Լրագրողներից «վառվածները»
Այսօր ով չի ալարում, գրում է լրագրողների մասին։ Հատկապես ֆեյսբուքը դարձել է լրագրողների քննադատության հարթակ. լրագրողներն անգրագետ են, լրագրողները պրոֆեսիոնալ չեն, պարտաճանաչ չեն, տեղեկացված չեն, և այլն։ Անգամ լրագրողներն են քննադատում լրագրողներին։
Իհարկե, լրագրողների մեջ էլ կան այնպիսիք, ովքեր իրենց գործին չեն տիրապետում (ինչպես բոլոր ոլորտներում)։ Սակայն իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում լրագրողները կատարում են ոչ միայն իրենց բուն պարտականությունները, այլև ուրիշների։ Այդ մասին խոսում է ամենաթարմ օրինակը` «Եկամտային հարկի մասին» օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի 2013թ. հունվարի 1-ից։ Դրա շուրջ վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացավ. բոլորը քննարկում են, հետաքրքրվում, թե արդյո՞ք դրա արդյունքում հասարակ վարձու աշխատողի եկամուտը չի նվազի։ Կամ արդյո՞ք դա չի հանգեցնի ստվերի ավելացման, և այլն։
Մտահոգություններն ու քննարկումները հասկանալի են։ Սակայն այդ քննարկումների արանքում որոշ «գերիմաստուն» փորձագետներ կրկին «քլնգում» են լրագրողներին, թե՝ պրոֆեսիոնալ չեք, այսինչը այնինչից չեք տարբերում, և այլն։
Ամենազավեշտալին այն է, որ օրենքն ընդունվել է ոչ թե երեկ, այլ 2010թ. վերջին։ Եվ ամենևին գաղտնի չի պահվել։ Առողջ տրամաբանության համաձայն՝ պետք է լիներ այսպես. դեռ օրենքի քննարկման ժամանակ փորձագետներն ու, առաջին հերթին, ընդդիմադիր ուժերը պետք է իրե՛նք աղմուկ բարձրացնեին, եթե գտնում են, որ դա ավելացնելու է ստվերը կամ բերելու է այլ բացասական հետևանքների։ Սակայն քար լռություն էր տիրում, մինչև ֆեյսբուքում հայտնվեց մի հաղորդագրություն, որ հաջորդ տարվանից ավելի շատ հարկեր ենք վճարելու, և ալիքը սկսեց տարածվել։
Կասկած չունենք, որ ԱԺ պատգամավորների (թե՛ նորընտիր, թե՛ նախորդ գումարման) մի ստվար մասն անգամ չի էլ կարդացել այս օրենքը։ Եվ սա առաջին դեպքը չէ։
Այսինքն, ստեղծվել է մի անառողջ վիճակ։ Փոխանակ լրագրողները պարզապես կատարեն տեղեկատվություն ու տեսակետ տարածողի իրենց պարտականությունը, ակամայից դարձել են նաև փորձագետներ, և իրենք են վեր հանում ու բացահայտում խնդիրները։ Կոնկրետ ընդդիմությունն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է կա՛մ գլոբալ խնդիրների, կա՛մ ներքաղաքական մանր ու մեծ ինտրիգների վրա, և «զահլա» չունի խորանալու օրենսդրական նախաձեռնությունների մեջ։ Ում խոսեցնես, կասի՝ դա մանրուք է, համակարգային փոփոխություններ են պետք։ Բայց այդ համակարգային փոփոխությունները համառորեն չեն կատարվում, իսկ հասարակությունը (այդ թվում՝ նույն ընդդիմադիր ուժերի անդամներն ու փորձագետները) քաղում են այդ «մանր-մունր» նախաձեռնությունների պտուղները։
Արդյունքում, ոչ թե լրագրողներն են հետևում քաղաքական ու սոցիալ-տնտեսական դաշտին, այլ հակառակը՝ ներքաղաքական ու տնտեսական կյանքն է շարժվում լրագրողների թելադրած օրակարգով։ Դրա համար էլ շատ ու շատ պետական պաշտոնյաների և ընդդիմության ներկայացուցիչների ասուլիսները գնալով ավելի անհետաքրքիր են դառնում։ Ոչ նոր դեմքեր կան, ոչ էլ` նոր ասելիք։ Անգամ կարելի է կոնկրետ մարդկանց ասուլիսների կամ հարցազրույցների վերաբերյալ հրապարակում պատրաստել՝ նախքան դրա տեղի ունենալը։
Այսքանից հետո դեռ մի բան էլ քննադատում են լրագրողներին, թե՝ դուք տնտեսագիտությունից բան չեք հասկանում։ Լրագրողը լրագրող է, տնտեսագետը` տնտեսագետ։ Երբ նորմալ, անկողմնակալ ու պրոֆեսիոնալ կարծիք հնչեցնող չկա (տարբեր պատճառներով), լրագրողը դա անում է ինքնուրույն և անում է այնքանով, որքանով կարողանում է։ Որովհետև նա, ով պետք է դա աներ պրոֆեսիոնալ ձևով, ընդհանրապես չի անում։