
Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափին 22 նոր բնակավայրի կառուցման ծրագիրը

Իսրայելն Արևմտյան ափին և Հորդանանի սահմանի մոտակայքում 22 նոր բնակավայր կկառուցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
Բնակավայրերի հիմնումը համարվում է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի համատեղ նախաձեռնության մաս, որը հաստատվել է Իսրայելի կառավարության կողմից։
Իսրայելի Channel 14-ը, մեջբերելով պաշտպանության նախարար Կացի խոսքերը, նշել է, որ 22 նոր բնակավայրի կառուցումն Արևմտյան ափին կարևոր քայլ է Իսրայելի համար։
«22 նոր բնակավայր հիմնելու որոշումը ռազմավարական քայլ է, որը կանխում է պաղեստինյան պետության ստեղծումը։ Բնակավայրերի հիմնումն ամրապնդում է մեր վերահսկողությունն Արևմտյան ափի նկատմամբ», – նշել է Կացը։Ֆինանսների նախարար Սմոտրիչը նույնպես կարևորել է նոր բնակավայրերի հիմնման նախաձեռնությունը։ «Բնակավայրերն Իսրայելի պաշտպանիչ վահանն են», – ասել է նա։
Al Jazeera-ն, վկայակոչելով պաղեստինյան կողմի հաղորդագրությունները, նշում է, որ Արևմտյան ափին վերաբնակիչների թիվը 2024 թվականի վերջին հասել է մոտավորապես 770 000-ի։ Նրանք տեղակայվել են 180 բնակավայրերում և 256 ֆորպոստներում։
ՄԱԿ-ը բռնագրավված պաղեստինյան տարածքներում բնակավայրերը համարում է անօրինական և զգուշացնում, որ դրանք խաթարում են հակամարտությունը երկու պետությունների (պաղեստինյան և իսրայելական) սկզբունքով լուծելու հնարավորությունները։