Բաժիններ՝

Հոկտեմբերի զորավարժանքը երկրի պաշտպանվածության հետ կապ չունի

Հոկտեմբերին կայանալիք զորավարժանքի լուրը հանրության շրջանում տարաբնույթ  քննարկումների և կասկածների տեղիք է տվել: Այս լուրին զուգահեռ` հասարակության շրջանում նաև քննարկումներ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանում տիրող իրավիճակի շուրջ: Մարդիկ մոտալուտ զորավարժանքը կապում էին օրերս ԼՂՀ սահմանին հնչած տևական կրակոցների հետ:

168.am-ն այս կապակցությամբ զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Մեր այն հարցին, թե առաջիկա զորավարժանքն ի՞նչ նպատակ ունի, և արդյո՞ք այն որևէ կապ ունի ԼՂՀ սահմանում հնչող կրակոցների հետ, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանի հանրապետության  պաշտպանվածության հետ կապված խնդիր չկա: Պարզապես ՀՀ պահեստազորը պարբերաբար մասնակցում է այս կամ այն զորավարժություններին: Պահեստազորային տարբեր խավի մարդիկ պարբերաբար կանչվում են որոշակի զորամասերի զորավարժություններին մասնակցելու համար: Այս անգամ մենք պլանավորում ենք ավելի լայնամասշտաբ և մեծ  զորավարժություն, որի դեպքում պահեստազորի ներգրավվածությունն ավելի մեծ կլինի»:  Հարցին, թե ո՞ր մարզերն են այս զորավարժանքին ներգրավված լինելու, և ո՞ր զորամասերում են զորավարժանքներն անցկացվելու, ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա գաղտնիք է, կապված է այն զորամասերի և անձանց հետ, ովքեր կմասնակցեն: Դա կապված է տվյալ  մարդու մասնագիտացման հետ, թե նա՝ որպես պահեստազոր, ի՞նչ մասնագիտացում ունի, և այլն»:

Ըստ  Արծրուն Հովհաննիսյանի` հոկտեմբերին անցկացվելիք զորավարժանքին կմասնակցեն ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: ՊՆ մամլո խոսնակը դժվարացավ պատասխանել, թե նման զորավարժանքների դեպքում միջինը քանի՞ զորամաս է մասնակցում: Ա. Հովհաննիսյանի խոսքով` զորավարժությանը մասնակցում են այն զինվորները, ովքեր կցված լինելով այս կամ այն զորամասին` պահեստազորի կանչ են ստանում: Նշանակություն չունի` տվյալ զինվորը զորակոչվել է մե՞կ տարի, թե՞ տասը տարի առաջ: Այն հարցին, թե նմանատիպ զորավարժություններն ի՞նչ պլանացույցով են իրականացվում, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չկա պլանացույցի  այնպիսի օրինաչափություն, որ կողքից նայելով հասկանաք: Պլանացույցը կախված է ռազմաքաղաքական, պետական և այլ հանգամանքներից: Իսկ այս զորավարժությունը պլանային զորավարժություն է»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս