«Ժողովուրդը գիտի, թե ես ինչու չընտրվեցի քաղաքապետի պաշտոնում»

Կապանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Աթաջանյանն իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 9-ին Կապանի քաղաքապետի ընտրություններում: Ստորև ներկայացնում են 168.am-ի հարցազրույցը Գագիկ Աթաջանյանի հետ

 – Դուք 1996-2002թթ. եղել եք Կապանի քաղաքապետ, որից հետո քաղաքականությունից դուրս եկաք: Ինչո՞վ է պայմանավորված քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու հանգամանքը կամ, այսպես ասած՝ վերադարձը դեպի քաղաքականություն:

– Նախ՝ ասեմ, որ ամենաշատը ժողովուրդն է ցանկանում, որպեսզի ես վերադառնամ քաղաքականություն: Այդ մասին կարող եք հարցնել հենց ժողովրդին: Ես աշխատել եմ ամենածանր տարիներին, և ժողովուրդը գոհ էր իմ աշխատանքից: Ճիշտն ասած, չէի ցանկանում իմ թեկնածությունը դնել, սակայն ժողովրդի ցանկությունը հաշվի առա: Ես հիվանդացել էի, և առողջական խնդիրների պատճառով ինձ հեռու էի պահում քաղաքականությունից: Ես ապրել և ապրում եմ ժողովրդի հետ, և չեմ պատրաստվում հեռանալ իմ քաղաքից: Ես հենց այնպես բառեր չեմ ասում: Եթե բախտ վիճակվի, ես կաշխատեմ քաղաքապետի պաշտոնում ավելի լավ, որովհետև հիմա բյուջե կա, և հնարավոր է ավելի շատ բան անել քաղաքի համար:

– Ինչո՞ւ, Ձեր ղեկավարման տարիներին չկա՞ր բյուջե:

– Բյուջե կար, բայց այն շատ քիչ էր: 50.000 բնակչությամբ քաղաքի բյուջեն 120 մլն դրամ էր, որից 40-50% էինք կարողանում բերել:

– Նկատի ունեք Կառավարությունից այդ գումարը ստանա՞լը:

– Այո՛: Հիմա բյուջեն հասնում է համարյա միլիարդի: Չեմ ասում, թե դա շատ է այս քաղաքի համար, բայց 1996թ. համեմատ տարբերությունը մեծ է: Այդ տարիներին չէի թողնում, որ ժողովուրդը նեղանար կամ վատ զգար ինձնից: Ժողովուրդը հպարտ էր քայլում քաղաքում, իսկ եթե ես ընտրվեմ և իմանամ, որ ժողովրդի սրտով չեմ, կհրաժարվեմ իմ պաշտոնից:

– Պարոն Աթաջանյան, քաղաքապետի պաշտոնում առաջադրվող թեկնածուներից մեկը, ով ՀՀԿ կուսակցության անդամ է, անմիջական հովանավորչություն ունի Սյունիքի մարզպետից և ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից: Իսկ մյուս թեկնածուն գործող քաղաքապետն է: Լինելով անկուսակցական թեկնածու՝ ինչպե՞ս եք գնահատում մրցապայքարը:

– Ինձ պաշտպանում է ժողովուրդը: Ես միշտ ասել եմ, որ իմ ուժը ժողովուրդն է: Ես չորս անգամ մասնակցել եմ ընտրություններին, որից երկու անգամ ընտրվել եմ քաղաքապետի պաշտոնում, և կարծում եմ, որ արդարություն կլինի:

– Եթե թեկնածուներից մեկին պաշտպանում է մարզի ղեկավարը, ապա ինչպե՞ս հասկանալ Ձեր նշած արդարությունը:

– Այսօր ընտրություններում կեղծիքներ չեն լինի, որովհետև երկրի նախագահն էլ ուզում է, որ նորմալ ընտրություններ անցկացվեն: Դա է պատճառը, որ համոզված եմ խոսում ընտրությունների արդարության մասին:

– Որևէ կուսակցությանն անդամագրվելու հրավեր ստացե՞լ եք:

– Ո՛չ, հրավեր չեմ ստացել, բայց ժամանակին 1997-98թթ. ՝ իմ պաշտոնավարման տարիներին, ՀՀԿ կուսակցության քաղաքային խորհուրդը ես ստեղծեցի: Այդ ժամանակ ինձ առաջարկեցին դառնալ այդ խորհրդի նախագահը, սակայն ես հրաժարվեցի՝ փոխարենն առաջարկելով իմ տեղակալի թեկնածությունն այդ պաշտոնում: Ես մտածում եմ, որ քաղաքապետը պետք է ոչ մի կուսակցության անդամ չլինի, թեև և՛ պատգամավորական, և՛ նախագահական ընտրություններին աշխատում էի այդ կուսակցության համար: Բայց միշտ էլ մտածել եմ, որ քաղաքապետը պետք է անկուսակցական լինի, որովհետև ցանկացած կուսակցական քաղաքապետ միայն իր կուսակցությունն է տեսնում: Իսկ ընդունելի՞ է, որ մի ամբողջ քաղաք մի կուսակցություն լինի:

– Բայց Դուք ինքներդ նշեցիք, որ աշխատում էիք ՀՀԿ-ի համար, թեև պաշտոնապես չէիք անդամագրվել կուսակցությանը: Այսինքն՝ տեղական իշխանությունները պարտադրվա՞ծ են հետևել իշխող կուսակցությանը:

– Եթե այսօր դու տեղական իշխանությունների մաս ես, իհարկե, պետք է օգնես իշխանություններին: Դա սխալ է, որ չեն օգնում իշխանություններին: Իսկ իշխանությունները պետք է լավը լինեն, որպեսզի ժողովուրդն իրեն լավ զգա, այլ ոչ թե հեռանա երկրից:

– Այնուամենայնիվ, Ձեր վերադարձով ի՞նչ եք ուզում փոխել քաղաքում: Կիսատ գործե՞ր եք թողել:

– Կիսատ աշխատանքը հենց այն է, որ պետք է վերաբերմունք ցույց տալ ժողովրդին: Իհարկե, եթե այն տարիների բյուջեով կարողացել ենք լավ աշխատել, ապա այսօրվա բյուջեով շատ ավելի լավ կաշխատենք: Այն ժամանակ հանրապետությունում փակում էին մանկապարտեզները, իսկ ես երկու մանկապարտեզ ավելացրեցի քաղաքում: Չեմ ուզում ճոռոմ-ճոռոմ խոսել կամ ծրագրեր ներկայացնել: Այսօր բոլորն էլ կարող են գնալ ծրագրեր գրել ու ներկայացնել, բայց նախևառաջ՝ դրանք պետք է իրականացնել: Իմ ասածը դա է: Ես կանեմ հնարավոր և անհնարին ամեն բան ժողովրդի համար:

– Վերջին 10 տարիներին ի՞նչ փոփոխություններ եք նկատում քաղաքում: Եվ ինչպե՞ս եք գնահատում գործող քաղաքապետի աշխատանքը:

– Քաղաքապետի աշխատանքի գնահատականը՝ թե՛ իմ, թե՛ նոր, թե՛ հին, պետք է տա ժողովուրդը: Ես որևէ բան չեմ ուզում ասել: Միայն կասեմ այն, որ քաղաքապետը պետք է ընդունվի ժողովրդի կողմից: Առաջին հերթին պետք է լսել ժողովրդին: Այսօր ժողովրդին լսում են միայն ընտրությունների ժամանակ, իսկ իմ աշխատելու տարիներին միշտ լսել եմ ժողովրդին: Անկախ իմ ընտրվելուց կամ չընտրվելուց, ես միշտ լսելու եմ ժողովրդին, և ամեն մի անհատ պետք է ծառայի նրան:

– Պարոն Աթաջանյան, հաշվի առելով, որ իշխանությունն ունենում է նաև ընդդիմություն, պետք է նկատել, որ Ձեր կառավարման տարիներին նույնպես դժգոհություններ կային:

– Գիտեք, իմ պաշտոնավարման տարիները շատ ծանր էին: Իմ հասցեին դժգոհություն չեմ լսել: Եթե անգամ եղել է դժգոհություն, ապա իմ աշխատելուց հետո հասկացել են, թե ինչ է կատարվում:

– Լավ, իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք ընտրություններից:

– Ուզում եմ, որ բոլորը մասնակցեն ընտրություններին: Ընտրություններին միշտ գնացել եմ մաքուր՝ առանց ընտրակաշառքներ բաժանելու, արդար ձևով: Ով ինչ կանի, դա արդեն իրենց գործն է: Թող ամեն մեկն անի իր սրտի ուզածը:

– Ձեր ընտրվելու շանսերը բա՞րձր եք գնահատում:

– Ես չեմ կարող ինձ գովել: Ժողովրդի նկատմամբ միշտ եղել եմ պարզ և պարզ էլ կմնամ: Դրա համար էլ դրել եմ իմ թեկնածությունը: Ես նորից եմ կրկնում՝ եթե քաղաքապետ դառնալուց հետո չկարողանամ իրականացնել այն ծրագրերը, որոնք դրել եմ իմ առջև, ես անպայման կհրաժարվեմ այդ գործից:

– Ամեն դեպքում՝ Դուք երրորդ անգամ առաջադրելով Ձեր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում, չհաղթեցիք: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չհաղթեցիք, թեև նշում եք, որ ժողովուրդը սիրում է Ձեզ:

– Ժողովուրդն ինձ ընտրել էր, և մինչ օրս գոհ եմ ժողովրդից, իսկ մնացածն իրենք գիտեն, թե ես ինչու չընտրվեցի քաղաքապետի պաշտոնում:

– «Իրենք» ասելով՝ նկատի ունեք մարզային իշխանությունների՞ն:

– Այո՛, կեղծիքներ են արել:

– Մարզային իշխանություններին ձեռնտու պաշտոնյա՞ չէիք:

– Ես գտնում եմ, որ ժողովուրդն ում շատ հարգում-սիրում է, իրենց ձեռնտու չէ:

– Մարզպետի հետ որևէ խնդիր ունեցե՞լ եք:

– Ոչ, ոչ մի խնդիր չեմ ունեցել: Մեր հարաբերությունները եղել են նորմալ:

– Ամեն դեպքում ինչո՞վ ձեռնտու չէր Ձեր պաշտոնավարումը մարզային իշխանություններին: Խուսափո՞ւմ եք պատասխանել:

– Ո՛չ, չեմ խուսափում, մի ամբողջ քաղաք տեղյակ էր այդ մասին: Ժողովուրդը գիտի իմ ամբողջ գործունեությունը: Ում որտեղ նշանակում են, սեփականաշնորհում է ինչ-որ բան: Իսկ ես նման բան արե՞լ եմ, որևէ բան թալանե՞լ եմ… Իմ ամբողջ գործունեությունը գիտի ժողովուրդը: Ես միշտ ասել եմ՝ ինչ կա՝ պատկանում է ժողովրդին: Ընտրություններին ընդառաջ չեմ ուզում խոսել շատ հարցերի մասին, որովհետև, եթե խոսեմ, ապա շատ բաներ պետք է ասեմ…

 

Տեսանյութեր

Լրահոս