Տանը և դրսում մենք հայերեն ենք միշտ խոսում
Ֆրանսահայ երգիչՄարթեն Յորգանցը Հայաստանում է: Օգտվելով այդ առիթից, հրավիրված ասուլիսից հետո նրա հետ զրուցեցինք մի քանի հարցերի շուրջ:
– Ինչպե՞ս, ե՞րբ և որտե՞ղ եք սկսել Ձեր երաժշտական կարիերան:
-1965 թվականից՝ Ստամբուլում, երբ հաճախում էի դպրոց`«Մխիթարյան» վարժարան, սկսեցի երգել և միանգամից ճանաչում ունեցա: 1967 թվականին մասնակցել եմ «Ոսկե խոսափող» մրցույթին և հայ լինելով`այն շահել եմ: Երգել եմ տարբեր լեզուներով: Հետո Ֆրանսիա եմ գնացել: Մյուս երգիչներից տարբերվում եմ նրանով, որ երգում եմ տարբեր լեզուներով և երգում եմ փոքրիկների համար ստեղծված երգեր, որոնք սիրված են նաև մեծերի կողմից: Լինում են երեկույթներ, որտեղ բազմաթիվ մեծահասակներ խնդրում են իրենց համար երգել փոքրիկների երգերը ու շատ են ուրախանում` լսելով դրանք: Եղել է նաև, որ «Ճկույթիկը» ջազի պես եմ երգել:
– Պատմեք Ձեր ընտանիքի մասին:
– Հայրս Սև ծովի ափին է ծնվել, իսկ մայրս՝ Անկարայում, երկուսն էլ հայ են: Ես կրթվել եմ հայկական վարժարանում: Իմ մանկության տարիներին թուրքերի կողմից վատ բաներ չեմ տեսել: Ծնողներս հավանաբար տեսել են, բայց ոչինչ չեն ասել: Ես ծնողներիս միակ զավակն եմ: Տիկինս ինձ նման` Ստամբուլում է ծնվել: Ունեմ 26 -ամյա որդի, ում անունն Արտաշես է: Որդիս համակարգիչների ինժեներ է և բնակվում է Լաս Վեգասում:
– Որքանո՞վ են Ձեր ընտանիքում պահպանվել հայկական ավանդույթները:
– Իմ մոր և հոր կողմից փոխանցվել են հայկական ավանդույթները: Մենք տանը, ինչպես նաև դրսում, ընդհանրապես հայերեն ենք խոսում: Մեր տանը պատրաստվում են մեր ավանդական հայկական ճաշերը:
– Հայտնի է, որ գյումրեցի մի երեխայի կնքահայր եք դարձել:
– 1988 թվականին Համալիրի համերգներիի ժամանակ ես շատ-շատ ծաղիկներ էի ստանում և դրանք ուղարկում էի հիվանդանոցներ`տուժածներին: Մի կին, ով նոր էր ծննդաբերել, ստանալով ծաղիկները, իր փոքրիկին անվանել էր իմ անունով: 1989թ. Հոկտեմբերյանի ֆուտբոլի դաշտում իմ համերգն էր: Մի կին այդտեղ էր բերել իր փոքրիկին և հիշեցրել, որ նա Մարտինն է: Քանի որ հնում էլ եղել են շատ դեպքեր, երբ երեխաներին կնքել են առանց եկեղեցու, ասենք`գետում, ես էլ հենց այդ դաշտում կնքեցի նրան`նվիրելով իմ պարանոցի խաչը: Երկար տարիներ անց՝ անցյալ տարի, 1 տարեկան այդ փոքրիկին նորից տեսա`արդեն երիտասարդ դարձած և արդեն ինձանից բարձրահասակ, ինչի համար շատ ուրախ եմ: Այս տարի ևս տեսել եմ Մարտինին: