Բաժիններ՝

«Հայֆիլմը» պետք է հետ վերադարձնել պետությանը

Մի խումբ կինոգործիչներ հայկական կինոյի իրավիճակային վերլուծությունը նկարագրող զեկույցով դիմել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին`ծավալուն մի փաստաթուղթ ներկայացնելով նրանց: Կինեմատոգրաֆիստները, մասնավորապես, Հասմիկ Պողոսյանի ուշադրությունն են հրավիրել Հայաստանի ամբողջ կինոժառանգության վրա, որը ներկայումս տնօրինվում է մասնավոր ընկերության կողմից: Ամենաաբսուրդն այն է, որ հայ կինոյի պատմության ընթացքում ստեղծված ֆիլմերի օգտագործման իրավունքները չեն պատկանում ՀՀ մշակույթի նախարարությանը կամ «Հայֆիլմի» իրավաջորդը համարվող Ազգային կինոկենտրոնին: «Այսինքն` նույնն է թե՝ Մատենադարանը կամ Ազգային պատկերասրահը վաճառես մի մասնավոր ընկերության: Հայաստանի կինոյի 80 տարվա տարեգրությունը հանձնվել է մի ընկերության, որն այն օգտագործում է կոմերցիոն նպատակներով: Օրինակ, եթե որևէ հեռուստաալիք սգո կամ տոնական օրերին ծրագրում հայկական ֆիլմ ցուցադրելու նպատակ ունի, ապա պետք է ֆիլմը գնի այդ մասնավոր ընկերությունից: Եթե մեր պետությանն իր ֆիլմը պետք է, ապա պետությունը պարտավոր է «վիզ ծռել» կամ գնել իր ստեղծած ֆիլմն այն ընկերությունից, որին 200-ից ավելի ֆիլմերի օգտագործման իրավունքը վաճառել է ընդամենը 3մլն դրամով»,- նախարարին ներկայացրած զեկույցում մեկնաբանել են կինոգործիչները: Վերջիններս իրավիճակը շտկելու համար Մշակույթի նախարարին առաջարկել են ետ գնել ֆիլմերի օգտագործման իրավունքը և դրանց տնօրինումը հանձնել Ազգային կինոկենտրոնին: Ի դեպ, զավեշտն այն է, որ մեր կինոֆոնդի շահագործումից (տեսասկավառակներ, հեռուստատեսություն, փառատոներ և այլն) ստացված շահույթը չի ծառայում կինոյի զարգացմանը: Դժվար չէ կանխատեսել ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի արձագանքն՝ այս հարցադրման հետ կապված: Զարմանալի չէ, որ կինոգործիչների բարձրացրած խնդիրն առայսօր անպատասխան է մնացել, քանի որ Հ. Պողոսյանը չի կարող հրապարակավ քննադատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ժամանակին «Հայֆիլմ» կինոստուդիան իր ամբողջ տարածքով և արխիվով մասնավոր ընկերությանը վաճառելու քայլը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառվել էր մասնավորեցման մրցույթի միակ հայտատուին՝ «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ի տնօրեն Բագրատ Սարգսյանին, ով հանդես էր գալիս «Գաֆէսճեան» հիմնադրամի անունից: Նա մեկնարկային գնից՝ 267 մլն դրամ, ավելին էր առաջարկել՝ 350 մլն դրամ՝ խոստանալով, որ 10 տարվա ընթացքում պատրաստ է կատարել 30 մլրդ դրամի ներդրում: Կինոստուդիան ամբողջովին պետք է վերանորոգվեր, համապատասխանեցվեր միջազգային չափանիշներին, բոլոր ֆիլմերը պետք է թվայնացվեին, կինոարտադրություն պետք է սկսվեր, և հայ մասնագետները պետք է վերապատրաստվեին արտասահմանում: Խոստումներ, որոնք այդպես էլ չիրականացվեցին: Փոխարենը, սակայն, իշխանությունները կարող են պայմանագրային պարտականությունները չկատարելու համար այսօր էլ հետ վերադարձնել «Հայֆիլմը»` իր հսկայական տարածքով, գույքով և կինոֆոնդով հանդերձ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս