
Ճգնաժամը բացահայտեց դավաճաններին. Սիրիայի նախագահ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական «Դունյա» հեռուստաալիքին տված հարցազրույցում դրական պահեր է արձանագրել երկրում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամում: Նրա կարծիքով` այն թույլ է տվել բացահայտել արաբական հանրապետության ղեկավարության շարքերում դավաճաններին:
«Հայրենասերները ու պարզապես լավ մարդիկ այդ պայմաններում չեն դիմում փախուստի: Վերջնական արդյունքում այդ իրավիճակը մեզ օգուտ է բերել. մենք երկիրն ու ղեկավարությունը մաքրել ենք»,- նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Բացի այդ` Ասադն ընդգծել է, որ տվյալ փուլում սիրիացի ժողովուրդն ինքնուրույն պետք է որոշի` ինչ ապագա է իրեն սպասվում:
Սիրիայի նախագահն ընդգծել է, որ հպարտ է զինվորականներով ու զինծառայողներով, որոնք մասնակցում են ընդդիմության դեմ գործողություններին: Նա վստահեցրել է, որ առաջվա պես օգտվում է սիրիացիների մեծամասնության աջակցությունից:
«Մենք բոլորս մտահոգված ենք, թե ինչ կլինի մեր երկրի հետ: Դա միանգամայն բնական է: Սակայն նրանց (նկատի ունի ընդդիմադիրներին) երբեք չի հաջողվի Սիրիայում վախ սերմանել»,- հավելել է Ասադը: