Բաժիններ՝

Բանկերն արգելակում են տնտեսական աճը

Ամերիկյան բանկերը սահմանափակում են տնտեսության վերականգնման տեմպերը։ Ահա այսպիսի եզրակացության են եկել  Սան Ֆրանցիսկոյի՝ Ֆեդերալ ռեզերվային բյուրոյի փորձագետները:
Համաձայն երեքշաբթի օրը հրապարակված զեկույցի, ԱՄՆ տնտեսության վերականգնման սահմանափակման պատճառներից մեկն այն է, որ բանկերը հրաժարվում են վարկավորել անթերի վարկային պատմություն չունեցող քաղաքացիներին։
Մի շարք վարկային կազմակերպություններ օգտագործում են տարբեր պատրվակներ, որպեսզի մերժեն վարկի տրամադրումը: Բանկերը հիմնականում չեն ցանկանում վարկավորել այն վարկառուներին, ովքեր երբևէ խախտել են վճարումների ժամկետները կամ ունեն ցածր վարկանիշ: Բացի այդ, ԱՄՆ խոշոր բանկերից մեկը` Wells Fargo-ն, մեղադրվել է ռասիզմի մեջ, քանի որ հաճախորդի մաշկի գույնի պատճառով մերժել է վարկի տրամադրումը:
Ըստ զեկույցի հեղինակների, այդ ամենը բացասաբար է անդրադառնում սպառողական ծախսերի և վարկավորման վրա: Զեկույցում նաև ասվում է, որ անհրաժեշտ է ոչ միայն պահպանել ցածր տոկոսադրույքներ, այլև փնտրել բանկերի վարկավորման նոր տարբերակներ:

«Եթե բանկերը չեն ցանկանում վարկավորել, ապա տեղին կլիներ միջոցներ կիրառել, որոնցով կլուծվեն թե բանկերի ֆինանսական խնդիրները, թե կօգնեն հաճախորդներին համապատասխանել նման դաժան բանկային պայմաններին»,- ասել է Սան Ֆրանցիսկոյի ՖՌԲ-ի տնտեսագետ Ջոն Կրեյները։

Հետաքրքիրն այն է, որ նախկինում ԱՄՆ բանկային համակարգը քննադատության թիրախում հայտնվում էր հակառակ տեսանկյունից՝ չափից դուրս բաց լինելու համար։ Մասնավորապես, որպես ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկը` նշվում էր այն, որ ամերիկյան բանկերը բավարար զգուշավորություն չեն ցուցաբերում վարկավորման հարցում։
Ի դեպ, երբ զուգահեռներ ենք անցկացնում Հայաստանի հետ, բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում։ Մեզանում բանկերը գերզգուշավոր են վարկավորման հարցում։ Եթե 2 տարվա վարկային պատմության մեջ 2 օրով ուշացրած լինեք ամսական մուծումը, ապա դա խարանի պես կմնա ձեր վարկային պատմության մեջ և լուրջ խոչընդոտ կհանդիսանա հետագայում վարկ վերցնելու համար։ Հասարակ սառնարան անգամ գնելու համար հայկական բանկերը պահանջում են հազար ու մի տեղեկանք, իսկ մեկ միլիոն դրամից ավելի վարկավորման դեպքում` պարտադիր պահանջում են գրավադրել անշարժ գույք։

Արդյունքում, եթե 2011թ. ԱՄՆ-ում բանկային համակարգի կողմից տրամադրված ներքին վարկերի ծավալը 2.3 անգամ գերազանցում է ՀՆԱ-ն, ապա Հայաստանում վարկերի ծավալը չի գերազանցում ՀՆԱ-ի 35%-ը (տվյալները` Համաշխարհային բանկի)։ Փաստորեն, վերը նշված զեկույցի տրամաբանությամբ` ստացվում է, որ Հայաստանի բանկային համակարգը ոչ թե սահմանափակում է տնտեսական աճը, այլ երկիրը ետ է տանում։ Սակայն դա մեր իշխանություններին առանձնապես չի մտահոգում. կարևորը` կայուն ենք։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս