«ՀՀԿ-ի թեկնածուն ճիշտ չընտրվեց»

Կապանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուի վերաբերյալ 168.am-ին տված հարցազրույցում ասաց Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը:

Սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածություններն են առաջադրել նաև նախկին քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Աթաջանյանը և ՀՀԿ անդամ, «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Ինչպե՞ս եք գնահատում նրանց հնարավորությունները:

– Գագիկ Աթաջանյանի հետ բավական մոտ ենք: Մենք լավ ընկերներ ենք, և նախորդ ընտրություններին նա օժանդակեց ինձ: Ճիշտ է, մենք չենք հանդիպել, չենք խորհրդակցել, բայց հարգում եմ նրա որոշումը: Նա եղել է մեր լավ քաղաքապետերից մեկը, բայց կարծում եմ, որ այսօր նա արդեն անցյալ է: Բայց նորից ուզում եմ շեշտել, որ նա բավական հարգված անձնավորություն է քաղաքում, և հարգում եմ նրա՝ թեկնածություն առաջադրելու որոշումը: Մյուս թեկնածուին, որ ՀՀԿ-ից է, անձամբ չեմ ճանաչում, սակայն,  կարծում եմ, որ լինելով ՀՀԿ-ի՝, դա արդեն ներկայացնում է որոշակի ուժ: Իսկ քաղաքապետի ընտրություններում մրցակցությունը տեսնում եմ գործող քաղաքապետի և ՀՀԿ-ի թեկնածուի միջև:

– Պարոն Աթայան, Ձեր ընտրվելուց հետո մարզպետի և Ձեր հարաբերություններն ակնհայտ վատ էին: Շատերը գիտեին, որ կոնֆլիկտ ունեք մարզպետի հետ: Հիմա հարթվե՞լ է այդ կոնֆլիկտը:

– 4 տարի առաջ քաղաքապետի ընտրությունները բավական թեժ էին: Այն ժամանակ մարզպետն ամեն ինչ անում էր, որ ես չընտրվեմ: Եվ բնական է, որ իմ ընտրվելուց հետո առաջին ժամանակահատվածում մեր հարաբերությունները բավական ծանր էին, սակայն որոշ ժամանակ հետո նա կարողացավ գնահատել իմ աշխատանքը և փոխեց իր վերաբերմունքն իմ նկատմամբ: Այս վերջին տարիներին ես գրեթե խնդիր չեմ ունեցել նրա հետ: Մենք նորմալ աշխատել ենք:

– Դուք նշեցիք, որ չորս տարի առաջ մարզպետն ամեն ինչ արեց, որպեսզի չընտրվեք քաղաքապետի պաշտոնում: Ի՞նչ հարցերի շուրջ էր անհամաձայնությունը:

– Անհամաձայնությունն ընտրություններին նախորդած մթնոլորտն էր, քանի որ դժվար էր՝ ամեն ինչ անել և հետո՝ պարտվել: Դա բոլորս հասկանում ենք: Կարծում եմ՝ նրանք սխալ թույլ տվեցին նախորդ ընտրություններին, այսինքն՝ ՀՀԿ-ի թեկնածուն ճիշտ չընտրվեց: Այսօր այս նույն սխալը կրկնվում է, սակայն դա, իհարկե, ձեռնտու տարբերակ է ինձ համար:

– Իսկ «ճիշտ թեկնածու» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

– Քաղաքապետի ճիշտ թեկնածուն նա է, որ ընդունված և հարգված է քաղաքի բնակիչների կողմից և, մինչ թեկնածություն առաջադրելը, բավական գործ պետք է արած լինի քաղաքի համար: Այս ամենն այսօր բացակայում է, և պատահական մարդու թեկնածություն առաջադրելը սխալ է:

– Դուք ունեի՞ք Ձեր նշած որակները:

– Այո՛, վերջին 10 տարիներին ես զբաղվել եմ տնտեսական լուրջ գործունեությամբ: Կատարել եմ շատ բարեգործություններ, և վերջին 10 տարիներին դրել եմ այդ հիմքը, որպեսզի կառուցեմ իմ հետագա գործունեությունը: Մինչդեռ այսօր ավազի վրա կառուցում են առանց հիմքերի տուն, այսինքն՝ նկատի ունեմ այն, որ չի կարելի պատահական մարդ բերել և ասել, թե նա պետք է ղեկավարի քաղաքը: Իմ պատկերացմամբ՝ քաղաքապետի թեկնածուն մինչև առաջադրումն իր գործունեությամբ պետք է ապացուցի իր արժանիքները:

– Բաց դա նաև ՀՀԿ-ի մարզային խորհրդի նիստի որոշումն է: Այսինքն՝ մարզպետն, ամենայն հավանականությամբ, նաև դիտարկել է իրենց թեկնածուի հնարավորությունները: Ըստ Ձեզ՝ ՀՀԿ-ի թեկնածուն ինչո՞վ է «գրավել» մարզպետին:

– Ճիշտն ասած, չեմ կարող պատասխանել այդ հարցին, սակայն երբևէ նրանց երկուսին միասին չեմ տեսել: Կարծում եմ՝ Ա. Հայրապետյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը կայացվել է մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ: Հավանաբար, ինչ-որ բաներ հաշվի են առել: Միևնույն ժամանակ՝ նշեմ, որ ՀՀԿ մարզային խորհրդի նիստին ՀՀԿ-ի անդամների կողմից միանշանակ չի ընդունվել այդ որոշումը: Այսինքն՝ ոչ բոլորն էին համաձայն այդ որոշմանը:

Լավ, պարոն Աթայան, իսկ չորս տարի առաջ ի՞նչ վիճակում ընդունեցիք քաղաքը:

– Չեմ ուզում խորանալ նախկին քաղաքապետի գործունեության մեջ: Քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց մեկ ամիս հետո մտավախություններ ունեի՝ տեսնելով քաղաքում առկա խնդիրները, որոնք վախեցնող էին: Փառք Աստծո, կարողացա հավաքել նորմալ թիմ և դուրս գալ այդ խնդիրների ծանր բեռի տակից: Ամենահրատապ խնդիրը, որ դրեցի իմ առջև՝ քաղաքի աղբահանության խնդիրն էր: Երկրորդ խնդիրը քաղաքի մանկապարտեզների հարցն էր, որոնք անտեսվել էին բոլորի կողմից: Այսօր հստակ կարող եմ խոսել մանկապարտեզների լավ պայմանների մասին, որտեղ ապահովեցինք թե՛ լավ սնունդը, թե՛ ջեռուցումը, թե՛ խմբասենյակների կահավորումը: Մնացած հրատապ խնդիրները՝ բնակելի շենքերի տանիքների, վերելակների, համայնքային ճանապարհների հարցերն, աստիճանաբար լուծումներ են ստանում, իսկ այդ խնդիրները բավական ծանր էին տարիներ առաջ: 2012թ. քաղաքապետարանի բյուջեն ավելացրել եմ մոտ 380մլն դրամով, ինչը նաև մեր աշխատանքի արդյունքն է: Աշխատել եմ առավոտից երեկո՝ ամեն հնարավոր բան անելով մեր քաղաքի համար: Կառուցել եմ 20-ից ավելի խաղահրապարակներ: Այսօր պատրաստվում ենք կառուցել ևս երեք մանկապարտեզ, քանի որ քաղաքի մանկապարտեզները ծանրաբեռնված են: Իմ ընտրվելուց մեկ տարի անց խնդիր էր առաջացել՝ փակել Կապանում գործող երեք երաժշտական դպրոցներից մեկը, քանի որ երեխաների քանակը չէր ապահովվում, այնինչ այսօր արդեն երաժշտական դպրոցներում տեղ չկա: Քաղաքում առաջընթաց կա բոլոր առումներով, բայց ունենք նաև թերություններ և կիսատ գործեր:

– Օրինակ, որո՞նք են այդ կիսատ գործերը:

– Ամենակարևոր գործերից մեկը, որ ամբողջությամբ չենք արել, թաղամասային ճանապարհների ասֆալտապատման խնդիրն է: Չորս տարի առաջվա համեմատ՝ փոփոխություններ կան, բայց այդ փոփոխությունները դեռ բավարար չեն, և դրանք ինձ ևս չեն գոհացնում: Մինչ օրս դեռ առկա է շենքերի տանիքների վերանորոգման հարցը: Քաղաքի 300 շենքերի մեծ մասից ավելին ունի  տանիքը վերանորոգելու խնդիր: Մենք հասցրել ենք վերանորոգել դրանցից 50-ը: Այդ ամենը պայմանավորված է ֆինանսական միջոցների սղությամբ: Քաղաքում շատ գործեր կատարել ենք անհատ-ձեռներեցների միջոցներով, քանի որ քաղաքապետարանի բյուջեով անհնարին է լուծում տալ այդ խնդիրներին: Բյուջեի մոտ 90%-ը հատկացնում են քաղաքապետարանի համակարգի աշխատակիցների աշխատավարձերին: Կարծում եմ՝ այն ծրագրերը, որոնք դրել ենք մեր առջև, կարողացել են իրականացնել: Այն մարդը, որ ինձ ընտրել էր, ամաչելու առիթ չունի:

Քաղաքում առաջնային հարցերից մեկը Կապանի հիվանդանոցի պայմանների բարելավումն է: Կապանցին ցանկացած առողջական խնդրի դեպքում գնում է Երևան՝ չվստահելով տեղի բուժական ծառայությանը: Ավելին՝ արդեն ամիսներ շարունակ խոսվում է Կապանի ծննդատան շենքի վաճառքի մասին: Ինչքանո՞վ եք մասնակից այս խնդիրների լուծմանը:

– Որպես քաղաքապետ՝ պարտավոր եմ մասնակցել այդ խնդիրների լուծմանը: Թույլ տվեք չծավալվել հիվանդանոցին ցուցաբերած իմ անձնական օգնությունների մասին, որոնց մասին տեղյակ են նաև կապանցիները: Շատ կապանցիների կողմից գումարներ ներդրվեցին հիվանդասենյակների վերանորոգման համար, ԶՊՄԿ-ն 40 մլն դրամ էր հատկացրել վիրահատարանի վերանորոգման համար, «Դինո գոլդ մայնինգ քամփնին»՝ 20 մլն դրամ՝ երկրորդ վիրահատարանի վերանորոգման համար: Իսկ հիվանդանոցի սանհանգույցների և մերսման սենյակների վերանորոգման աշխատանքներն արվեցին իմ անձնական միջոցներով: Սակայն այսօր Կապանի հիվանդանոցում չկա համապատասխան տեխնիկա և մասնագետներ: Այդ հարցը քննարկել եմ նաև մարզպետի հետ: Իսկ այդ խնդրին պետք է պետական մոտեցում դրսևորվի: Ինչ վերաբերում է ծննդատան շենքին, ապա նշեմ, որ բազմիցս բարձրացրել եմ այդ հարցը, որպեսզի շենքը դառնա համայնքային սեփականություն: Այսօր շենքը գտնվում է Գույքի կառավարման նախարարության բալանսում, և դրա ճակատագիրն անորոշ է: Այս պահին չեմ կարող որևէ բան ասել այդ մասին: Այն պատկանում է ո՛չ մարզին, ո՛չ համայնքին:

– Այնուամենայնիվ, ի՞նչ մրցապայքար եք ակնկալում:

– Իմ կողմից տարվելու է քաղաքակիրթ ընտրարշավ: Խոսելու եմ իմ արածների, և նաև՝ չարածների մասին: Այսօր որևէ մեկն ինձնից լավ չի կարող պատկերացնել քաղաքի խնդիրների առաջնահերթությունը: Չեմ կարծում, թե թեժ պայքար կլինի:

– Իսկ ինչո՞ւ Ձեզ հեռացրեցին ՀՅԴ կուսակցության շարքերից: Խոսակցություններ կան, որ դրա պատճառն այն էր, որ Աժ ընտրություններում Դուք աշխատում էիք ՀՀԿ-ի օգտին:

– Այսօր մեր քաղաքում ես ՀՅԴ-ի ամենահին անդամն եմ և հպարտանում եմ դրանով: Իսկ ԱԺ ընտրություններին ես հայտարարել եմ, որ պաշտպանելու եմ Դաշնակցությանը: Իմ վիրահատությունից հետո (ամիսներ առաջ Ա. Աթայանի սիրտը վիրահատել էին.- Մ.Մ.) նույնիսկ խոսակցություններ եղան, թե ես հրաժարական կտամ: Դրանք ընդամենը թույլ սև PR-ներ էին: Եվ այս ընտրություններին կուսակցությունը ևս կպաշտպանի ինձ: Այսօր առողջական վիճակս նորմալ է, և պատրաստ եմ շարունակել պայքարը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս