Բաժիններ՝

Մի քանի խորհուրդ խմիչքների մասին

Մատուցվող խմիչքները պետք է ունենան համապատասխան ջերմաստիճան.

Այսպես՝ բոլոր տեսակի մրգօղիները երբ սառը չեն, ձեռք են բերում տհաճ համ, իսկ եթե չափից ավելի սառեցվեն, կորցնում են իրենց բույրը։ Մրգօղու համար ամենահարմար ջերմաստիճանը ցելսիուսի 10 -15 աստիճանն է։ Այսպիսի ջերմաստիճանի դեպքում դրա համն ու հոտն ավելի լավ է զգացվում։ Մրգօղու հետ կարելի է մատուցել սալաթներ՝ պատրաստած քերած շաղգամով ու ձիթապտղով, թարմ ու թթու վարունգով, այլ թթուներով, աղի պեչենի, ձկնկիթով բուտերբրոդ, աղի գետնանուշ, նուշ կամ ընկույզ, ապխտած երշիկ, պանիր։

Գարեջուրը և սպիտակ գինին մատուցվում է ինչպես տաք, այնպես էլ սառը խորտիկների հետ։ Գարեջուրը, բացի այդ, կարելի է մատուցել բուտերբրոդների և թակածո կոտլետների, շնիցելի, պանրի հետ։ Սպիտակ գինին հարմար է նաև սառը բուտերբրոդների հետ։

Կոնյակը, անիսոնի օղին, վերմուտը և ռոմը հարմար են թեթևակի սառեցրած նախուտեստների հետ։ Ընդ որում, անիսոնի օղին խորհուրդ է տրվում մատուցել փոքրիկ սառցակտորներով։ Այդ դեպքում այն ավելի բուրումնավետ է դառնում։ Անիսոնի օղու հետ նույնպես հարմար են բուսական յուղով ու քացախով պատրաստված սալաթները, թթու վարունգն ու կաղամբը։

Կարդացեք նաև

Կոնյակն ու ռոմը կարելի է առաջարկել թեյի հետ։ Դրանք ուժեղացնում են թեյի բույրը և, բացի այդ, ջերմացնում են։ Կոնյակը մատուցվում է շաքարի կտորների և կիտրոնի շերտիկների հետ միասին։

Կոնյակի, ռոմի և վերմուտի հետ հարմար են բիսկվիտները, սովորական և աղի պեչենիները, մրգերից` արմավը, խնձորը, նարինջը, ընկուզեղենից` հունականը, նուշը, գետնանուշը։

Սև սուրճի հետ, լիկյորից բացի, կարելի է մատուցել ռոմ` բիսկվիտի կամ պեչենիի հետ։

Օղու և սպիտակ գինու հետ մատուցել գնդիկներ «Ռոկֆոր պանրից»
Հավասար քանակությամբ պանիրն ու կարագն իրար խառնեք, լավ տրորեք փայտե գդալով և ստացված զանգվածից պատրաստեք ընկույզի մեծությամբ գնդիկներ։ Գնդիկների մի մասը թաթախեք մանր կտրատած կանաչ մաղադանոսի մեջ, մյուսները` մանր ծեծած ընկույզի, իսկ մնացածները՝ մանր քերիչով անցկացրած պանրի մեջ։ Այնուհետև ափսեի մեջ շարեք մաղադանոսի մեջ թաթախած գնդիկները, ծեծած ընկույզի մեջ թաթախածները և պանրի մեջ թաթախածները` առանձին շարքերով։ Որպեսզի հնարավոր լինի դրանք վերցնել, ամեն մի գնդիկի մեջ անցկացրեք մի փայտիկ։

Սալաթ` ֆրանսիական ձևով
Տաք ջրի կամ կաթի մեջ մի քանի ժամ թրջեք մի կտոր կովի բրինզա պանիր, այնուհետև տրորեք փայտե գդալով, իսկ մատուցելուց առաջ հետը խառնեք մանրած ընկույզ։ Այս սալաթը լավ է մատուցել սպիտակ գինու կամ վերմուտի հետ։

Լցոնած հացիկ
Փոքր բոքոնը բաժանեք երկու մասի, հանեք միջուկը։ Փրփրելու աստիճան տրորեք 200 գրամ կարագը, ավելացրեք մանր կտրատած 160 գրամ խոզապուխտ, 100 գրամ խաշած լեզու, 70 գրամ պանիր, թթու վարունգ, խաշած ձու և այդ բոլորը լավ խառնեք։ Այս խառնուրդով լցոնեք հացի կեսերը, դրանք թողնելով այդպես 30-60 րոպե սառը տեղ, որից հետո կտրատեք, մատուցեք սպիտակ գինու կամ վերմուտի հետ։

Աղի պեչենի
Փայտե գդալով տրորեք 100 գրամ կարագը 100 գրամ բրինզա պանիրը, ավելացրեք 100 գրամ ալյուր և հունցեք խմոր։ Բացեք խմորը 2 մմ հաստությամբ շերտով և գինու բաժակով կտրեք կիսալուսնաձև կտորներ, վրան քսեք հարած ձու, թխեք տաք ջեռոցում՝ մինչև բաց դեղնագույն դառնալը։ Այս պեչենին հարմար է գինու հետ։

 Սալաթ «Ախորժակ»
Սալաթի ամանի մեջ լցրեք մանր կտրատած թթու կաղամբ, քերիչով անցկացրած թթու գազար, վրան բուսական յուղ լցրեք, խառնեք։ Սալաթի վրա շարեք վարդաձև կտրատած մարինացված կարմիր տաքդեղներ, արանքներում` շերտ-շերտ կտրատած խաշած ձու, իսկ սալաթի մեջտեղում` կիսած ձիթապտուղներ, կտրած մասը դեպի ներքև։

Սալաթ բրինզա պանրով
Ափսեի մեջ լցրեք մանրած բրինզա պանիր, հետը խառնեք մանր կտրատած կամ քերած գլուխ սոխ, վրան ցանեք կարմիր կամ սև պղպեղ և բուսական յուղ։ Պանրի շուրջը դարսեք երկու շարք կանաչ թթու դրած պոմիդոր ու գազար և մի շարք թթու դրած վարունգի շերտեր ու մարինացված կարմիր տաքդեղ։ Սալաթի վրա ցանեք կանաչ մաղադանոս։

Օգտակար խորհուրդներ

  • Հեռախոսի փոշին ամեն օր պետք է մաքրել (եթե լարով է, ոլորված լարն ուղղել)։ Շաբաթը մեկ անհրաժեշտ է փողակն ու միկրոֆոնը սրբել օղիով կամ սպիրտով թրջած լաթով։
  • Որպեսզի սառնարանի մեջ օդի ճիշտ շրջանառությունը չխախտվի, նրա մեջ չափից շատ մթերքներ չպետք է պահել։ Օդի շրջանառության խախտումը կրճատում է մթերքների պահպանման տևողությունը։
  • Միրգը սառնարան դնելուց առաջ հարկավոր է լավ լվանալ ու սրբիչով չորացնել։
  • Որպեսզի եփած միսը, կանաչեղենը չչորանան, սառնարանի մեջ դնելիս թղթով (ցանկալի է՝ պերգամենտի) պետք է այնպես ծածկել, որ դրանց շուրջը չխախտվի օդի շրջանառությունը։ Բայց ոչ մի մթերք չպետք է սառնարանի մեջ դնել պերգամենտի թղթով կամ պոլիէթիլենով ամուր փաթաթած, քանի որ առանց թարմ, սառը օդի հոսանքի՝ դրանք շուտ փչանում են։
  • Հեղուկները` կաթը` սերուցքը, արգանակները, սառնարանի մեջ դնելիս ավելի լավ է լցնել շշերի կամ ապակե տարաների մեջ։

Եթե սառնարան չունեք
Միսը կարելի է մեկ-երկու օր թարմ պահել, եթե այն փաթաթեք թունդ քացախի մեջ թրջած քաթանե կտորով։ Եփելուց առաջ միսը պետք է լվանալ սառը, հոսող ջրով։

Եթե մսի վրա քսեք կիտրոնի հյութ, դնեք բացօթյա, քամահարվող տեղում և ծածկեք թանզիֆով, ապա այն 1-2 օր կմնա թարմ՝ նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Կարելի է նաև միսը տապակել քիչ յուղով և թեթև աղ անել։

Միսը և ձուկը կարելի է համեմատաբար երկար ժամանակ թարմ պահել, եթե դրանց կտորների արանքում դնեք եղինջ և ապա փաթաթեք թաց շորի մեջ. այս ձևից հաջողությամբ օգտվում են, օրինակ, ձկնորսները։ Թարմ ձուկը զամբյուղի մեջ՝ եղինջի հետ, չի կորցնում իր սննդային հատկությունները։

  • Որպեսզի ձուն երկար ժամանակ թարմ մնա, այն պատեք խոզաճարպով, փաթաթեք թղթով, դրեք զամբյուղի մեջ և կախեք քամահարվող տեղում։ Կամ էլ պատեք սպիտակուցով, թողեք չորանա, փաթաթեք թղթով և դրեք զամբյուղի մեջ։
  • Կարագը երկար կպահպանի իր թարմությունը, եթե այն փաթաթեք յուղաթղթով և դնեք աղի ջրի մեջ։ Որպեսզի ջրի երեսը չբարձրանա, վրան կարելի է ափսե դնել։ Կարելի է նաև կարագը փաթաթել քացախի և ջրի խառնուրդով թրջած շորի մեջ։

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս