Բաժիններ՝

Պավել Մուժիկյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել են Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Պավել Մուժիկյանին․ հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Պավել Մուժիկյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը, ինստիտուտի կառուցվածքի պարբերական վերանայումը, ինստիտուտի գիտական և ճարտարագիտական անձնակազմի երիտասարդացումը, միջին տարիքի գիտնականների կայուն սերնդի ձևավորումը, համագործակցությունը ՀՀ գիտական և կրթական կազմակերպությունների հետ, գիտության հանրայնացումը, միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնոլոգիական մշակումների խթանումը։

Պավել Մուժիկյանը նշեց, որ 2025թ-ին ինստիտուտում կազմավորվել է տեխնոլոգիական և նորարարական մշակումների աջակցության բաժին, որը կզբաղվի ինստիտուտի տեխնոլոգիական մշակումների, դրանց հնարավոր լիցենզավորման և փոքրածավալ սեփական արտադրության, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների համար պայմանագրային հետազոտությունների ու մշակումների իրականացման հարցերով: Ինստիտուտի գործունեության կարևոր բաղադրիչ է լինելու նաև պաշտպանական համակարգի համար աշխատանքների իրականացումը, պետական պատվերի ձևավորմանը և կատարմանը մասնակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Կենսագրություն

Պավել Մուժիկյանը 2002-2006թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև նույն համալսարանի մագիստրատուրայում՝ կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա մասնագիտությամբ։ 2011թ-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Պավել Մուժիկյանը 2007թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ լաբորանտից մինչև ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար և փոխտնօրեն։ Իսկ 2024թ-ի դեկտեմբերից ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Պավել Մուժիկյանը 33 գիտական հոդվածի և 1 արտոնագրի հեղինակ է։ Նա դասախոսում է Հայ-ռուսական համալսարանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս