«Դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ»

168.am-ին տված հարցազրույցում ասում է օլիմպիական չեմպիոն և ռեկորդակիր Յուրի Վարդանյանը

 –  Պարոն Վարդանյան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով Ձեր գնահատականը հայ ծանրորդների ձախողման և  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի բնութագրումը որպես ոչ պրոֆեսիոնալ, ասաց, թե ինքը կառաջարկեր Յուրի Վարդանյանի ԱՄՆ-ում ապրելու տարիներին մտածել հայ մարզիկների պրոֆեսիոնալիզմի մասին:

– Իսկ Դուք գիտե՞ք, թե ի՞նչ համատեքստում եմ ես այդ գնահատականը տվել և ի՞նչ հարցադրում է եղել: Ծառուկյանին մարզիչները խնդրել են թույլատրել` Առաքել Միրզոյանին առանձին մարզելու: Այդ թույլատրումը պրոֆեսիոնալ մոտեցում չէ: Իմ ասածը դա է եղել:  Ինձ գործն է հետաքրքրում: Ձախողվել է նրա համար, որ Առաքել Միրզոյանը պետք է մարզվեր թիմի հետ, ոչ թե առանձին: Ինչո՞ւ ես իմ որդուն թույլ չտվեցի, որ նա առանձին պարապի, ինչո՞ւ են բոլորը միասին պարապում, ինչո՞ւ է ընդհանրապես թիմ ձևավորվում, ինչի՞ համար կա ընդհանուր գլխավոր մարզիչ, ինչի՞ համար են մարզիչները, խորհրդատու մարզիչները, ինչի՞ համար կա ֆեդերացիա: Ես հարց եմ տալիս ֆեդերացիայի նախագահին, ասում եմ՝ ինչի՞ համար է Օգսենի տղան`Առաքել Միրզոյանը, առանձին մարզվում: Ասում է` ես ի՞նչ անեմ, գնացել էր Ծառուկյանի մոտ, Ծառուկյանն էլ համաձայնվել էր: Ես ասում եմ` դա ճիշտ չէ, դա գործնական մոտեցում չէ:

– Ծանրամարտիկների` Առաքել Միրզոյանի և Մելինե Դալուզյանի անհաջող ելույթների պատճառն, ըստ Ձեզ, ո՞րն էր:

Կարդացեք նաև

– Ինչպես արդեն ասացի, Ա.Միրզոյանն առանձին մարզվեց, որը չպետք է աներ: Բացի այդ, նրա 10 կգ-ից ավել քաշ գցելը լրիվ սխալ որոշում էր: Եթե դա պետք է վերագրենք մարզիչներից մեկին, կամ ֆեդերացիայի նախագահին, դա էլ ճիշտ չէ, քանի որ նրանք համաձայնեցված են աշխատել: Եթե ես այդ վերջին կետը բարդեմ մի հոգու վրա, սխալ կլինի: Նա պարզապես այս նրբությունները չի ընկալել: Պարզապես անհասկանալի էր, պայքար չկար: Դա այն բանի հետևանքն է, որ նա չի զգացել պայքարը: Չնայած որ Առաքելը պայքարող տղա է, պայքարող մարզիկ է, ես միշտ գովեստի խոսքեր եմ ասել նրա հասցեին, և նա արժանի է դրան, ինչքան էլ նա հիմարություն է անում և ավել-պակաս բաներ է խոսում: Իսկ ինչ վերաբերում է Մելինե Դալուզյանին, նա իմ աչքի առջև է միշտ եղել, ես իմ ժամանակը տրամադրել եմ նրան, մասնակցել եմ նրա մարզումներին, օգնել եմ նրան խորհուրդներով` շտկելու թերությունները: Մելինեն բարձրացրել է այն ծանրությունները, որոնք նա չբարձրացրեց, բայց թե այնտեղ ի՞նչ կատարվեց, միայն ինքը գիտի և Աստված: Ի դեպ, նա էլ էր բավականին քաշ պակասեցրել:

– Իսկ ընհանրապես օլիմպիական խաղերում մեր մարզիկներից, այդ թվում նաև ծանրամարտիկներից, մենք լուրջ սպասելիքներ կարո՞ղ ենք ունենալ:

– Ես ամենասկզբից բոլորին ասել եմ` մենք ընդհանրապես ոչ միայն ծանրամարտիկներից, այլև բոլոր մարզիկներից, ովքեր գնացել են, սպասելիքներ ունենք: Օրինակ` թեթև ատլետիկայում մեդալի ակնկալիք չունենք, բայց անհատական սպորտաձևերում`ազատ ոճի ըմբշամարտ, ծանրամարտ և այլն, մենք սպասելիքներ ունենք: Սակայն առայժմ, ցավոք սրտի, արդյունքներ չենք տեսնում: Այժմ ովքեր մնացել են պայքարի մեջ, բոլորից էլ սպասելիքներ ունենք: Պարզապես այնտեղ այնքան սուր և խիտ պայքար է ընթանում, որ որևիցե մեկը չի կարող կանխատեսումներ անել: Օրինակ` իմ որդու` Նորայր Վարդանյանի քաշային կարգում կան 5 հոգի, ովքեր նույն քաշերն են բարձրացնում` – +3 կգ: Եթե նա այնտեղ բարձրացնի այն քաշերը, որոնք բարձրացրել է մարզումների ժամանակ, նա մեդալ կշահի, սակայն եթե չկարողանա, կարող է 5-ը կամ 6-ը լինել: Այսօր մրցակիցներն իրար այնքան մոտ քաշեր են բարձրացնում, որ այդ 3 կգ-ն ոչինչ է, հասկացե՛ք: 220 կգ բարձրացնողի համար այդ մի քանի կիլոգրամներն ընդանրապես էական չեն: Լավ տրամադրվելու, հոգեբանական լավ վիճակ ունենալու դեպքում հենց այդ 2-3 կիլոգրամներն են արդյունքում որոշիչ դառնում: Մեկը մի փոքր ավելի լավ զգաց հարթակի վրա, նա էլ կհաղթի: Ընդանրապես, եթե լինեմ ավելի անկեղծ, պետք է ասեմ, որ եթե ինձ մնար, ես իմ որդուն կուղարկեի մրցումների միայն այն ժամանակ, երբ ինքը 100 տոկոսով լիներ հաղթողի գլխավոր հավակնորդը, բայց այսօր նա թիմին պետք է: Այդ պատճառով ես ո՛չ տղայիս նեղացրեցի, ո՛չ էլ մարզիչներին և ո՛չ էլ ֆեդերացիային: Երբ ես 1980թ. օլիմպիական չեմպիոն դարձա, եթե անգամ մի ակնթարթ կասկածեի, որ չեմպիոն չեմ դառնալու, ես եբեք դուրս չէի գա բեմահարթակ:

Այստեղ ամենակարևոր գործոնը հոգեբանական վիճակն է դառնում: Մանավանդ այս ձախողումներից հետո ես ի՞նչ իմանամ` ինչպիսի՞ն կլինի մեր մարզիկների հոգեբանական վիճակը: Միգուցե կլինի մի մարզիկ, ով՝ այս ձախողումից ելնելով, ավելի ոգևորված հանդես կգա, իսկ մյուսը կարող է ընդհանրապես ընկճվել: Մենք նրանց Լոնդոն ուղարկել ենք շատ լավ վիճակում, մնում է, որ նրանք այնտեղ կարողանան այդ ահավոր լարվածությանը դիմանալ և դուրս գալով բեմահարթակ` իրենց` մարզումների ժամանակ ցույց տված արդյունքները կրկնեն:

 

Տեսանյութեր

Լրահոս