրները, և առաջիկա երեք տարիների համար` հաշվի առնելով ինֆլյացիան, նվազագույն անդամավճարը (որքան որ մուծում է նաև Հայաստանը) սահմանվեց համապատասխանաբար 2750 (2013թ.), 2800 (2014թ.) և 2860 (2015թ.) եվրո:

 

Ընտրվեցին շուրջ 1000 ՄԱՄ նոր անդամներ: Հայաստանից այս անգամ ընտրվեց երկու նոր անդամ` Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղար Ելենա Նիկողոսյանը և ավագ գիտաշխատող Սուսաննա Հակոբյանը: Այժմ Հայաստանն ունի 23 ՄԱՄ անդամ, իսկ ՄԱՄ-ն ունի ընդամենը մոտ 11 000 անդամ:

 

Գլխավոր ասամբլեայի մասնակիցները հատուկ հարգանքով հիշեցին վերջին եռամյակում կյանքից հեռացած նախկին երկու նախագահների` իտալացի Ֆրանկո Պաչինիին (ՄԱՄ նախագահ` 2000-2003թթ.) և հոլանդացի Ադրիան Բլաուին (ՄԱՄ նախագահ` 1976-1979թթ.), ինչպես նաև ՄԱՄ վախճանված մյուս անդամներին: Հատուկ պատվի և թանկարժեք նվերի արժանացավ գլխավոր ասամբլեայում ներկա գտնվող ֆրանսիացի հանրահայտ աստղագետ Ժան-Կլոդ Պեկերը, ով վերջերս բոլորել է իր 90-ամյակը և մասնակցում էր թվով 21-րդ գլխավոր ասամբլեային (սկսած 1952 թվականից անընդմեջ), ինչն ըստ երևույթին ՄԱՄ-ի պատմության մեջ բացարձակ ռեկորդ է: Ի դեպ, 1961-1964թթ. Պեկերը ՄԱՄ գլխավոր քարտուղարն էր, հենց այն 3 տարիներին, երբ նախագահն էր Վիկտոր Համբարձումյանը:

 

Վերջապես, որոշվեց 2018թ. գլխավոր ասամբլեայի վայրը. այն կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Հիշեցնենք, որ հաջորդ` XXIX, գլխավոր ասամբլեան տեղի կունենա 2015թ. օգոստոսի 3-14-ին Հոնոլուլուում  (Հավայան կղզիներում, ԱՄՆ):

 

Վաղը` օգոստոսի 31-ին, ՄԱՄ գլխավոր ասամբլեայի վերջին աշխատանքային օրն է, որից հետո կամփոփվեն բոլոր արդյունքները:

 

Արեգ Միքայելյան

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ

Չինաստանից՝ հատուկ 168.am-ի համար

 

 

Տեսանյութեր

Լրահոս