
ՔՊ-ականները հակված չեն արագ ընդունելու Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, ուզում են «լավարկել»
Այսօր ԱԺ-ում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրեթե 3 ժամ փակ հանդիպում էր անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավորների հետ։ Քննարկման առարկան իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած այլընտրանքային ծառայության վերաբերյալ օրենքի նախագիծն էր։
Փակ հանդիպումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագիծն ամբողջությամբ բովանդակային քննարկման է ենթարկվում, և մինչև բոլոր մտահոգությունները չփարատվեն, նաև հանրային կարծիքը հաշվի առնելով՝ նախագիծը կգտնվի քննարկման փուլում։
«Չեմ կարող ասել, թե առաջիկայում ինչ վարչարարություն կլինի, բայց կարող եմ ասել, որ քննարկումները բովանդակային առումով շարունակվելու են։ Որևէ քվեարկում, բան չի եղել, ընդամենը գիտական, բովանդակային քննարկում է նախագծի բոլոր կետերի ու կարգավորումների վերաբերյալ։
Քննարկելու ենք, հնարավորինս լավարկելու ենք, նախագիծը պետք է առավելագույնս լավարկվի։ Եթե հասկանանք, որ մեր առջև դրված խնդիրներն արդեն լուծվում են, և հանրային կոնսենսուսն էլ կա, և մտահոգությունները, որոնք ունի հանրությունը և մեր գործընկերները, փարատվեն, արդեն նախագիծը կգնա իր ընդունման ճանապարհով»,- նշեց Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ նախագծում կան կետեր, որոնք նորմալ ու անհրաժեշտ կետեր են, հիմնական տարընկալումները, որոնք կան՝ կապված են գումարով կարճ ժամանակ ծառայելու հետ։
Ճշտող հարցին՝ քննարկո՞ւմ են նախագիծը շրջանառությունից հանելու հարց, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ քննարկվում է, քննարկումների մեջ սահմանափակում չկա։
«Կարող ենք քննարկել, որ նախագիծը գուցե ապագա չունի, ու քննարկումները դադարեցնենք։ Կան իրավահարաբերություններ, որոնք թերի են կատարված, և դրանք հրատապ կարգավորման կարիք ունեն, որովհետև չկարգավորելու դեպքում մենք ազգային անվտանգության հետ կապված խնդիրները չենք լուծի։ Այսինքն՝ մեր բանակի զորահավաքային գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու լուրջ խնդիր ունենք։
Բայց նախագծում հոդվածներ, նորմեր կան, որոնք արժեքային տարընկալումների խնդիր ունեն»,- հավելեց Արմեն Խաչատրյանը։
Նա նաև ասաց, որ, եթե մաթեմատիկական հաշվարկով դիտարկեն, ապա նախագիծը նման վիճակում ավելացնելու է զորահավաքի ռեսուրսները, ազդելու է պայմանագրայինների աշխատավարձի վրա։ Բայց կա արժեքային ընկալման խնդիր՝ երբ ասում են՝ փող ու քիչ ծառայություն, հանրությունն այլ ընկալում է ունենում։
Նա դժվարացավ ասել՝ առաջիկա քառօրյայում նախագիծը կընդգրկվի՞, թե՞ ոչ՝ ընդգծելով, որ այս պահին քննարկումները դեռևս շարունակվում են։
«Կարծում եմ՝ մեր պատգամավորներն իրենց առաջարկություններն ու պատկերացումները պետք է ներկայացնեն նախագծի վերաբերյալ, դրանցից ընտրվեն ամենադրականները։ Սա կարևոր նախագիծ է, որը որքան քննարկենք, այնքան ավելի լավ կլինի։
Այո՛, այս նախագիծը կարող է ի վնաս մեզ աշխատել, բայց մենք առաջնահերթությունը տալիս ենք ազգային անվտանգությանը և բանակի ռեսուրսների ավելացմանը»:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում պետբյուջե վճարել 24 մլն դրամ, 6 ամսվա դեպքում՝ 5 մլն դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում: