Բաժիններ՝

Վրացական ծովափ. էժան հանգստի լեգենդն ու իրականությունը

Շեկվետիլի, Ուրեկի, Չակվի, Գրիգոլետի և, իհարկե, Քոբուլետի։ Ամռան ամիսներին այս քաղաքներում այնքան հայ կա, որ մտածում ես՝ Հայաստանում մարդ չի մնացել։

Էժան ծովափնյա հանգիստը վերջին տարիներին մագնիսի նման Վրաստան է ձգում՝ գնալով ավելի մեծ թվով հայերի։ Սակայն առաջին անգամ գնացողների համար հետաքրքիր է՝ որքանո՞վ է ճիշտ, երբ ասում են, որ ընդամենը 200 դոլարով կարելի է «օտ ի դո» հանգստանալ, ասենք, Քոբուլետիում։ Հանգստանալ (կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ մի քանի օր անցկացնել) հնարավոր է, սակայն հաստատ՝ ոչ «օտ ի դո»։

Կարելի  է գտնել վարձով անկողին՝ վճարելով 10 լարի մեկ գիշերվա համար։ Կարելի է 20-25 լարիով գտնել նաև երկու անձի համար փոքրիշատե կոկիկ սենյակ՝ ընդհանուր սանհանգույցով։ Սակայն, եթե մի քիչ «կոմֆորտ» եք ուզում, ապա մոռացեք 20 լարիի մասին։ Այսպես, եթե սենյակն ունի առանձին սանհանգույց, գինը 30-35 լարիից պակաս չի կարող լինել։ Իսկ եթե ցանկանում եք նաև սառնարան ունենալ ձեր սենյակում, ապա նախատեսեք օրական վճարել նվազագույնը 50-60 լարի։ Հեռուստացույցը սենյակում ոչինչ չի փոխում. լինելու դեպքում, միևնույնն է, չեք նայի՝ միայն վրացական ալիքներ են։ Դե իսկ եթե ցանկանում եք նաև օդորակիչ, ուրեմն օրական 70 լարին մեկ օրվա համար նորմալ գումար է։

Եթե նախօրոք ցանկանում եք ճշտել հյուրանոցների գները, մեծ մասամբ անիմաստ զբաղմունք է։ Ինտերնետով կարող եք կարդալ, որ, օրինակ, միջին կարգի հյուրանոցի երկու հոգու համար նախատեսված սենյակը (վերը նշված հարմարություններով) արժե 80 լարի։ Ի դեպ, չի բացառվում, որ երեքանգամյա սնունդ էլ ներառված լինի այդ գումարի մեջ։ Սակայն տեղ հասնելով՝ կարող եք պարզել, որ գինը ոչ թե 80 լարի է, այլ 80 դոլար, իսկ սննդի համար հարկավոր է լրացուցիչ վճարել մեկ անձի համար՝ օրական 20-25 լարի։ Ընդ որում, շատ հնարավոր  է, որ ինտերնետում ձեր տեսած կամ ծանոթի նկարագրած համարը իրականում լրիվ այլ տեսք ունենա, և տեղում տեսնելով՝ փոշմանեք ընտրության համար։ Այնպես որ, ամեն դեպքում ճիշտը տեղում ընտրություն կատարելն է։

Կարդացեք նաև

Մի փոքր էլ սննդի մասին։ Ռեստորաններում ու բացօթյա սրճարաններում սնվելը թանկ չէ, բայց շատ էժան էլ չէ։ Օրինակ, մեկ հատ խինկալին արժե 0.6-0.7 լարի, օջախուրին՝ 5-7 լարի, իմերեթական և աջարական խաչապուրիները՝ 6-8 լարի։ Երկու հոգով սրճարանում ոչ շքեղ, բայց կուշտ ուտելու համար կվճարեք 20-25 լարի։ Եթե սրան էլ գումարենք թեթև նախաճաշը ոտքի վրա, միրգը, գարեջուրը կամ պաղպաղակը, ապա օրական սնվելու վրա նախատեսեք մինչև 40-50 լարի՝ երկու հոգու համար։ Իհարկե, վերջին հաշվով կարելի է սնվել ոչ թե դրսում, այլ տանը պատրաստել, սակայն դա արդեն դժվար է հանգիստ անվանել։

Կարճ ասած, եթե որոշել եք երկու հոգով հանգստանալ վրացական ծովափում, ապա նախատեսեք օրական նվազագույնը 100 լարի (մոտ 60 դոլար)։ Այս գումարին էլ պետք է ավելացնեք ճանապարհածախսը և հարակից ծախսերը (ժամանց, հիգիենայի պարագաներ և այլն)։

Նկատենք նաև, որ վրացական ծովափնյա քաղաքներում, թե՛ տեղի բնակիչների, թե՛ մշտական հանգստացողների խոսքերով, ամեն ինչ նախորդ տարվա համեմատ բավականին թանկացել է։ Պատճառը ոչ թե համաշխարհային գնային տատանումներն են, այլ պարզապես վրացիները հասկացել են մի պարզ ճշմարտություն՝ երբ պահանջարկը գերազանցում է առաջարկը, կարելի է նույն սենյակի գինը 40-ից դարձնել 60 լարի։

Թա՞նկ է սա, թե՞ էժան։ Միգուցե ոմանց համար թանկ է՝ հաշվի առնելով սպասարկման ցածր որակը՝ միայն վրացերեն հասկացող մատուցողներով և այլ աշխատողներով, աղմուկն ու ժխորը։ Գլխավոր առավելությունը, որի համար հայերը նախընտրում են Վրաստանը, ծովն է։ Իսկ ծովափը հանրային է և անվճար։ Ոչ մի տեղ ձեզ չեն մոտենա և չեն ասի՝ սա, օրինակ, Գիվիի սեփականությունն է, պետք է վճարեք։ Այնպես որ, եթե կոմֆորտը ձեզ համար ամենակարևոր բանը չէ, կարող եք գիշերել նաև ծովի ափին՝ մեքենայի մեջ՝ նվազագույն ծախսով վայելելով Սև ծովի ալիքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս