Հենրի Դևիդ Թորո Ուոլդենը կամ կյանքն անտառում (Գրքից)

Սկիզբը` նախորդ համարում

Մենությունը

Պարզ և առնական մարդուն ոչինչ չպետք է նետի տափակ տաղտուկի գիրկը: Քանի դեռ ես ընկերություն եմ անում տարվա եղանակների հետ, ես չեմ պատկերացնում, որ կյանքը կարող է ինձ համար բեռ դառնալ: Մանրամաղ անձրևը, որ ջրում է իմ լոբահատերը և չի թողնում, որ ես տանից դուրս գամ, բնավ ձանձրալի և տրտմալի չէ, այն նույնպես ինձ օգուտ է: Թող որ այն չթողնի ինձ քաղհանել, փոխարենը` այն ինձ ավելի մեծ օգուտ կբերի, քան բրիչը: Եթե այն այնքան երկարի, որ լոբահատերը հողում փտեն, և հարթավայրերում կարտոֆիլ չաճի, դե ինչ, փոխարենը բլուրների վրա փարթամ խոտ կաճի, իսկ եթե դա օգտավետ է խոտի համար, կնշանակի` և ինձ համար: Երբեմն, ինձ այլոց հետ համեմատելիս, ես տեսնում եմ, որ աստվածներն ավելի շռայլ են օժտել ինձ, հավանաբար` ավելի շատ, քան ես արժանի եմ:

Ես գտնվում եմ հատուկ հովանավորության ներքո, և ինձ շատ բան է ապահոված, ինչ որ չունեն ուրիշ մարդիկ: Ես չեմ շողոքորթում ինձ, դա նրանք են, եթե կարելի է այդպես ասել, ինձ շողոքորթում: Դեռ երբեք ես ինձ միայնակ չեմ զգացել, երբեք ընկճված չեմ եղել մենության զգացողությամբ, և միայն մի անգամ, իմ անտառում բնակվելուց մեկ-երկու շաբաթ անց, ես ինչ-որ մի ժամի կասկածեցի առ այն, թե հնարավո՞ր է արդյոք առանց մարդկանց հետ սերտ շփման` անհոգ ու առողջ կյանքը: Ինձ համար անդուր էր միայնակ լինելը: Բայց ես զգում էի, որ դա հիվանդագին վիճակ է, և արդեն կանխազգում էի, որ դա կանցնի: Ընդմեջ այդ մտքերի, մեղմօրոր անձրևի աղմուկի ներքո, ես հանկարծ զգացի` անձրևի կաթիլների վայրէջքի մեջ, յուրաքանչյուր հնչյունում և տան շուրջը եղած յուրաքանչյուր առարկայի մեջ` ինչ-որ անհատնում մտերմիկ բան կա, և դա ինձ նեցուկ է կանգնում, մարդկային հասարակության երևակայական առավելություններն ինձ աննշան թվացին, և այդ պահից ի վեր ես այլևս դրանց մասին չէի մտածում:

Սոճու ամեն մի տերևափուշը համակրանքով էր լցվում և ինձ առաջարկում էր իր ընկերությունը: Ես այնքան ակնհայտորեն ինչ-որ հոգեհարազատ բան զգացի նույնիսկ բնության այն տեղերում, որոնք ընդունված է կոչել մռայլ ու վայրի, այնքան պարզ հասկացա, որ մտերմագույն իմ արյունակից հարազատը, պարտադիր չէ, որ մարդն ու հարևանը լինի, և այսուհետ ես ինձ օտար չեմ զգա և ոչ մի խուլ վայրում:
Վիշտը ժամ առաջ այրում է վհատներին,
Կարճ են ժամերը նրանց ողջերի երկրում,
Օ Տոսկարի հիասքանչ դուստր:

Երբ երկարատև գարնանային և աշնանային հեղեղներն ինձ չէին թողնում տնից ելնել կեսօրից հետո, և նույնիսկ օրեր շարունակ ես հաճելիագույն ժամեր էի անցկացնում դրանց անդադար աղմուկի ներքո, այդպիսի օրերին շուտ էր մթնում և վրա էր գալիս երկար երեկոն, որի ընթացքում բազում մտքեր հասցնում էին արմատ նետել ու զարգանալ:

Հյուսիս-արևելյան տեղատարափ անձրևների ժամանակ, որոնցից այնքան վախենում են գյուղակներում, որ սպասուհիները դեզերի վրա դույլով ու փալասով հսկում են, պատրաստվելով ջրհեղեղը դիմավորելու, ես նստում էի, բոլոր տարերքների առաջ բաց, իմ խրճիթում, և ախորժանք էի ապրում հուսալի կացարանից: Մի անգամ ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակը խփել էր լճակի հակադիր ափի բարձրաբերձ սոճուն, վերից վար դրա վրա խորը և ճշգրիտ գալարաձև դրոշմվածք թողնելով, որ նման էր այն զարդանախշերին, որ անում են գավազանների վրա: Վերջերս ես անցա դրա մոտով և այդ նշանը տեսնելով` սահմռկեցի, այն նույնքան հստակ էր և ցույց էր տալիս, որ ութ տարի առաջ երկնքից սարսափելի ու անխուսափելի հարված էր եղել:

Ինձ հաճախ ասում են. «Դուք, հավանաբար, այնտեղ ձեզ միայնակ էիք զգում և կամենում էիք մարդկանց ավելի մոտ լինել, հատկապես անձրևոտ կամ ձյունոտ օրերին կամ գիշերները»: Այդ դեպքերում ես կամենում եմ նշել, որ մեր ողջ բնակելի երկիրը սոսկ մի կետ է համաշխարհային տարածության մեջ: Դուք ի՞նչ եք կարծում, մի՞թե միմյանցից հեռու չեն այ այն աստղի երկու իրարից ամենահեռու բնակիչները: Մի՞թե մեր երկիրը Հարդագողի ճանապարհի վրա չէ: Ձեր հարցն ինձ ամենաէականը չի թվում: Ինչքա՞ն հեռու պիտի լինի մարդն իր հարազատներից, որպեսզի ինքն իրեն մենակ զգա: Ես պարզեցի, որ երբեմն, որքան էլ քայլես, դա չի օգնում երկու հոգիների մտերմությանը: Ո՞ւմ մտերմությունն է ամենից շատ մեզ անհրաժեշտ: Դե, իհարկե, ոչ ամենամեծ ամբոխի, կայարանի, փոստի, գինետան, աղոթատան, դպրոցի, կամ, ասենք, Բիսոն Հիլլի կամ Ֆայլ Փոյնթսի նպարեղենի կրպակների մտերմությունը, ուր ամենից շատ մարդ է կուտակվում, բայց մտերմությունը կենաց հավերժական աղբյուրին, որը մենք գտնում ենք փորձով, այդպես, ուռենին աճում է ջրի մոտ և իր արմատներով դեպ այն է ձգվում: Երկու տարբեր բնավորությունների համար դրանք տարբեր տեղեր կլինեն, բայց հենց այդտեղ պիտի փորի իր նկուղը ճշմարիտ իմաստունը:

Մի երեկո ես Ուոլդենի ճանապարհին վրա հասա իմ մի համերկրացու, ով, ինչպես ասում են, կարգին հարստություն էր կուտակել, չնայած ես նրան ի մոտո չզննեցի, նա մի զույգ ցուլ էր քշում շուկա և ինձ հարցրեց, թե ինչպես եղավ, որ ես կարողացա հրաժարվել այդքան կենաց հարմարություններից: Ես պատասխանեցի, և լիովին լուրջ, որ այսպիսի կյանքն ինձ դուր է գալիս, և գնացի քնելու, իսկ նա շարունակեց իր ճանապարհը մթության մեջ, կեղտերի մեջ ընթանալով դեպի Բրայթոն, այսինքն` քաղաք, ուր նա պետք է հասներ լուսաբացին:
Երբ մարդուն վիճակված է մեռյալներից հարություն առնել, ժամանակն ու տեղը նրա համար նշանակություն չունեն: Այդ իրադարձության տեղը միշտ միևնույնը կլինի և միշտ անսահմանորեն բերկրալի կդարձնի մեր բոլոր զգացմունքները: Իսկ մենք մեծ մասամբ նշանակություն ենք տալիս միայն արտաքին և վաղանցուկ իրավիճակներին:

Ահա թե ինչն է մեր շվարածության պատճառը: Ամենայն էականին ամենամոտը գտնվում է այն ուժը, որն այն ծնում է: Մեզ առավել մոտ մշտապես ի կատար են ածվում ամենամեծ օրենքները: Մեզ ամենից մոտ է կանգնած ոչ թե այն աշխատավորը, ում մենք վարձել ենք և ում հետ այնքան ենք սիրում զրուցել, այլ այն աշխատավորը, որ ստեղծել է հենց մեզ:
«Որքան մեծ և խորն է Երկնքի և Երկրի անտեսանելի ուժերի ազդեցությունը»:
«Մենք ջանում ենք հասու լինել դրանց, բայց չենք տեսնում դրանք, ձգտում ենք լսել դրանք, բայց չենք լսում, նույնացած հենց իրերի էությանը, նրանք անբաժան են դրանցից»:
«Դրանց շնորհիվ մարդիկ ամենուր մաքրում և սրբագործում են իրենց և տոնական զգեստներով են հանդերձավորվում, որպեսզի զոհեր մատուցեն իրենց նախնիների հոգիներին: Այդ ուժերն անհամրելի են: Դրանք ամենուր են` մեր գլխավերևում, մեր աջ և ձախ կողմերում, դրանք բոլոր կողմերից շրջապատում են մեզ»:

Մենք օբյեկտներ ենք փորձի, որը լիովին հետաքրքրում է ինձ: Արդյո՞ք մենք չենք կարող համանման իրավիճակներում որոշ ժամանակ մնալ առանց մեր ընկերների հասարակության և ախորժանք ապրել սեփական մտքերից: Կոնֆուցիոսն արդարացիորեն նկատում է. «Առաքինությունը լքված որբ չի մնում, նա, անշուշտ, հարևաններ կգտնի»:

Մտածողությունը մեզ օգնում է դուրս գալ «ինքներս մեզնից», բայց ոչ բառիս սովորական իմաստով: Գիտակցական մտավոր ջանքով մենք կարող ենք հեռու մնալ գործողություններից և դրանց հետևանքներից, և այդժամ ամենայն ինչ, լավն ու վատը, մեր կողքով կանցնի, հանց հոսք: Մենք ամբողջությամբ չէ, որ կապված ենք Բնությանը: Ես կարող եմ լինել հոսանքն ի վար հոսող տաշեղ, բայց կարող եմ լինել այն վերևից հայող Ինդրան: Ես կարող եմ հուզվել թատերական ներկայացումից, և, մյուս կողմից, անմասն մնալ իրական իրադարձությանը, որը, հավանաբար, ինձ ավելի մոտ է: Ես ճանաչում եմ ինձ լոկ որպես մարդկային էություն, մտքերի և զգացմունքների կացարան, և որոշակի երկվություն եմ ապրում, որը ինձ թույլ է տալիս նաև ինքս ինձ կողքանց նայել, ինչպես և ցանկացած այլ մեկին:

Որքան սուր լինեն իմ ապրումները, ես միշտ զգում եմ, որ իմ ինչ-որ մասը դրան քննադատաբար է վերաբերվում, դա նույնիսկ իմ ինչ-որ մասը չէ, այլ զննողը, որ չի կիսում իմ ապրումները և միայն նշում է դրանք, այդ զննողը նույնքան նույնական է ինձ, ինչպես և դուք: Երբ կենաց ներկայացումը, գուցե թե ողբերգական, ավարտվում է, հանդիսատեսը այս ու այն կողմ է ցրվում: Նրա համար դա սոսկ մոգոնվածք էր, երևակայության արդյունք: Դա մեր երկվությունն է մեզ միշտ դարձնում վատ ընկերներ և հարևաններ:
Ես օգտակար եմ գտնում ժամանակի մեծ մասը մենության մեջ անցկացնելը: Հասարակությունը, նույնիսկ ամենալավը, շուտով հոգնեցնում է և լուրջ մտքերից շեղում է: Ես սիրում եմ միայնակ մնալ: Ոչ մեկի հետ այդքան հաճելի չէ շփվելը, որքան մենության հետ: Մենք հաճախ շատ ավելի մենակ ենք լինում մարդկանց մեջ, քան մեր սենյակների անդորրի մեջ: Երբ մարդը մտածում կամ աշխատում է, նա միշտ ինքն իր հետ է, ուր էլ որ գտնվի:

Մենությունը չի չափվում մղոններով, որոնք մարդուն բաժանում են իրենց մերձավորներից:
Ճշմարտապես ուշիմ ուսանողը նույնքան միայնակ է Քեմբրիջի քոլեջի աղմկոտ փեթակում, որքան դերվիշն` անապատում: Ֆերմերը կարող է ողջ օրն աշխատել դաշտում բրիչով կամ կացնով և մենություն չզգալ, որովհետև նա գործով է զբաղված, իսկ երեկոյան տուն դառնալով, նա չի կարող միայնակ մնալ յուր մտքերի հետ, և նա ուզում է կենալ «մարդկանց մեջ», ժամանակ անցկացնել և ինքն իրեն պարգևատրել, ինչպես նա է համարում, ցերեկային մենության համար, ահա թե ինչու է նա զարմանում գիտնականի վրա, ով ունակ է ողջ գիշերը և օրվա մեծ մասը միայնակ տանը նստելու, չերկնչելով տաղտուկից ու մելամաղձոտությունից, նա չի հասկանում, որ գիտնականը, փակվելով տանը, այդ ժամանակ մշակում է իր դաշտը կամ իր անտառում ծառեր է հատում, ինչպես ֆերմերը, իսկ հետո նույնպես ժամանց և հասարակություն է փնտրում, ինչպես և ֆերմերը, գուցե թե, առավել կենտրոնացած ձևով:

Մարդկային հասարակությունը սովորաբար չափազանց հասանելի է: Մենք շատ հաճախ ենք հանդիպում, չհասցնելով միմյանց համար նոր արժեք ձեռք բերել: Մենք օրը երեք անգամ հավաքվում ենք սեղանի շուրջ և միմյանց հյուրասիրում ենք նույն նամշած պանիրը` մեր սեփական անձը: Այդ հաճախակի հանդիպումները տանելի դարձնելու համար, մենք ստիպված ենք պայմանավորվել որոշ կանոնների մասին, որոնք պարգևում են վայելչություններ և էթիկետ, որոնք չեն թողնում, որ մենք մարտի բռնվենք: Մենք ապրում ենք նեղվածքի մեջ և սայթաքում ենք միմյանց վրա և դրանից, ես կարծում եմ, որոշ չափով կորցնում ենք հարգանքը միմյանց հանդեպ: Ճշմարտապես կարևոր և սրտամոտ շփման համար այդպիսի հաճախադեպությունն անհարկի է:

Մտածեք մի պահ ֆաբրիկայի աշխատողների մասին, նրանք երբեք միայնակ չեն լինում, նույնիսկ իրենց երազներում: Ավելի լավ կլիներ մի քառակուսի մղոնի վրա մի բնակիչ ունենալ, ինչպես ես եմ ապրում: Մարդու արժեքը նրա մորթը չէ, որ անպայման դրան քսվես:
Ես լսել եմ մի մարդու մասին, որ մոլորվել էր անտառում և ծառի մոտ քաղցից մահանում էր, և այն մասին, թե նա ինչպես իր մենության մեջ բերկրեց իրեն շրջապատող տեսիլքներից, որ իր բորբոքված մտքի ծնունդն էին, որ նա իրականության տեղ էր դրել: Բայց չէ՞ որ կարող ես մարմնական և հոգևոր լիարժեք առողջության մեջ շրջապատել քեզ համանման բաներով, սակայն` ավելի նորմալ և բնական հասարակությամբ, և գալ այն գիտակցության, որ մենք երբեք միայնակ չենք լինում:

Ես երբեք միայնակ չեմ լինում իմ խրճիթում, հատկապես լուսադեմին, երբ բնակիչներ չեն լինում: Փորձեմ հաղորդել իմ զգացողությունները որոշ համեմատություններով: Ես ավելի մենակ չեմ, քան լճակով մեկ բարձր քրքջացող սուզահավը, կամ հենց Ուոլդենյան լճակը: Ո՞վ է սիրում այս բարեբեր մենությունը: Այնինչ նրա լազուրե ջրերը արտացոլում են ոչ թե վշտի դևերին, այլ երկնային հրեշտակներին: Մենավոր է և արևը, բացի այն դեպքերից, երբ մենք մշուշի մեջ ասես երկուսն ենք տեսնում, բայց չէ՞ որ դրանցից մեկը կեղծ է: Եվ Աստված նույնպես միայնակ է, իսկ ահա սատանան, նա ամենևին էլ մենակ չէ, նա մշտապես վխտում է հասարակության մեջ, և անունը նրա լեգեոն է:

Ես ավելի միայնակ չեմ, քան աճող սիզախոտը, կամ մարգագետնի խլածաղիկը, կամ ոլոռի կամ թրթնջուկի տերևուկը, կամ պիծակը, կամ իշամեղուն: Ես ավելի միայնակ չեմ, քան ջրաղացի գետակը, կամ հողմաղացը, կամ Բևեռային աստղը, կամ հարավային քամին, կամ ապրիլյան անձրևը, կամ առաջին սարդը տանը:

Երբեմն երկարաձիգ ձմեռային երեկոները, երբ առատ ձյուն է տեղում և անտառում ոռնում է քամին, ինձ այցի է գալիս հին բնակիչներից մեկը, այս տեղերի առաջին տերը, ով, ասում են, փորել է Ուոլդենյան լճակը` այն քարերով պատելով, և ափամերձ սոճիներն է տնկել, նա ինձ պատմում է հին ժամանակի և նոր հավերժության մասին և, մենք ուրախ և հաճելի ժամանակ ենք անցկացնում, նա իմաստուն և բերկրուն ընկեր է, ում ես շատ սիրում եմ, ում շատ ավելի դժվար է տեսնելը, քան Գոֆին կամ Ուոլիին, ասում են, որ նա մեռել է, բայց ոչ ոք չի կարող ցույց տալ նրա գերեզմանը:

Իմ ընկերակցությամբ ապրում է նաև մի ծեր տիկին, համարյա ամենքի համար անտեսանելի, ես երբեմն սիրում եմ թափառել նրա փարթամ այգում` բուժիչ խոտեր հավաքելով, և լսելով նրա հեքիաթները, քանի որ նա անսահման շատ հեքիաթներ գիտի և հիշում է շատ ավելի վաղնջական ժամանակները, քան առասպելների ժամանակներն էին, նա կարող է պատմել, թե ուրկից է սկիզբ առնում յուրաքանչյուր լեգենդը, չէ՞ որ այդ ամենը տեղի է ունեցել նրա պատանության ժամանակ: Այդ առույգ և զվարթ պառվուկը, որ բերկրուն է ուզածդ եղանակին, բոլոր իր զավակներից երկարակյաց է:

Որքան առողջություն և բերկրանք է բերում մեզ անմեղ և բարեբեր Բնությունը` արևը, քամին, անձրևը, ամառն ու ձմեռը: Եվ որքան կարեկցանք կա առ մարդկային ցեղը: Ողջ Բնությունը կտառապեր, արևը կխավարեր, քամիները հոգոց կհանեին, ամպերն արցունք կթափեին, իսկ անտառները դեն կնետեին իրենց հանդերձանքը և ամռան կեսին սգազգեստ կլինեին, եթե մարդու մոտ ինչ-որ ժամանակ վշտի համար ճշմարիտ պատճառ առաջանար: Ուրեմն ինչպե՞ս ես չզգամ իմ հարազատությունը երկրի հետ: Մի՞թե ես ինքս մասամբ բաղկացած չեմ տերևներից ու բուսական հումուսից:

Ո՞ւր է այն դարմանը, որ ունակ է մեզ առողջություն պարգևելու: Դա իմ և քո ընտանեկան միջոցը չէ, այլ մեր ընդհանրական Բնության բուսական դեղամիջոցները, որոնց շնորհիվ նա ինքը պահպանում է իր հավերժական պատանությունը, և այն ավելի ու ավելի առողջ է դառնում: Ես խաբեպատիր դեղամիջոցների կարիք չունեմ, որ բերում են Աքերոնից և Մեռյալ ծովից, որ բերում են երկար սև կառքերով, ինձ տվեք անխառն առավոտյան օդի առողջարար կումը: Առավոտյան օդը: Եթե մարդիկ չեն ուզում այն ըմպել հենց ակունքից, ստիպված կլինեն այն լցնել շշերի մեջ և վաճառել կրպակներում` այնտեղ, ուր կորցրել են լավագույն առավոտյան ժամերն ըմբոշխնելու իրավունքը:

Միայն թե հիշեք, որ նույնիսկ ամենազով նկուղում դուք մինչև կեսօր չեք կարող այն պահել, այն կթռցնի խցանը և կթռչի Արևմուտք, Արշալույսի ետքից: Ես ծեր բժշկապետ Էսկուլապոսի Հիգեոս Դստեր երկրպագուն չեմ, ում ընդունված է պատկերել մի ձեռքին` օձ, իսկ մյուսին` թասը, որից օձը երբեմն խմում է, ես գերադասում եմ Յուպիտերի թասակրին, Յունոնայի դստերը, ով աստվածներին և մարդկանց երիտասարդություն պարգևելու իշխանություն ուներ: Դա, հավանաբար, միակ ճշմարիտ առողջ և պինդ աղջիկն էր, որ երբևէ քայլել էր երկրի երեսին, և ամենուր, ուր նա ոտք էր դրել, գարուն էր բացվում:

Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը

Տեսանյութեր

Լրահոս