Եվրասիական փասիանս

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը` ընդհատելով  արձակուրդը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար մեկնելու է Մոսկվա: Ինչպես նշել ենք, Պուտինը ցանկանում է հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը Եվրասիական միության վերաբերյալ, ավելի ճիշտ` դրական պատասխան ստանալ այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցում: Հաշվի առնելով հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսական կողմից ՀՀ իշխանությունների նկատմամբ անընդհատ ավելացող ճնշումները, լավագույնը, որ կարող է հաջողվել Սերժ Սարգսյանին, թերևս, այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնելու վերջնաժամկետը մի քանի ամսով հետաձգելն է: Սակայն դա խնդրի ընդամենը մակերեսային լուծում կարող է լինել: Հայաստանն այսօր կանգնած է իսկապես ճակատագրական երկընտրանքի առջև, թեև իրականում դա ոչ թե երկընտրանք, այլ պարտադրանք է` անդամագրվելու մի կառույցի, որից ոչ միայն մեծ հաշվով որևէ օգուտ չի կարող ունենալ, այլ որի պատճառով կարող է դե ֆակտո կորցնել ինքնիշխանությունը: Այսօր Հայաստանը «կամ` կամ» իրավիճակում է. կամ պետք է կարողանա դիմակայել ռուսական կայսերապաշտության ամրապնդմանն ուղղված պարտադրանքին, կամ  շարունակել եվրոինտեգրացիայի գործընթացը: Հատկապես վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մանևրելու տեղ կարծես թե չի մնացել, իսկ այդ երկու ուղղությունները համատեղելու գաղափարը ոչ միայն անհնարին է, այլև անհեթեթ:

Եվրասիական միություն-Եվրոպա երկընտրանքը, բնականաբար, առաջին հերթին քաղաքական է, սակայն ունի նաև բազմաթիվ այլ շերտեր` սկսած արժեքային համակարգից ու մշակույթից, վերջացրած  կենցաղավարության նորմերով: Այսինքն` այս երկընտրանքն իր մեջ պարունակում է գաղափարաբանական, ինչ-որ իմաստով՝ նաև փիլիսոփայական ասպեկտներ: Ի վերջո, դա երկընտրանք է նաև հանրային, պետական կյանքի կազմակերպման երկու հայեցակարգերի միջև: Եվրասիական կամ ռուսական տարբերակի հիմքում, ըստ էության, դրված է «մարդը՝ համակարգի համար» (պետություն, ազգ, գաղափարախոսություն, կլաններ և այլն) կոնցեպտը, եվրոպական մոդելում` «համակարգը` մարդու»: Այս հակադրությունը կարելի է տեղայնացնել կենսագործունեության բոլոր ոլորտներում` քաղաքականությունից ու տնտեսությունից՝ մինչև կրթություն, սոցիալական ապահովություն  կամ մշակույթ: Քաղաքական տեսանկյունից դա երկընտրանք է պուտինյան տոտալիտար Ռուսաստանի և ժամանակակից եվրոպական հասարակությունների, մարդու իրավունքների բռնաճնշման և քաղաքացիական ազատությունների, վերահսկվող գաղափարախոսության և բազմակարծության միջև: Տնտեսական կյանքում հակադրությունը պակաս տեսանելի չէ` իշխանական օլիգարխներ կամ շուկայական մրցակցություն, պետական քվոտաներ կամ ազատ առևտրային ռեժիմ, և այլն, և այդպես շարունակ: Ասվածից կարող է տպավորություն ստեղծվել, թե եվրոպական կամ արևմտյան մոդելը կատարյալ է: Ամենևին` ոչ: Նույն Եվրամիությունն ունի բազմաթիվ լրջագույն խնդիրներ, ինչի վկայությունը եվրոյի գոտու ներկայիս ճգնաժամն է և սոցիալական հուզումները նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում: Սակայն հակադրությունը ոչ թե այդ հարթության, այլ, կրկնում ենք` արժեքային համակարգի մեջ է: Այսինքն` մեծ հաշվով, «Եվրասիական միությո՞ւն, թե Եվրոպա» երկընտրանքը երկընտրանք է այսօրվա Հայաստանի և ավելի լավ Հայաստանի միջև, քանի որ ռուսական ներկայիս իրականությանը բնորոշ արատավոր երևույթները, ավելի կամ պակաս չափով, առկա են նաև Հայաստանում:

Եվրասիական միության և եվրոպական ինտեգրացիայի միջև հակադրությունները, համակարգերից  յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերը, իհարկե, բազմաթիվ են, ու հնարավոր չէ մեկ հրապարակման շրջանակներում անդրադառնալ դրանց: Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե անհաղորդ է այս խնդրին, և, ըստ էության, որևէ մեկը կամ չի ցանկանում, կամ, որ ավելի հավանական է` չի համարձակվում դիրքորոշում հայտնել:
Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ քննարկումները հերթական անգամ ցույց տվեցին մեր քաղաքական դաշտի սնանկությունը: Նորմալ քաղաքական դաշտ ունենալու դեպքում՝ այդ խնդիրը պետք է այսօր լիներ հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը, կուսակցությունները պետք է բանավիճեին դրա շուրջ, ներկայացնեին փաստարկներ ու հակափաստարկներ, հասարակությանն առավելագույն չափով ներգրավեին այդ գործընթացին: Սակայն, բացառությամբ մեկ-երկու հերթապահ կուսակցական հայտարարությունների ու երիտասարդական-հասարակական կազմակերպությունների «պոռթկումների» (հիմնականում` իշխանությունների կողմից ուղղորդվող)՝ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը չի արձագանքում այս խնդրին: Ավելին` խնդիրը՝ որպես այդպիսին, քննարկվում է միայն նեղ` ներքաղաքական տրամաբանության շրջանակներում: Այդ քննարկումները հանգում են այն պարզունակ դատողություններին, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամագրվել Եվրասիական միությանը, նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է դիմակայել այդ ճնշումներին, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն էլ (իրենց սպասարկող ուժերով)  փորձում են այդ առիթը ծառայեցնել առաջիկա նախագահական ընտրություններում իրենց վերադարձն ապահովելու համար: Եվրասիական միությանն անդամակցության հարցը վերածելով «նախագահների եռանկյունու մրցավեճի»` առաջնային է դառնում ոչ թե Հայաստանի քաղաքական ապագայի խնդիրը, այլ այս կամ այն սուբյեկտների հաշվարկները: Այսինքն` եթե անգամ քաղաքական օրակարգում այդ հարցը ընդգրկված է, ապա ընդգրկված է միայն Սերժ-Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Լևոն Տեր-Պետրոսյան հարաբերությունների տիրույթում: Դրանից ելնելով էլ՝ երեք նախագահներն ու նրանց կողմնորոշումները որակվում են «ռուսամետ» կամ «արևմտամետ» պիտակներով: Արդյունքում` թյուր տպավորություն է ստեղծվում, թե Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը ռուսամետ են, իսկ Սերժ Սարգսյանն` արևմտամետ: Այս տպավորության խաբուսիկությունն այն է, որ իրականում նրանցից և որևէ մեկը արևմտամետ չէ, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, ոչ մեկն էլ «ոչ ռուսամետ» չէ: Պարզապես ներկայիս իրողությունների համատեքստում Սերժ Սարգսյանը` որպես գործող նախագահ, հայտնվել է արևմտամետի դերում` այս դեպքում պաշտպանելով նաև Հայաստանի պետական շահը: Բայց պետական շահը միշտ չէ, որ համընկնում է իշխանական` սեփական իշխանությունը պահպանելու շահի հետ: Հակառակը` Հայաստանում շատ հաճախ այդ շահերը հակադրվում են, այսինքն` ցանկացած նախագահ իշխանությունը ստիպված է լինում պահպանել՝ ի հաշիվ պետական շահի: Այդ իմաստով, ներկայումս Սերժ Սարգսյանը գտնվում է «սահմանային վիճակում», և Մոսկվայում կարող է որոշվել նաև նրա հետագա իշխանության ճակատագիրը: Իսկ ինչպիսի՞ն կլինի այսօր հանգամանքների բերումով «արևմտամետի» դիրքերից հանդես եկող Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, եթե կշեռքի մի նժարին դրվի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խնդիրը, իսկ մյուս նժարին` 2013 թվականի նախագահական ընտրություններում իր վերընտրության  հարցը: Մեծ հավանականությամբ, նրա «արևմտամետությունը» կնահանջի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի համար տեսանելի դառնա, որ իր հետ կամ առանց իրեն՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանն անխուսափելի է:

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս